Ֆինանսական բուրգի գործով մեղադրյալի համար շտապօգնություն հրավիրեցին դատարան

Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանն այսօր միջնորդեց նրան փորձաքննության ենթարկել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանն ասաց, որ Արթուր Անդրեասյանի վիճակը շարունակում է մնալ տևական ծանր, նրա վիճակը չի դադարել առողջության և կյանքի համար ռիսկային լինել, իրեն թույլ է զգում և գրեթե ամբողջ օրն անցկացնում է պառկած վիճակում:

Պաշտպանի խոսքով՝ Ա. Անդրեասյանի վիճակը պարզելու համար հարցումներ է արել տարբեր մասնագետների: Հ. Գրիգորյանը հրապարակեց  քրեակատարողական հիմնարկի գրությունը, համաձայն որի՝ նրա մոտ ախտորոշվել է էնցեֆալոպատիա, հետին մկանային զարկերակի անևրիզմա: Նա ստացել է համապատասխան բուժում, ապա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ ստացել է դեղորայքային բուժում, դուրս գրվել անփոփոխ վիճակով:

Արթուր Անդրեասյանի պաշտպանն ասաց, որ հարցումներ է կատարել հանրապետության տարբեր մասնագետների՝ պարզելու համար՝ ինչպե՞ս է իր պաշտպանյալի առողջական վիճակը և արդյո՞ք նրա հիվադությունը ունի դեղորայքային բուժում, թե՞ ոչ: Բժիշկներից մեկը պատասխանել էր, որ իր կարծիքով՝ անհրաժեշտ է ստեղծել մասնագետների խումբ և առաջադված հարցերին տալ պատասխաններ: Մեկ այլ մասնագետ պատասխանել էր, որ բուժման ռազմավարությունը ճշտելու համար անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում հետազոտության ենթարկել նրան:

Ըստ Ա. Անդրեասյանի պաշտպանի՝ մասնագետը, ծանոթանալով պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, հաշվի առնելով ներկայացված բժշկական տվյալները, հայտնել էր, որ այն համապատասխանում է այդ ցանկի կետերից մեկում նշված հիվանդություններին:

Ընտանեկան բժիշկներից մեկն էլ պատասխանել էր, որ անևրիզմայի բուժումը կատարվում է կոմպլեքսային, մի քանի նեղ մասնագետների հետ համատեղ, հիվանդը պետք է գտվի հսկողությա ներքո:

Հ. Գրիգորյանն ասաց, որ իր կողմից դիմումներ են ուղարկվել քրեակատարողական հիմնարկի վարչության պետին, խնդրել է տեղափոխել հիվանդանոց, կատարել անհրաժեշտ հետազոտությունները, սակայն իր դիմումներն անպատասխան են մնացել:

Պաշտպանը միջնորդեց Արթուր Անդրեասյանի նկատմամբ դատաբժշակական փորձաքննություն նշանակել, փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը՝ ի՞նչ հիվանդությամբ է տառապում Ա. Անդրեասյանը, արդյոք նրա հիվանդությունը դասվո՞ւմ է ՀՀ կառավարության կողմից սահմանված պատժի կրումը խոչընդտող հիվանդությունների շարքին, իր առողջական վիճակով կարո՞ղ է մասնակցել դատավարական գործողությունների, անազատության մեջ գտնվելու հանգամանքը ազդո՞ւմ է նրա հիվանդության զարգացման վրա:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը: Նա հայտարարեց, որ ինքը թույլ է:

Դատախազ Արթուր Երիցյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, թե այս պահին չներկայացվեցին անհրաժեշտ փաստաթղթեր այն մասին, որ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն կա: Նրա խոսքով՝ բոլոր փաստաթղթերում ասված էր, որ Ա. Անդրեասյանը պետք է բուժման կուրս անցնի. մեղադրողը հարց հնչեցրեց՝ ո՞վ է ասում, որ «Դատապարտյալների հիվանդանոցը» զրկված է բուժման կուրս անցկացնելու հնարավորությունից: Նա ասաց, որ այս վիճակով փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա:

Ներկայացած տուժողների ներկայացուցիչները ևս առարկեցին միջնորդության դեմ: Միայն տուժողերից մեկն ասաց, որ պաշտպանը ճիշտ է: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը: Ա. Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը դժվար է խոսում, թույլ է և չի կարող մասնակցել դատական նիստին: Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը: Դատական նիստի հետաձգումից հետո Ա. Անդրեասյանի համար շտապօգնություն հրավիրվեց:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է  ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս