Տիգրան Սարգսյան. Մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի, իմ եղբայրների հետ` շինծու են և սուտ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ-ում «Նաիրիտի» գործն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ խմբակցության նախաձեռնությանը, որը, ինչպես հայտնի է՝ մերժվեց ԱԺ մեծամասնության կողմից: Նա անդրադարձավ նաև խորհրդարանական ամբիոնից հնչած մեղադրանքներին, թե Կառավարությունը «Նաիրիտը» տարել է սնանկացման, և որ իր երկու եղբայները անմիջական առնչություն ունեն «Նաիրիտի» այս իրավիճակի հետ, և որ իր եղբայրներից մեկը գործարանի գույքը արտահանել է Չինաստան և որպես «ջարդոն» պիտի վաճառի:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ խորհրդարանում այս հարցը բարձրացնողներն իրականում շահագրգռված չէին խնդրի մասնագիտական քննարկման մեջ, այն միտված էր քաղաքական շահարկումներով, ուստի բացարձակապես կապ չունեն իրականության հետ: «Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ պատգամավորների ելույթներում և որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Առաջինը՝ Չինաստանի հետ կապված պայմանագրի մասով. Չինաստանի պայմանագրին Կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականին, բանակցությունները սկսել են 1999 թվականին, պայմանագիրը ստորագրվել է 2002 թվականին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005 թվականին: Եվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն են, շինծու են և սուտ»,- ասաց նա՝ հավելելով, թե դա արվում է իրեն վարկաբեկելու համար:

Նա նշեց, թե այս փաստերը պարզելու համար հանձնաժողով ստեղծել պետք չէ, որովհետև Կառավարության բոլոր որոշումները տեղադրված են կայքում, և ցանկության դեպքում  պատգամավորները կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ:

Վարչապետը նաև հայտարարեց, թե այն մարդիկ, ովքեր ընդունել են այդ որոշումները, այսօր նստած են ԱԺ դահլիճում և նրանք քաջատեղյակ են, թե ինչո՞ւ է Կառավարությունը 2000 թվականին որոշում կայացրել պայմանագիր ստորագրել չինացիների հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար, ինչո՞ւ է Կառավարությունը 2002 թվականին հավանության արժանացրել այդ պայմանագրին և, ի վերջո, ինչո՞ւ են այդ համատեղ ձեռնարկությունը ստեղծել:

Կարդացեք նաև

«Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը, ով այսօր մեր դեսպանն է Չինաստանում, ով պրոֆեսիոնալ դիվանագետ է, իր աշխատանքային գործունեությունն իրականացնում էր Միացյալ նահանգներում՝ որպես ռազմական կցորդ և Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին:

Սա փաստում է, որ չինական պայմանագիրը, հոսքագծերի արտահանումը որևէ առնչություն չէր կարող ունենալ ոչ Տիգրան Սարգսյանի հետ, ոչ էլ նրա եղբայրների հետ»,- նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հղում կատարեց ՀՀ նախագահի կողմից վավերացված 2006 թվականի կառավարության որոշմանը, որով Կառավարությունը նպատակահարմար գտավ «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնել «Ռայնովիլ» ընկերությանը:

«Եվ պարզ է, որ 2006 թվականին ես չէի կարող այդ որոշումը կայացնել, և բերել կապել իմ անվան հետ՝ հասկանալի է, որ քաղաքական շահարկման նպատակով է արվում, վարկաբեկելու: Փաստը մնում է  փաստ, որ այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց, թե իր կարծիքով «Նաիրիտի» հարցով հանձնաժողով պետք է ստեղծել, նա նշեց, թե ինքը շահարգռված է և կարծում է, որ հանձնաժողով կարելի է ստեղծել այն ժամանակ, երբ կավարտվեն բանակցությունները «Ռոսնեֆտի» հետ և արդեն հստակ պատկերացում կլինի, թե այդ ներդրումներն ի՞նչ հետևանքներ են ունենալու «Նաիրիտի» և  աշխատողների վրա:

«Որպեսզի այս պահին մենք լրացուցիչ խոչընդոտներ չստեղծենք այդ բանակցային գործընթացի համար, կարծում եմ՝ պատեհ պահին Ազգային ժողովը կօգտվի իր այդ իրավասությունից, ինչի մասին երեկ ակնարկեց Ազգային ժողովի նախագահը, ՀՀԿ պատգամավորները, որ հանձնաժողովը ստեղծվելու է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ երբ հանձնաժողովը ստեղծվի, բովանդակային առումով իր հասցեին հնչեցրած այդ բոլոր մեղադրանքները կհերքվեն:

Անդրադառնալով խորհրդարանում հնչած մեղադրանքներին, թե Տիգրան Սարգսյանի եղբայրը 42 մլն դրամի վերջնահաշիվ է ստացել գործարանից, Տիգրան Սարգսյանն ասաց, թե դրանք բացարձակ սուտ են և իր եղբայրը մեծ գումարներ չի ստացել աշխատանքից ազատվելուց հետո:

Իսկ գործարանի 2500-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերի պարտքի վերաբերյալ գործադիր մարմնի ղեկավարն ասաց, թե պետք է դիմել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ով պատասխանատու է գործարանի գործառույթների վերահսկողության համար. նա կտրամադրի ամբողջական տեղեկատվություն, թե որքան պարտք է կուտակվել և որ մասն է մարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս