Ծառուկյանը կբացահայտի՞ Մարտի 1-ը
Ազատության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքի հիմնական ինտրիգը, որքան էլ տարօրինակ ու աբսուրդային հնչի, կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ: Հենց դրա հետ է կապված նաև հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու հարցը, որ հնչում է ինչպես՝ շատ քաղաքացիների, այնպես էլ՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ: Այդ հարցը, մեղմ ասած, արդարացի է և, իր հերթին, կապված է ոչ միայն ու ոչ այնքան 2008 թվականին մարտի 1-ին ԲՀԿ-ի տեղի ու դերի, այլ ԲՀԿ-ի վերաբերյալ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության այն ժամանակվա և ներկայիս գնահատականների տարբերության հետ: Այդ մասին անցած տարիներին գրվել ու խոսվել է հարյուրավոր անգամներ, սակայն, որքան ավելի շատ է խոսվել այդ մասին, այնքան ՀԱԿ-ն ավելի հետևողականորեն է շրջանցել ու խուսափել այդ հարցից, ընդ որում՝ այդպիսով ավելի վատ վիճակի մեջ դնելով իր ներկայիս քաղաքական-ֆինանսական գործընկեր ԲՀԿ-ին:
Այսպիսով, ակամայից ՀԱԿ-ը Մարտի 1-ի «իրավահաջորդից» դառնում է նաև Մարտի մեկի մեղսակից: Համենայնդես, այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱԿ-ը պաշտոնապես չի հրաժարվել Մարտի 1-ի վերաբերյալ իր փաստացի՝ փաստաթղթավորված գնահատականից: Այդպիսի միակ գնահատականը պետք է համարել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի զեկույցը՝ կազմված ՀԱԿ-ի կողմից: Այդ զեկույցում բառացի նշված է հետևյալը. «… մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման և դրանք հանրության դեմ օգտագործելու համար ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից ապօրինաբար դուրս է բերվել զինվորական համազգեստ:
Այդ նպատակով դուրս է գրվել համապատասխանաբար 950 հատ զինվորական կոստյում և 140 հատ գլախարկ: Բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ, դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ»: Նույն փաստաթղթում ուղղակիորեն մատնանշված են բարձրաստիճան հինգ պաշտոնյայի և չորս պատգամավորի անուն, որոնց թիկնազորին մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ: Եվ ահա այդ ցանկում նշված է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը:
Այսպիսով, ՀԱԿ-ն այսօր էլ շարունակում է պայքարել Մարտի 1-ի բացահայտման համար, սակայն այդ պայքարն արդեն իրականացնում է այն քաղաքական ուժի հետ ու աջակցությամբ, որի ղեկավարի անունը «պատվավոր» հորիզոնական է զբաղեցնում մարտի 1-ին մարդկանց սպանելու համար զենք ստացածների ցանկում: Բարոյակա՞ն է դա արդյոք: Այս հարցին պատասխանելու համար ՀԱԿ-ը պետք է պաշտոնապես հայտարարի, որ սխալվել է Փաստահավաք խմբի զեկույցում հրապարակած գնահատականներում ու մեղադրանքներում:
Սակայն դա կնշանակի՝ ընդհանրապես հրաժարվել Մարտի 1-ի կազմակերպման և իրականացման համար իշխանություններին մեղադրելու ռազմավարությունից, քանի որ ՀԱԿ-ը չի կարող հայտարարել, թե սխալվել է միայն Գագիկ Ծառուկյանի մասով. Դա կլինի, մեղմ ասած, ծիծաղելի: Այսինքն՝ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու և առնվազն բարոյականության վերաբերյալ հարցադրումներից խուսափելու համար ՀԱԿ-ը պետք է հրաժարվի Մարտի 1-ի բացահայտման պահանջից, որը 2008 թվականից ի վեր այդ ուժի գործունեության առանցքային կետերից մեկն է, եթե ոչ՝ ամենաառանցքայինը:
Արժե՞ արդյոք հանուն Գագիկ Ծառուկյանի՝ գնալ այդ քայլին, երևի ավելի լավ կպատասխանեն ՀԱԿ ներկայացուցիչները, ովքեր հայտարարում են, թե իրենց միակ նպատակն իշխանությունից «կտորներ պոկելն է»: Եթե անգամ այդ «կտորներին» նախկինում մեղսագրվում էր մասնակցությունը Մարտի 1-ի սպանություններին:
ԲՀԿ ղեկավարի մասնակցությունը Մարտի 1-ի բացահայտման համար մղվող պայքարում բարոյական և «լեգիտիմ» դարձնելու ևս մեկ տարբերակ կա: Այդ տարբերակը կարող է իրականացնել մեկ մարդ, և այդ մեկ մարդը հենց Գագիկ Ծառուկյանն է: Եթե Փաստահավաք խմբի զեկույցում զետեղված ՀԱԿ-ի գնահատականները համապատասխանում են իրականությանը, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը եղել է զենք ստացած օլիգարխների թվում, ապա նա կարող է ուղղակի խոստովանել այդ մասին՝ հայցելով Մարտի 1-ի զոհերի հարազատների ներողամտությունը և պատրաստակամություն հայտնելով դրա համար պատասխան տալ օրենքի առաջ: Ընդ որում, դա կարող է դառնալ Մարտի 1-ի սպանությունների իրական բացահայտման գործի ամենամեծ սկիզբը, քանի որ, եթե Ծառուկյանը խոսի այդ մասին, «իր հետևից կարող է տանել» նաև Փաստահավաք խմբի ցուցակի մյուս անդամներին:
Պատրա՞ստ է արդյոք Գագիկ Ծառուկյանը նման զոհողության՝ հանուն ՀԱԿ-ի հետ համագործակցության և ճշմարտության բացահայտման: Միանգամից չասենք՝ ոչ, քանի որ ԲՀԿ վերջին համագումարում Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ «պատրաստ է ցանկացած» սցենարի: