Սյուզան Ստյուարտ. Երևի Սարգսյանն այլընտրանք չի տեսել

Հարցազրույց Միջազգային հարաբերությունների և անվտանգության գերմանական ինստիտուտի (Բեռլին) Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետազոտությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սյուզան Ստյուարտի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները ներկա իրավիճակում` Մոսկվայի նախաձեռնած Մաքսային/Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության (ԵՄ) «Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) քաղաքականության համատեքստում` հատկապես վիլնյուսյան գագաթաժողովից և Ուկրաինայում հեղափոխական գործընթացներից հետո:

– Կարծում եմ` հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են` ոչ միայն Մաքսային միության, այլ ընդհանրապես բոլոր ոլորտներում առկա հակասությունների պատճառով, նկատի ունեմ էներգետիկան, վիզաների, առևտրային կամ այլ հարցերը: Երկու կողմերը որևէ առաջընթաց չունեն միասնական նոր համաձայնագրի կնքման հարցում, և այստեղ իրենց բացասական դերը խաղացին Մաքսային միությունը և ծրագրված Եվրասիական տնտեսական միությունը, որովհետև ԵՄ-ի տեսանկյունից Ռուսաստանը կարծես թե չափազանց շահագրգռված է այս ձևաչափերը հովանավորելու հարցում և ուզում է, որպեսզի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լիարժեք գործընկեր դառնա ԵՄ-ին` նոր համաձայնագրի շուրջ բանակցություններում:

Բայց Մաքսային/Եվրասիական տնտեսական միության ձևաչափերը դեռևս այնքան էլ համոզիչ չեն ԵՄ-ի համար այն առումով, թե դրանք կարող են ինչ-որ շարունակական բան դառնալ, որպեսզի դրանց շուրջ բանակցելն իմաստ ունենա:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ-ն որոշակի չափով ներգրավված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, որովհետև Ռուսաստանն ակնհայտորեն ցանկանում է Ուկրաինային և մյուս երկրներին ներգրավել վերոնշյալ միությունների ձևաչափում և դեպի ԵՄ կատարվող ցանկացած շարժում դիտարկում է` որպես վնաս Ռուսաստանին:

Իսկ ԵՄ-ն մշտապես փորձում է ցույց տալ, որ շահերն ընդհանուր են, և երկու կողմերն էլ Ուկրաինայում կայունություն են ուզում, հետևաբար, այստեղ պետք է լինի «բոլորը կշահեն» իրավիճակը: Բայց ԵՄ-ն շատ հաճախ չի ուզում խոստովանել, որ Ռուսաստանը համաձայն չէ այդ մոտեցման հետ:

– Կարծում եք` հնարավո՞ր կլինի Ուկրաինային ներգրավել Մաքսային միության նախագծում:

– Կարծում եմ` դա կախված է հետագա զարգացումներից: Դա շատ դժվար կլինի, որովհետև մենք տեսանք, որ Ուկրաինայի հասարակության զգալի հատվածը շատ ակտիվ է և ակնհայտորեն դեմ է Ռուսաստանի հետ ավելի շատ մերձեցմանը, և, իհարկե, դեմ է Մաքսային միությանն անդամակցելուն: Ուստի, դա այնքան էլ հնարավոր չի թվում` առանց Մայդանում հավաքված ժողովրդի դեմ ակնհայտ բռնություն կիրառելու և ցույցերը ճնշելու (հարցազրույցը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Կիևում տեղի ունեցած արյունալի դեպքերից մի քանի ժամ առաջ.- Ա.Ս.), և նույնիսկ, եթե դա տեղի ունենա, միևնույն է` խնդիրը չի լուծվի:

– Իսկ ի՞նչ կարող եք կանխատեսել Ուկրաինայի համար:

– Շատ դժվար է կանխատեսել, ինձ թվում է` սկզբունքորեն հնարավոր է, որ հակամարտության երկու կողմերը` իշխանությունը և ընդդիմությունը, կարողանան ճգնաժամից դուրս գալ և համաձայնել որոշ հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, նոր ընտրություններն են և, միգուցե, 2004 թ. Սահմանադրությանը վերադառնալը, այսինքն` խառը կառավարության նման մի բան ձևավորելը: Այդպիսի փոխզիջման հասնելն արդեն շատ դրական զարգացում կլինի:

