Ինչո՞ւ են Գագիկ Ծառուկյանին «դարձնում» ընդդիմադիր
Օրերս դադարեցվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ջրամատակարարումը, որը մեկ օր անց վերականգնվել է: Այդ քայլը ԲՀԿ-ականների կողմից արդեն որակվել է՝ որպես Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում, որին իշխանությունը դիմել է՝ ի պատասխան ԲՀԿ համագումարում նրա ունեցած քննադատական ելույթի:
Այն, որ իշխանությունը ոչ միայն ընդունակ է իրականացնել քաղաքական հետապնդում և, որպես կանոն՝ հենց այդ նպատակով էլ օգտագործում է վարչական լծակները, անիմաստ է անգամ քննարկել:
Դա գործող իշխանության գործիքակազմի ամենաունիվերսալ միջոցներից է, որն, ի դեպ, շատ ավելի հաճախ ու կոպտորեն կիրառվում էր նաև այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կոալիցիայում վայելում էր իշխանության դափնիներն ու ընդդիմադիրներին վարչական լծակներով ճնշելու հնարավորությունները: Բայց թողնենք անցյալը, որից ռեաբիլիտացվելու համար ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում:
Առավել հետաքրքիր է, թե ինչո՞ւ է իշխանությունը որոշել «Արարատցեմենտի» ջրամատակարարման դադարեցմամբ պատասխանել Ծառուկյանի ելույթին, և ընդհանրապես, արդյո՞ք դա իսկապես քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ, թե՞ միանգամայն այլ նպատակներով իրականացվող հերթական օպերացիան:
ԲՀԿ հերթապահ համագումարից ու դրանում Ծառուկյանի ունեցած ելույթից հետո նրա նկատմամբ այս ձևով քաղաքական հետապնդումը, անկեղծ ասած, պարզունակ է թվում, եթե ոչ՝ ծիծաղելի:
Այս ձևով նման քայլ իրականացնելը գրեթե նույնն է, որ պետական կառույցներից որևէ մեկը պաշտոնական հաղորդագրություն տարածի այն մասին, որ այսինչ օրը, այսինչ ժամին «սկսվում է քաղաքական հետապնդումը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»:
Այդ իմաստով՝ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում համարելը կարելի է մոտ համարել իրականությանն այնքանով, որքանով մոտ են իրականությանը պաշտոնական հաղորդագրություններն ընդհանրապես:
Տպավորություն է ստեղծվում, որ այս օրերին խնդիր է դրված՝ հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել «Արարատցեմենտի» ջրամատակարարման դադարեցման ու որպես հետևանք՝ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման թեմայի շուրջ: Եթե դրանով զբաղվեին միայն ԲՀԿ-ականները, միանգամայն հասկանալի կլիներ: Սակայն ՀՀԿ-ականները ևս ակտիվորեն ներգրավվել են այդ թեմայով դեբատներում, թեժացնում են այն, հեգնում են ԲՀԿ-ականների հայտարարությունները քաղաքական հետապնդման ենթարկվելու մասին: Այսինքն՝ կարծես իշխանությունն ավելի շահագրգիռ լինի Գագիկ Ծառուկյանին «զոհի» ու քաղհալածյալի կերպարով ներկայացնելու հարցում, քան ԲՀԿ-ականներն՝ իրենք:
Իսկ թե ինչու կարող է իշխանությանն անհրաժեշտ լինել Ծառուկյանի քաղաքական հերոսացումը, դժվար չէ ենթադրել: Չնայած արտաքուստ հանգիստ քաղաքական վիճակին, հիմա խառը ժամանակներ են, և ցանկացած կայծից կարող է դժգոհության ալիք բռնկվել: Իշխանության համար չափազանց կարևոր է, որպեսզի պոտենցիալ հանրային դժգոհությունը լինի առավելագույնս վերահսկելի: Վերահսկելի՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական առումով:
Այսինքն՝ իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ, որպեսզի հանկարծ փողոցը հայտնվի այնպիսի ուժի կամ ուժերի առաջնորդության ներքո, որը ոչ միայն կարող է սպառնալ իշխանության ներքին կայունությանը, այլ նաև արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հարց բարձրացնել՝ կասկածի տակ դնելով Մաքսային միությանն անդամակցությունը:
Համաձայնեք, որ այս տեսանկյունից Գագիկ Ծառուկյանն ուղղակի իդեալական թեկնածու է փողոցային առաջնորդի համար: Իշխանության հանդեպ նրա հավակնությունները սահմանափակվում են կառավարության անհասցե քննադատությամբ, իսկ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի հարցով նրա դեպքում «խոսքերն ավելորդ» են:
Սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունը երազում է Ծառուկյանին տեսնել հանրային դժգոհությունն առաջնորդողի դերում, հատկապես, որ դա կարող է այլ վտանգներ պարունակել՝ Ռոբերտ Քոչարյանի մասով: Ծառուկյանի «ընդդիմադիրացումն» ավելի հավանական է, դիտարկվում է՝ որպես ծայրահեղ, պահեստային տարբերակ՝ հաշվի առնելով Հայաստանում ուկրաինական իրադարձությունների կրկնվելու թեկուզ տեսական հնարավորությունը:
Իսկ եթե իրավացի են ԲՀԿ-ականները, ովքեր պնդում են, թե ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ապա նրանք պետք է պատասխանեն առնվազն այն հարցին, թե «Արարատցեմենտի» ջրամատակարարման դադարեցումից ժամեր անց ինչ էր անում Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողքին՝ Ծաղկաձորում մասնակցելով Համահայկական խաղերի բացման արարողությանը: Սովորաբար հետապնդողն ու հետապնդվողն իրար կողքի կանգնում են միայն ֆիլմերի ավարտին, երբ ցուցադրում են հետապնդման օպերացիայի նկարահանման առավել ուշագրավ կադրերը: