«Եթե ձեր նպատակն այդ հարցերի պատասխանը ստանալը լիներ, ձեր քվեարկությամբ ՀՀ-ն չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան կլուբը». Նաիրա Զոհրաբյան

«Ես չեմ կարծում, որ մենք քննարկումները պետք է տանեինք, տանենք այն ուղղությամբ՝ հավատո՞ւմ ենք արդյոք Կառավարության, մեծամասնության բարի մտադրություններին, թե՞ ոչ: Սա ինձ բացարձակապես չի մտահոգում՝ թե ինչ մտահոգություններից, ինչ դրդապատճառներից ելնելով է խորհրդարանական մեծամասնությունը հանկարծ որոշել հանդես գալ նման նախաձեռնությամբ և լինել նախաձեռնողը նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում»,- այս մասին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իշխող մեծամասնության կողմից ներկայացված նախագծին՝ գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին:

Զոհրաբյանը՝ դիմելով ոչ իշխանական այն ուժերին, ովքեր մտահոգված են այս հարցով, հորդորեց չմտահոգվել՝ նշելով, որ յուրաքանչյուրն ունի այդ հարցի պատասխանը, պետք չէ դրա համար սոցհարցում անցկացնել և պարզել, որ իրենք չունեն վստահություն, որ իշխանության նպատակն այդ հարցերի պատասխանը ստանալը չէ:

«Եթե ձեր նպատակն այդ հարցերի պատասխանը ստանալը լիներ, ապա դուք ձեր քվեարկությամբ Հայաստանը չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան կլուբը, դուստր ձեռնարկությունը: Կարծում եմ՝ մեզ պիտի հետաքրքրեն ոչ թե իրենց նպատակներն ու ցանկությունները, այլ ՝ մեզ պիտի հետաքրքրեն մեր նպատակներն ու ցանկությունները, այսինքն՝ հանձնաժողովի այն անդամներինը, ովքեր քիչ ժամանակ առաջ ներկայացրել էին նմանատիպ առաջարկություն՝ որոշման նախագիծ՝ ստանալու մի քանի հիմնարար հարցերի պատասխանը»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նա կրկին հիշեցրեց, որ իրենց նպատակը երեք հարցերի պատասխանները ստանալն է.

«Պետք է ստանալ երեք հարցերի պատասխաններ՝ 300 մլն դոլար պարտք, սպառողին հասնող շատ թանկ գազի գին, նաև՝ ինչո՞ւ կնքվեցին նման պայմանագրեր: Կկարողանանք այս խնդիրները լուծել՝ հինգ անդամ ունենալով այս հանձնաժողովում՝ շատ լավ, կկարողանանք հանրությանը տալ այդ հարցերի պատասխանը՝ շատ լավ, և իրենց մտադրությունները մեզ չեն հետաքրքրում, չի ստացվի՝ որևէ մեկը չի կաշկանդելու ներկայացված խմբակցության որևէ հանձնաժողովի անդամի՝ ցանկացած պահի հանձնաժողովի գործունեության ընթացքում անել համապատասխան հայտարարություն՝ իր վերաբերմունքն արտահայտելով հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Մեզ համար սկզբունքային էր ժամկետը, դրա նպատակը քնեցնելն էր, ընդամենը ժամանակ շահելը, տեսնենք, թե ներքաղաքական զարգացումներն ինչի կբերեն: Համաձայն չեմ, որ հարցերն այնպիսին չեն, որ հնարավոր չէ երկու-երեք ամսում դրանց պատասխանը ստանալ, իրապես եթե ցանկանան , եթե նպատակը հարցերի պատասխանը ստանալն է, ժամանակը բավարար է այդ հարցերի պատասխանը ստանալու համար, ուստի մեր առաջարկը մնում է ուժի մեջ՝ ժամկետ սահմանել մինչև նստաշրջանի ավարտ»:

Տեսանյութեր

Լրահոս