Ով է խանգարում անվստահություն հայտնել կառավարությանը
Խորհրդարանական չորս խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ: Այն անընդհատ տեղափոխվում է քառօրյայից քառօրյա: Հրապարակային բացատություններն այնքան անհամոզիչ են, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն էլ են հասկանում, որ դրանք լուրջ ընդունելու համար պետք է որոշակի մտավոր խնդիրներ ունենալ: Հենց այդ պատճառով կողմերից յուրաքանչյուրը փորձում է այս հարցում առաջխաղացման բացակայության մեղքը բարդել մյուս կողմի վրա:
Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի նախաձեռնությունը տապալվում է, քանի որ խիստ արմատական կեցվածք է դրսևորում «Ժառանգություն» խմբակցության կողմից համատեղ նիստերին մասնակցող խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ մեր աղբյուրի, Հակոբյանը պնդում է, որ ոչ իշխանական խմբակցությունները պահանջեն ոչ թե կառավարության պաշտոնանկությունը, այլ դնեն նախագահ Սարգսյանի իմպիչմենթի հարցը:
Հակոբյանն իր պահանջը բացատրում է շատ պարզ. եթե նույնիսկ մենք հասնենք վարչապետի և նրա կառավարության պաշտոնանկությանը, դրանից, միևնույն է, շատ բան չի փոխվի, քանի որ հաջորդ կառավարությունը կրկին լինելու է ՀՀԿ-ական: Հակոբյանը լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ` ինքը բոլորից լավ գիտի, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, և պահանջում է, որ ոչ իշխանական ուժերը դնեն նախագահի պաշտոնանկության հարցը:
Մեր աղբյուրը կարծում է, որ Ռուբեն Հակոբյանը նման պահանջ կարող էր դնել երկու պատճառով. առաջին, որ ինքն իսկապես կողմ է ավելի արմատական փոփոխությունների և համարում է, որ վարչապետի փոփոխությունը ոչ մի էական քաղաքական էֆեկտ չի կարող առաջացնել, և երկրորդ, իմանալով որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն այդքան համարձակություն չունեն, որպեսզի նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնեն, փորձում է իր արմատական դիրքորոշմամբ վիժեցնել կառավարության պաշտոնանկությունը:
«Անկախ նրանից, թե Ռուբեն Հակոբյանն ինչ մոտիվացիա ունի նման պահանջներ դնելու համար, կարող եմ հստակ ասել մի բան, եթե «Ժառանգություն» խմբակցությունը չհամաձայնի միանալ մյուս չորս խմբակցությունների աջակցությունը ստացած նախաձեռնությանը, ապա մյուս երեք ուժերը դա կանեն առանց «Ժառանգության»: Չի կարող այնպես լինել, որ «Ժառանգության» պատճառով մենք ընդհանրապես հրաժարվենք այդ գաղափարից»,- վստահեցնում է մեր աղբյուրը:
Իսկ ինչո՞ւ առանց «Ժառանգության» նախաձեռնությունը հնարավոր չէ մտցնել խորհրդարանի օրակարգ հենց առաջիկա քառօրյայում, ի՞նչ իմաստ ունի այն հետաձգել, և կամ ե՞րբ այն կմտցվի օրակարգ: «Անպայման մտնելու է օրակարգ և քննարկվելու է: Իսկ թե ինչո՞ւ ոչ այս քառօրյայում, կամ թե ե՞րբ. դրանք մարտավարական հարցեր են, որոնց պատասխանը կտրվի առաջիկայում»,-պարզաբանում է մեր զրուցակիցը:
Մենք փորձեցինք լսել նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի տեսակետը: Նա լսելով մեր հարցը` ասաց, որ մինչև պատասխանելը կցանկանար խոսել ՀԱԿ-ի իր գործընկերների հետ, և կես ժամ ժամանակ խնդրեց դրա համար: Իսկ կես ժամ հետո ահա այսպիսի զրույց ունեցանք նրա հետ:
– ՀԱԿ խմբակցություն մեր աղբյուրները մեզ տեղեկացրել են, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հետաձգման պատճառը «Ժառանգություն» խմբակցությունն է, և անձամբ դուք, որ պահանջում եք քննարկել ոչ թե կառավարությանն անվստահություն հայտնելու, այլ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու հարցը: Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
– Այդ «մեր աղբյուրներ» ասածը տեղեկության աղբյուր չի կարող լինել: Կոնկրետ կարո՞ղ ես ինձ ասել, թե ով է ասել, որ մենք համատեղ նիստի ժամանակ նման կեցվածք ենք դրսևորել:
– Ոչ չեմ կարող, բայց արդյո՞ք դուք համատեղ նիստի ժամանակ նախագահին իմպիչմենթ հայտնելու պահանջ եք դնում:
– Ընդհանրապես մենք պայմանավորվել ենք, որ քննարկումների ժամանակ արտահայտված դիրքորոշումների մասին, նախագծերի մասին հրապարակային ոչինչ չլինի, որպեսզի դա չլինի շահարկման առարկա, ինչը որ ես ճիշտ եմ համարում: Եվ երկրորդ` քիչ առաջ ես խոսեցի հանձնաժողովի նիստերին ՀԱԿ-ի կողմից մասնակցող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, և նա ինձ ասաց, որ բացառվում է, որ իրենք նման կարծիք հայտնած լինեն: Իսկապես նման անհեթեթություն իրեն որևէ մեկը չի կարող թույլ տալ, առավել ևս, երեկվա նիստից հետո:
– Ո՞րն եք դուք անհեթեթություն համարում, նախագահի իմպիչմենթի պահա՞նջը:
– Ես ձեզ նորից եմ ասում, երեկվա նիստին եղողը, չեմ կարծում, որ նման անհեթեթ իմֆորմացիա կարող էր տարածել:
Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման քննարկումների ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցը խորհրդարանի օրակարգ մտցնել-չմտցնել որոշում են ոչ թե խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները, այլ բոլորովին այլ անձինք: Եվ այս չորս խմբակցությունների ներկայացուցիչներն իրենք էլ նույնպիսի անտեղյակության մեջ են, ինչպես հասարակության այն մասը, որը հետաքրքրված է այս նախաձեռնության ճակատագրով. նրանց երբ կասեն` մտցրեք օրակարգ, այդ ժամանակ էլ կմտցնեն: