«Մենք թաղելու վարպետ չենք». Հովիկ Աբրահամյան
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հնչեցված քննադատությունները՝ գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, խճճել են իրականությունը: ԱԺ-ում ՀՀԿ-ՕԵԿ զույգի ներկայացրած նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթում հայտարարեց. «Մենք գործ ունենք խճճելու մեծ վարպետների հետ, ու պետք է ասեմ այն, ինչ կա, ինչ իրականություն է»:
Աբրահամյանը հիշեցրեց. «Բոլորդ հիշում եք, որ չորս քաղաքական ուժերը, իմ կողմից շատ հարգված, ներկայացրին նախագիծ, ու ես ասացի, որ մենք անպայման անդրադառնալու ենք, հնարավորություն ենք ստեղծելու հարցը քննարկելու, որովհետև հանրության բոլոր շերտերին հետաքրքրում են այդ հարցերի պատասխանները: Մենք կուսակցությունում քննարկեցինք, Հանրապետության նախագահին առաջարկեցինք ստեղծել հանձնաժողով ավելի լայն լիազորություններով, և, եթե նկատում եք, ձեր նախագծի բոլոր հարցերն ընդգրկված են մեր առաջարկվող նախագծի մեջ, ու կան նաև այլ տարբեր հարցեր, որոնք մենք ենք առաջարկել»:
Հովիկ Աբրահամյանը հորդորեց լինել ազնիվ, և հարցրեց, թե ինչո՞ւ են իրենց քննադատում: Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկումներին, թե իշխող մեծամասնությունն ուզում է թաղել մի քանի հարցերի պատասխանները, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Ասում եք՝ ուզում ենք թաղել, չգիտեք՝ ո՞ւմ ենք ուզում թաղել: Մենք թաղելու վարպետ չենք, թաքցնելու վարպետ չենք, չունենք այդ փորձը:
Ուղղակի ուզում ենք հնարավորություն ստեղծել, հարցը մենք քննարկել ենք, ու նախագահը հստակ ասել է, որ եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնը, զբաղվել են ապօրինություններով, պիտի պատասխան տան: Հիմա ինչի՞ եք վարկաբեկում այդ չստեղծված հանձաժողովը: Ինձ մոտ տպավորություն կա, որ չեք էլ ուզում՝ այդ հանձնաժողովը ստեղծենք, սկսում եք ի սկզբանե ասել, թե թաղում ենք, թաքցնում ենք, չունենք մենք նման մտադրություն»:
Աբրահամյանը նշեց, թե իրենք ազատ են իրենց որոշումներում, և, եթե ուսումնասիրությունների ընթացքում պարզվի, որ կան մարդիկ, ովքեր պատասխանատու են, կպատժվեն: Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևավորմանը, ապա Աբրահամյանը նշեց, թե իրենք համաձայնել են ոչ իշխանական չորս ուժերի հետ հանձնաժողովում ներկայացվածության հավասարությունը պահպանելու հարցում:
«Ի՞նչ առավելություն ունի հանձնաժողովի նախագահի անդամից, որ ուզում եք… ոչ մի լիազորություն չունի: Ուղղակի մենք մտածում ենք, որ լինի փորձառու մարդ, իրավաբան մարդ, որ կօգնի հանձնաժողովին, որ իրականությունը հայտնաբերենք: Ասել ենք՝ լինեն տասը անդամ, դա էլ ենք նախատեսել, ես ուզում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք, հավատաք, մենք նպատակ չունենք ապօրինությունը կոծկելու»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ հանձնաժողովը պետք է լինի ոչ հրապարակային, Աբրահամյանը նշեց.
«Եթե որոշ մարդիկ կան, որ ուզում են դեմագոգիայով զբաղվել, ես դեմ եմ: Բազմաթիվ հնարավորություններ ունեն այդ մարդիկ դեմագոգիա անելու, կամերաների առաջ խոսելու: Ես կարծում, եմ, որ հանձնաժողովը դրա համար չէ, այն պետք է լինի լուրջ լծակ»: Իսկ «պարբերաբար բռնկվող գործիչներին» Հ. Աբրահամյանը խորհուրդ տվեց հանդարտ լինել՝ նշելով, թե հանդարտությունը լավ բան է: Նա նշեց, թե բոլորն էլ կարող են պարբերաբար գոռալով խոսել, բայց բոլորը լավ հասկանում են, լսում են: ԱԺ նախագահը հիշեցրեց. «Հիշեք՝ հորդառատ անձրևը շուտ է կտրվում»: