Հայաստանի գերեզմանափորները
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած բավական բուռն քննարկումներում մի քանի անգամ հնչել են «թաղում», «թաղել» արտահայտությունները: Դրանք հնչել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը ներկայացնող խորհրդարանականների շուրթերից:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով «գազային համաձայնագրերի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին՝ հռետորական հարց է ուղղել. «Մենք ստեղծում ենք թաղմա՞ն հանձնաժողով, ճշմարտության թաղմա՞ն հանձնաժողով, թե՞ ստեղծում ենք ճշմարտության բացահայտման հանձնաժողով»:
Նրան քիչ անց արձագանքել է անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով, որ իշխանությունը «թաղելու հետ սեր չունի»: «Ասում եք՝ ուզում ենք թաղել, չգիտեք՝ ո՞ւմ ենք ուզում թաղել: Մենք թաղելու վարպետ չենք, թաքցնելու վարպետ չենք, չունենք այդ փորձը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: Վերջինս թաղման թեման չի շրջանցել նաև մեկ այլ՝ «Նաիրիտի» հարցով խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցի շուրջ քննարկման ժամանակ: «Հիմա ուզում եմ նորից անկեղծ խոսել՝ ես եմ դեմ եղել, որ մտնի քառօրյա («Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը.- Մ.Ս.), պատճառն այն է, որ դուք իշխանությունների պրոբլեմներն եք ուզում թաղել, կոծկել, բայց մենք ոչ մի բան չունենք կոծկելու, թաղելու, մենք ոչ մեկի հետ չունենք պայման, որ որևէ իշխանության ներկայացուցիչ գա պաշտոնի ու սկսի զբաղվել ապօրինություններով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Առաջին հայացքից՝ այս օրինակներն ընդամենը խոսքային արտահայտչամիջոցներ են, որոնք ընդդիմադիր ու իշխանական գործիչները կիրառում են իրենց ելույթներն ավելի համոզիչ, փաստարկված, ճոխ ու հնչեղ դարձնելու համար: Իրականում այդպես էլ կա: Մյուս կողմից, սակայն, դժվար է չնկատել, որ հատկապես «թաղում» արտահայտության հայտնվելը խորհրդարանական դեբատներում նաև շատ խորհրդանշական է: Ու խորհրդանշական լինելով՝ արտահայտում է այն, ինչով Հայաստանում զբաղված են իշխանությունն ու ընդդիմությունը: Նրանք թաղում են Հայաստանի ներկան ու ապագան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով:
Իշխանությունը՝ մի շարք օբյեկտիվ, ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը քառատրոփ արագությամբ խցկում է դեպի խորտակվող Ռուսաստանի նախաձեռնած՝ առավել քան խորտակվող Մաքսային միություն: Ընդդիմությունն էլ՝ շատ ավելի քիչ օբյեկտիվ ու նույնքան սուբյեկտիվ պատճառներով, որքան իշխանությունը, ոչ միայն չի դիմադրում Հայաստանը խորտակման տանող քաղաքականությանը, այլ, ըստ էության, պայքարում է ընդամենը գլխավոր խորտակողի կարգավիճակը ստանալու համար:
Սա անգամ տխուր հեռանկար չէ, սա ներկա է, որում ապրում ենք այսօր, և որը «կերտվում» է իշխանության և ընդդիմության կողմից: Նրանք թաղում են Հայաստանի այսօրն ու վաղը՝ իրենց գործունեությամբ ու անգործությամբ Հայաստանը դարձնելով համաշխարհային քաղաքականության ու քաղաքակրթության համար գերեզմանին հավասարազոր տարածքի: Ու երևի պատահական չէ, որ խորհրդարանում բանավիճում են հենց թաղման թեմայի շուրջ: Ենթագիտակցորեն, բնականաբար:
Լուսանկարը՝ panorama.am-ի