Չինաստանի ԱԳՆ-ն Օբամայի ու Դալայ-լամայի հանդիպումից հետո բողոք է հայտնել ԱՄՆ-ին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի ԱԳՆ-ը երեկ կանչել է Պեկինում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմակատար Դանիել Կրիտենբրինկին, որպեսզի բողոք հայտնի նրան` կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամայի հանդիպման հետ:
Չինաստանի փոխարտգործնախարար Չժան Եսուին, ով ամերիկացի դիվանագետին կանչել է ԱԳՆ, հայտարարել է, որ այդ հանդիպումից հետո ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր, որպեսզի վերադարձնի Չինաստանի կառավարության ու ժողովրդի վստահությանը:
Բարաք Օբամայի ու Դալայ-լամայի հանդիպումը տեղի է ունեցել երեկ, Սպիտակ տանը: Հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Տիբեթի անջատողական ձգհտումներին, և որ այդ տարածաշրջանը համարում է Չինաստանի մաս:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հանդես է գալիս Տիբեթի բացառիկ մշակութային ավանդույթների պահպանման օգտին և աջակցում է Տիբեթի բնակիչների պայքարին` ուղղված իրենց իրավունքների խախտումների դեմ: Տիբեթը Չինաստանի իշխանության տակ է գտնվում 1951 թվականից:
Դալայ-լաման Չինաստանը լքել է 1959 թվականին, երբ Պեկինը կոշտաբար ճնշեց Տիբեթի բնակչության հակաչինական ապստամբությունը: Այդ ժամանակից ի վեր` Դալայ-լաման բնակվում է Հնդկաստանում, քանի որ նա Չինաստանում հայտարարվել է օրենքից դուրս` որպես Տիբեթի անջատողականների առաջնորդ: