Պարտադիր կուտակային ժողովրդավարություն

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ, բայց շատ ավելի խորքային առումով, ակամա բացահայտում են Հայաստանի պետական կառավարման համակարգի թշվառությունն ու իշխանությունների՝ հակաժողովրդավարական բնույթը: Նախագահ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն հայտարարում է, որ հասարակության 80 տոկոսը դեմ է այս համակարգին՝ հրապարակավ խոստովանելով, որ իշխանությունն այս հարցում փոքրամասնության մեջ է:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ ընդունելով հասարակության դժգոհությունը` իշխանությունը «պարտադրանքի» միջոցով իրականացնում է «մտածողության փոփոխության», «քաղաքացիական հասարակություն և պատասխանատու քաղաքացի ձևավորող» այս բարեփոխումը: Ժողովրդավարությունը, անգամ ամենամակերեսային ընկալմամբ, մեծամասնության կարծիքի արտահայտման իրավունքն է: Իշխանությունը, փաստորեն, ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ այս հարցում ինքը փոքրամասնություն է, բայց պարտադրանքով իր կամքը պարտադրում է մեծամասնությանը:

Նույն ժողովրդավարության դասագրքային կանոններով, որևէ երկրում իշխանությունը հասարակության կողմից հավանության չարժանացող որևէ քայլի, բարեփոխման կարող է դիմել միայն այն դեպքում, եթե ի սկզբանե ձևավորվել է այդ նույն հասարակության մեծամասնության կամքով, այսինքն՝ ունի ներքին լեգիտիմություն:

Հայաստանի իշխանությունն ունի ամեն ինչ, բացի լեգիտիմությունից: Իշխանությունը՝ բոլոր մակարդակներում, ձևավորվում է փոքրամասնության կամքը մեծամասնության կամք «դարձնելով», որից հետո իրականում փոքրամասնության իշխանությունն իր կամքն է պարտադրում հասարակության մեծամասնությանը:

Սա ոչ լեգիտիմ իշխանության գործունեության դասական սխեման է, ժողովրդավարության դեգրադացիայի հերթական դրսևորումը, որը հերթական անգամ կիրառվում է Հայաստանում: Բայց, որքան տարօրինակ, թերևս, նույնքան էլ օրինաչափ պետք է համարել, որ դա իրականացվում է Արևմուտքի առնվազն հայաստանյան պատասխանատուների գործուն աջակցությամբ:

Երեկ, օրինակ, Կենսաթոշակային համակարգին նվիրված մի համաժողովի ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այնպիսի ջերմեռանդությամբ են խոսել Հայաստանում հասարակության 80 տոկոսի կողմից մերժվող այս համակարգի ներդրման մասին, այնպիսի գովասանքի ու աջակցության խոսքեր են հայտնել այդ քայլն իրականացնողներին, որպիսիք Մաքսային միություն սլացող Հայաստանի իշխանությունը կարող էր միայն երազել:

Այսպիսով, 2008 թվականի մարտի 1-ի արդյունքում ձևավորված իշխանությանը լեգիտիմացրած, նույնը 2013 թվականին կրկնած Արևմուտքն իր աջակցությունն է հայտնում այն համակարգին, որի դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստներին քաջալերում է ու համարում Հայաստանում ժողովրդավարության զարգացման կարևոր գործոն: Սա առավել խորհրդանշական է Ուկրաինայում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս