Նաիրա Զոհրաբյան. Ինչպե՞ս է լինում, որ վարչապետի եղբայրը գույքը արտահանել է Չինաստան ու հիմա «Նաիրիտը» որպես ջարդոն պիտի վաճառվի
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում «Նաիրիտի» հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քննարկման ժամանակ հայտարարեց. «Այսօր թեթև հաշվեցի, որ առավոտից այս ամբոինում 33 անգամ հնչեց «քաղաքական շահարկում» բառակապակցությունը: Բոլոր այն դեպքերում, երբ խորհրդարանական մեծամասնությունը չի կարողանում քաղաքական հարթակում հստակ մոտիվացիաներով բանավիճել, բերում է նույն ձևակերպումը՝ քաղաքական շահարկում: Ի՞նչն է շահարկում, երբ ասում ենք, որ 2500 աշխատակիցներ իրենց ամեն ամսվա 100-150 հազար աշխատավարձը ստանալու համար ամեն ամիս շքերթ են կազմակերպում նախագահական կամ կառավարության շենքերի մոտ, իսկ վարչապետի փոխտնօրեն եղբայրը պիտի 42 մլն վերջնահաշիվ ստանա, որը չի հերքել «Նաիրիտի» մամուլի ծառայությունը՝ ասելով, այո, ստացել է, բայց 42 մլն չի եղել, մի քիչ պակաս է եղել:
Լավ, թող շատ ավելի պակաս լինի: Դա՞ է քաղաքական շահարկում, որ ասում ենք՝ ինչպե՞ս է լինում, որ վարչապետի մյուս եղբայրը գույքը արտահանել է Չինաստան ու հիմա «Նաիրիտը» որպես ջարդոն պիտի վաճառվի: Դա՞ է քաղաքական շահարկում: Մենք ասում ենք՝ եկեք ստեղծենք ժամանակավոր հանձնաժողով, ստանանք բոլոր հարցերի պատասխանները, ի՞նչն է քաղաքական շահարկում: Եթե հանձնաժողով ստեղծելու ցանկություն չկա ու փորձ է արվում տապալել առաջարկը, սա է իրական քաղաքական շահարկումը»: