
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կախված կլինի Պուտինի արձագանքից. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ապագա անվտանգությունը, քաղաքական միասնությունն ու տարածքային ամբողջականությունը կախված է լինելու նրանից, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինչպես կարձագանքի իր դաշնակից Յանուկովիչի գահընկեցությանը:
Թերթն ընդգծում է, որ առանցքային հարցը կայանում է նրանում, թե արդյոք Պուտինը կորոշի՞ աջակցել անհետացած Յանուկովիչին, ով Արևելյան Ուկրաինայում իր կողմնակիցների համախմբման միջոցով հուսահատ ջանքեր է գործադրում իշխանության ղեկին մնալու համար.
«Անգամ եթե Պուտինը լքի իր վարկաբեկված դաշնակցին, նա կարող է խրախուսել արևելյան տարածաշրջանային առաջնորդներին՝ գնալու համար օրինակ այնպիսի քայլի, որ նրանք հրաժարվեն կիևյան իշխանությունից ու հասնեն ավելի մեծ ինքնավարության: Այդ ուղղությամբ ընկած է մասնատման հեռանկարը:
Պուտինը պետք է որոշի նաև Կիևում իշխանափոխությունից հետո 15 միլիարդ դոլարի օգնության փաթեթի ու արած գազային զեղչի ճակատագրերը: Եթե Պուտինը չեղյալ հայտարարի ավելի վաղ արած այդ առաջարկները, ապա դա կվկայի, որ եղբայրական Ուկրաինան որպես Եվրասիական միության մաս տեսնելու նրա տեսլականը դառնում է էլ ավելի հեռավոր հեռանկար:
Իդեալական հանգուցալուծումը կլիներ այն, որ իրավիճակի կարգավորման հարցը քննարկեին Ուկրաինայի նոր ղեկավարությունը, Ռուսաստանը, ԵՄը՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո ու ԱՄՀ-ը: Սակայն նման քայլը Պուտինից պահանջում է որոշակի մեծահոգություն, քաղաքական հասունություն ու տեսլական, ինչը նա ավելի վաղ ակնհայտորեն չի ցուցաբերել»: