Բաժիններ՝

ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվն աճել է 17 հազարով

2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 407,444։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատ այս ցուցանիշն աճել է 17,178-ով, իսկ 2011-ի համեմատ՝ 14,722-ով։ Ավտոապահովագրողների բյուրոյի համաձայն՝ այս աճը կարող է պայմանավորված լինել ինչպես ՀՀ-ում տրանսպորտային միջոցների քանակի ավելացմամբ, այնպես էլ` հասարակության իրազեկության բարձրացման հետ։

Կարգավորված դիմումների գծով վճարված/վճարվելիք հատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 10.6 մլրդ։ 2013 թ-ի ընթացքում ԱՊՊԱ համակարգը ընդհանուր առմամբ հատուցել է մոտ 10.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների համեմատ ավելին է. 2011թ-ին հատուցման գումարը եղել է 5.7 մլրդ դրամ, 2012-ին՝ 9.5 մլրդ դրամ:

Ըստ բյուրոյի՝ ՀՀ ԱՊՊԱ համակարգում սակագնի հաշվարկման հիմքում դրված է բեռնվածության 22-25% մակարդակը (կախված հիմնական ապահովագրավճարի նվազագույն կամ առավելագույն չափերից)։ Բեռնվածության տվյալ մակարդակի պայմաններում համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է ընդունելի, եթե այն գտնվում է 75-78% միջակայքում։ 2013 թ-ին ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 77% (76.6%), ինչը վնասաբերության ցուցանիշի թույլատրելի միջակայքում է։

«Ամփոփելով 2013 թ-ը՝ կարելի է ասել, որ համակարգն իր հունով առաջ է գնում, և այս ճանապարհի ընթացքում նոր գործիքներ են ավելանում, որոնք ոչ միայն օգնում են համակարգի զարգացմանը, այլ նաև թույլ են տալիս առավել արդարացի և արդյունավետ ԱՊՊԱ համակարգ ունենալ։ Դրա մասին են վկայում ինչպես ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշի թույլատրելի սահմանում գտնվելը, այնպես էլ ներգրավվածության ցուցանիշի բարձրացումը»,- նշված է բյուրոյի զեկույցում։

Ըստ դրա՝ 2013 թ-ը նշանավոր էր նաև նոր համակարգի՝ Բոնուս-Մալուսի ներդրմամբ ՀՀ ԱՊՊԱ համակարգում, որը բացի նրանից, որ հետագայում կապահովի ավելի արդարացի ապահովագրավճարների բաշխում ապահովադիրների միջև, նաև կխթանի վարորդներին ավելի զգոն և ուշադիր լինել ղեկի առջև և զերծ մնալ տարատեսակ խարդախություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս