Բաժիններ՝

Կենսաթոշակային պայքարի մասով պահանջը շատ հստակ է՝ օրենքը կարող է գործել բացառապես կամավորության սկզբունքով

Քանի որ վերջին ժամանակներս ակտիվացել են մեկնաբանությունները կենսաթոշակային պայքարի և ընդհանրապես քաղաքացիական նախաձեռնությունների ձեռքբերումների, հետագա քայլերի և անելիքների մասին, անհրաժեշտ է հասարակությանը զերծ պահել ապատեղեկատվությունից: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը:

«Նախ՝ անդրադառնամ այն մտքին, թե ընդդեմ կենսաթոշակային վճարների նախաձեռնությունը, որոշակիորեն նմանվելով Մաշտոցի այգու պաշտպանության կամ ուղեվարձի թանկացման շարժումներին, կարելի է պարզապես գնահատել՝ որպես դրական երևույթ, քանի որ այն, ինչպես և մյուս շարժումները, ի վիճակի չեն ապահովել արմատական փոփոխություններ՝ որպես օրինակ վկայակոչելով այն փաստերը, որ Մաշտոցի պուրակն այդպես էլ մնաց «անտեր», իսկ հարցը՝ չլուծված, ուղեվարձի թանկացումը միայն ժամանակավորապես է կասեցվել, իսկ կենսաթոշակային համակարգն արդեն իսկ գործարկվում է՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի որոշումը: Պատճառն, ըստ բանախոսների, մեկն է՝ բողոքները կրում են դեկորատիվ և լոզունգային բնույթ՝ սահմանափակվելով «դեմ եմ» կոչերով, կառավարության և ֆոնդերի նկատմամբ անվստահության կոչերով, և չեն պարունակում կոնկրետ բովանդակային առաջարկներ: Պետք է նշել, որ առնվազն կենսաթոշակային պայքարի մասով պահանջը շատ հստակ է ու բովանդակային՝ օրենքը կարող է գործել բացառապես կամավորության սկզբունքով»,- ասաց Հ. Գրիգորյանը՝ հավելելով, որ, առավել ևս, պահանջը բովանդակային է, քանի որ կառավարությունն իր իսկ պնդմամբ 10 տարի մշակել է այս նախագիծը՝ ծախսելով հսկայական գումարներ, սակայն, շուրջ կես տարվա պայքարի ու հասարակական լայն իրազեկման ու քննարկումների արդյունքում վեր են հանվել 20-ից ավելի վիճարկելի դրույթներ այդ օրենքում:

Ըստ նրա՝ այստեղ առավել կարևոր է մեկ այլ հարց՝ այն մարդիկ, ովքեր փորձում են նման հոռետեսական վերլուծություններ անել, որպես կանոն, ցուցադրում են, թե որքանով է իշխանությունը մտահոգված այս հարցով, նման վերլուծաբանները չեն փորձում որևէ դատողություն անել կառավարության պահվածքի վերաբերյալ, երբ պետական մարմիններն օգտագործում են իրենց վարչական ողջ ներուժը՝ գործատուների վրա անօրինական ճնշում գործադրելու համար. «Նման զանգվածային ճնշում մենք հանդիպում ենք որպես կանոն՝ ընտրությունների, ավելի ճիշտ՝ ընտրությունները կեղծելու գործընթացում, բայց ոչ պարզունակ հարցերի պարագայում: Սա նշանակում է, որ այս հարցն առավել լուրջ է, քան փորձում են ներկայացնել «վարձու» վերլուծաբանները, քանի որ ակնհայտ է, որ սա մի այգու հարց չէ, այլ համապետական նշանակության հիմնախնդիր: Հասարակական կյանքում կան մի քանի հիմնական մասնակիցներ՝ ժողովուրդ, քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր և պետություն: Մեր պարագայում թե´ պետությունը, և թե´ քաղաքական համակարգը թերզարգացած են: Այս պայմաններում քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս քաղաքացիական ակտիվիստների ու նախաձեռնությունների, փորձում է ստանձնել թե´ քաղաքական ուժերի և թե´ պետական մարմինների դերը՝ իրականացնելով իրազեկման և իրավապաշտպան շատ կարևոր ֆունկցիա»:

Հ. Գրիգորյանի խոսքով՝ ակնկալել, թե քաղաքացիական նախաձեռնությունները պետք է մշակեն, օրինակ, Մաշտոցի պուրակի զարգացման կամ ուղեվարձի գնագոյացման կամ կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարություն, առնվազն լուրջ չէ: Նա նշեց, որ իրականում, քաղաքացիական նախաձեռնությունների նպատակն է՝ հրավիրել պետության և քաղաքական ուժերի ուշադրությունն այս կամ այն հարցի վրա, որը և արվել է:

«Դա արդեն պետական մարմինների և քաղաքական ուժերի թերացումն է, կամ, ավելի ճիշտ՝ այդ կառույցների կողմից իրենց դերի ոչ ճիշտ ընկալումը, որ հարցերը լուծումներ չեն ստանում: Աշխարհի զարգացած երկրներում արդեն վաղուց այս չարաբաստիկ կենսաթոշակային վճարների մասին օրենքը կասեցված կլիներ, և կազմակերպված կլիներ լուրջ հասարակական քննարկում: Իսկ մեր պարագայում՝ պետությունը ռեպրեսիվ ու անօրինական մեթոդներով փորձում է պարտադրել իր կամքը հասարակությանը, ինչը լիովին համահունչ է այս իշխանության տրամաբանությանը: Հարցը կայանում է միայն հետևյալում՝ արդյո՞ք այս անգամ հասարակությունը կհանդուրժի նման լկտի վարքագիծը»,- նշեց Հ. Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս