Չարի վերջը

«Ո՞րն է Ուկրաինայի դասը» հարցն այս օրերին հնչում է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, հատկապես այն պետություններում, որոնք գտնվում են ռուսական անվերապահ ազդեցության տակ: Հայաստանում այս հարցն առաջին հերթին պետք է հուզի և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, գուցե երկուսին էլ՝ հավասարապես: Սակայն, դատելով նրանից, թե ինչով է զբաղված մեր քաղաքական դասը, նրանք ոչ միայն չեն մտածում այդ հարցի պատասխանները գտնելու համար, այլ փակում են ականջները` որպեսզի անգամ հարցը չլսեն:

Իսկ Ուկրաինայում տեղի ունեցածից դասեր քաղելն առաջին հերթին` անհրաժեշտ է ՀՀ իշխանություններին: Երկու օր է` ուկրաինական և ոչ միայն ուկրաինական լրատվամիջոցները հեղեղված են այդ երկրի արդեն նախկին պաշտոնյաների (նախագահ, գլխավոր դատախազ, ուժային կառույցների ղեկավարներ և այլն) առանձնատների լուսանկարներով, որոնք գերազանցում են երևակայության բոլոր սահմանները:

Այդ մարդիկ ապրել են ոչ թե ուղղակի շքեղ, բարեկեցիկ կյանքով, այլ թերևս, միայն այլասերված բանականությանը հասու ճոխության, շվայտության պայմաններում, որն արտացոլվել է ոչ միայն ոսկեզօծ ու ադամանդակուռ պալատներում, այլ նաև նրանց հոգեբանության մեջ (նախկին գլխավոր դատախազ Պշոնկայի տանն, օրինակ, հայտնաբերվել են գեղանկարներ, որտեղ ինքը՝ Պշոնկան, պատկերված է Կեսարի կամ Նապոլեոնի, իսկ նրա կինը՝ ռուս կայսրուհի Եկատերինայի կերպարանքով):

Այսինքն՝ Ուկրաինան ղեկավարել են մարդիկ, ովքեր ոչ միայն կոռումպացված են եղել, ոչ միայն տիրացել են անպատկերացնելի ֆինանսական միջոցների, այլև ունեցել են խեղված հոգեբանություն, նրանց թվացել է, որ իշխելու են հավերժ՝ ինչպես բռնապետերն ու կայսրուհիները: Հայաստանի և Ուկրաինայի միջև կարելի է գտնել բազմաթիվ տարբերություններ, սակայն, ի թիվս այլ գործոնների, այս երկրները նման են իրար` իշխող ռեժիմների, այդ ռեժիմների ներկայացուցիչների ընդհանրությամբ: Դժվար է ասել, եթե յուրահատուկ «մրցույթ» կազմակերպվի, հա՞յ, թե՞ ուկրաինացի պաշտոնյաները կհաղթեն իրենց ունեցվածքով ու ապրելակերպի ճոխությամբ:

Սակայն նրանց միավորող ամենամեծ ընդհանրությունն այն մտայնությունն է, որ իրենք իշխելու են հավերժ, եթե անգամ ֆորմալ առումով հրաժեշտ տան պաշտոններին, ապա լինելու են «երկրի տերերը»: Հաշված օրերի ընթացքում Ուկրաինայում ապացուցվեց հակառակը, բոլորը տեսան, որ անգամ ամենահարուստ ու ամենակարող պաշտոնյաներին չեն փրկում ո՛չ փողը, ո՛չ զինված թիկնապահները, ոչ էլ անգամ նրանց առանձնատների դարպասներին քանդակված սարսափազդու առյուծները:

Ու դա տեղի ունեցավ ոչ այնքան ու գուցե ընդհանրապես ոչ այն պատճառով, որ ընդդիմությունը հզոր էր, որ գործարքի չգնաց իշխանության հետ, որ նրանց աջակցեց Արևմուտքը, և այդպես շարունակ, այլ որովհետև ուկրաինական ժողովուրդը դադարեց հանդուրժել: Ուկրաինայում տեղի ունեցածի գլոբալ իմաստը հենց հասարակության հղած ուղերձն է՝ «բավական է»: Հասարակությունը տեր կանգնեց այդ ուղերձին, դժբախտաբար, հարյուրի հասնող զոհերի գնով, այդ ընթացքում` նաև ծայրահեղական դրսևորումների, վանդալիզմի ցավալի դրսևորումներով:

Սակայն, անկախ ամեն ինչից, դա ուկրաինացի ժողովրդի կռիվն էր (է), կոմպրոմիս չթողնող կռիվը, որը վերաբերում էր ու է նաև այն ընդդիմադիրներին, ովքեր հանգամանքների բերումով հայտնվել են Մայդանի հարթակում: Այդ իմաստով «ուկրաինական դասը» վերաբերում է նաև մեր ընդդիմությանը, որն այս օրերին զբաղված է իշխանության հետ հանձնաժողովներ ստեղծելով, կառավարությանն անվստահություն հայտնել-չհայտնելու հարցով սակարկություններով, որն իր առաքելությունն է հռչակել` Հայաստանում ամեն գնով «Մայդան թույլ չտալը»:

Մեր քաղաքական ուժերն այսօր հայտնվել են իշխանության և հասարակության միջև յուրահատուկ բուֆերի դերում, նրանք ոչ թե հասարակության շահերն են պաշտպանում իշխանության ոտնձգությունից, այլ հակառակը՝ ամեն ինչ անում են հանրային դժգոհությունն իշխանության համար վտանգավոր չդաձնելու նպատակով:

Բայց, ինչպես տեսնում ենք, հասարակությունները գտնում են ելքն ու, դժբախտաբար, ոչ այնքան ցանկալի սցենարներով, սակայն պաշտպանում են իրենց արժանապատվությունը: Իսկ իշխանությունների, երբեմն` նաև ընդդիմության հետ տեղի է ունենում այն, ինչն նկարագրել է Հովհաննես Թումանյանը, «Չարի վերջը» բալլադում:

Տեսանյութեր

Լրահոս