Սրբապղծություն Ազգային ժողովում (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում քննարկվում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ խմբակցության՝ արդեն երկրորդ անգամ ներկայացված նախաձեռնությունը:

Հնչում են ելույթներ, փաստարկներ, հակափաստարկներ, մեջբերումներ են արվում տարբեր փաստաթղթերից ու զեկույցներից: Մի խոսքով, ընթանում է ձևի մեջ բավական կառուցողական քննարկում, բանավեճ: Ու ձևի մեջ նորմալ լինելով՝ այդ գործընթացը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն՝ բովանդակության իմաստով: Խոսքը ոչ թե ելույթների, այլ երևույթի բովանդակության մասին է: Իսկ երևույթն ընդհանուր գծերով ներկայանում է հետևյալ կերպ:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանական ամբիոնից ներկայացնում  է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Ներկայացնելիս նա պարբերաբար դիմում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպես կանոն՝ «հարգելի պարոն Աբրահամյան» արտահայտությամբ՝ նրա ուշադրությունը հրավիրելով իր այս կամ այն ասածի վրա:

Խոսքը նույն այն Հովիկ Աբրահամյանի մասին է, ով 2008 թվականին պաշտոնապես եղել է նախագահի թեկնածու, 2008 թվականի մարտի 1-ի արդյունքում նախագահ դարձած Սերժ Սարգսյանի շտաբի պետը՝ միևնույն ժամանակ ներգրավված լինելով Մարտի 1-ի իրադարձությունների, այդ թվում՝ նաև քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը համակարգած ոչ պաշտոնական «շտաբի» կազմում:

Տեսարանն ավելի տհաճ է դառնում, երբ Գագիկ Ջհանգիրյանին աղեկտուր տոնով հարցեր են ուղղում ԲՀԿ-ական զանազան պատգամավորներ՝ Ստեփան Մարգարյան, Վահե Էնֆիաջյան, Տիգրան Ուրիխանյան և այլք: Խոսքն այն նույն ԲՀԿ-ի մասին է, որի նախագահ Գագիկ Ծառուկյանին ՀԱԿ-ը պաշտոնապես մեղադրում էր մարտի 1-ին զինված անձանց հրապարակ ուղարկելու մեջ (Ծառուկյանի անունն ընդգրկված էր ՀԱԿ-ի հրապարակած օլիգարխների ցուցակում, ովքեր զինել են Մարտի 1-ին սպանություններ իրականացրած անձանց):

Ջհանգիրյանը բարեխղճորեն պատասխանում է բոլոր այս, նաև՝ ՀՀԿ-ականների կողմից հնչող հարցերին, խոնարհաբար մեկ րոպե լռությամբ հարգում է Մարտի 1-ի զոհերի հիշատակը, որի առաջարկությամբ հանդես է գալիս 10 զոհերի կյանքի գնով իշխանությունը պահպանած ՀՀԿ-ն:

Սա, կրկնում ենք, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակն անարգելու դրսևորում: Ու դա կրկնակի ավելի կլինի, եթե ձևավորվի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը, որն իր գործունեության ամեն օրը կնվիրի մարտի 1-ին սպանված քաղաքացիների հիշատակն անարգելուն: Այլ կերպ դժվար է գնահատել գործընթացը, երբ Մարտի 1-ի զոհերի մասին միևնույն վայրում, բարեկրթորեն, ցավի կեղծ դրսևորման բարեպաշտությամբ խոսում են այն մարդիկ, որոնց մի մասը ներկայացնում է 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած իշխանությունն ու այն ժամանակ այդ իշխանությունը կիսող այսօրվա այլընտրանքին, մյուսները՝ ժողովրդին կրակի տարած ընդդիմությանը:

Տեսանյութեր

Լրահոս