– Ձեր կարծիքով` նախագահ Յանուկովիչը կկարողանա՞ պահպանել իր իշխանությունը մինչև 2015-ի նախագահական ընտրությունները:

– Ես չեմ կարծում, թե նա կկարողանա մնալ մյուս ընտրություններից հետո, նա կպարտվի, եթե ընտրություններն ազատ և արդար կերպով անցկացվեն, իսկ եթե փորձի կեղծել ընտրությունները, կրկին հսկայական բողոքի ցույցեր կսկսվեն, և նա չի կարողանա մնալ նախագահի պաշտոնում:

– Այս իմաստով կարո՞ղ ենք ասել, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև կա ակնհայտ բախում, ակնհայտ դիմակայություն:

– Ցավոք սրտի, այո: Նույնիսկ այն դեպքում, երբ Եվրամիությունը որոշակի ցանկություն ունի քննարկելու իրավիճակը Ռուսաստանի հետ, ցավոք, դժվար թե դա օգուտ տա, որովհետև, ինչպես նշեցի, ԵՄ-ն փորձում է Մոսկվային համոզել, որ այս իրավիճակից երկու կողմերն էլ կարող են շահած դուրս գալ, սակայն Ռուսաստանը համոզված է, որ այս պայքարում կողմերից մեկն անպայման պարտվելու է (բառացի` Ռուսաստանն այս իրավիճակը դիտարկում է` որպես «զրոյական ելքով խաղ».- Ա.Ս.), այսինքն` Կրեմլի կարծիքով` «այն, ինչ լավ է ԵՄ-ի համար, շատ վատ է Ռուսաստանի համար»: Ես չեմ պատկերացնում, թե նրանք ինչպես պետք է լուծեն այս հարցը:

– Համաձա՞յն եք, որ ռուսական արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում, եթե կարելի է այդպես արտահայտվել, ավելի հաջողակ էր` թեկուզ Արևելյան գործընկերության անդամ երկրներից մի քանիսին ԵՄ-ի ավելի սերտ հարաբերություններից ետ պահելու իմաստով:

– Ես դա չէի անվանի «հաջողակ» քաղաքականություն: Միգուցե տարբեր երկրներում տարբեր իրավիճակներ էին: Օրինակ` Ուկրաինայի և Հայաստանի դեպքում Ռուսաստանը պատրաստ էր որոշակի ճնշում գործադրելու, որպեսզի դեպքերը մոտ հեռանկարում զարգանան այնպես, ինչպես ինքն է ուզում: Բայց չեմ կարծում, որ ռազմավարական առումով այս քաղաքականությունը կարող է հաջողություն ունենալ, որովհետև այն առաջացնում է դժգոհություն մյուս կողմի դերակատարների մոտ, որոնց վրա գործադրվում է այդ ճնշումը:

– Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչն էր Հայաստանի նախագահ Սարգսյանի բավական անսպասելի հայտարարության պատճառը` միանալու Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը:

– Ինչպես նշեցի, պատճառը կարող է լինել անձամբ Պուտինի կողմից որոշակի ճնշման գործադրումը` սպառնալիքների և տնտեսական ոլորտում` գազի գնի հետ կապված, ինչպես նաև անվտանգության ոլորտի և Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ինչ-որ խոստումների համակցությամբ: Ուստի, կարծես թե, սեպտեմբերի 3-ի այդ հայտարարության և Պուտինի ճնշումների միջև անմիջական կապ կա, որովհետև այդ հայտարարությունը եղավ Պուտինի և Սարգսյանի զրույցից անմիջապես հետո: Այլ մեկնաբանություն չեմ տեսնում:

– Իսկ հնարավո՞ր է, որ պատճառներից մեկն այն էր, որ Ռուսաստանի առաջարկները Սարգսյանին և Յանուկովիչին ավելի գրավիչ էին, քան ԵՄ-ի առաջարկները:

– Չգիտեմ` դրանք գրավի՞չ են եղել, թե՞ ոչ, բայց երևի Սարգսյանն այլընտրանք չի տեսել: Այո՛, կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությունից տնտեսական օգուտները փոքր են և շատ դանդաղ են գալիս, քանի որ ԵՄ-ի հետ համագործակցությունից կարելի է օգուտներ ստանալ ավելի երկարաժամկետ հեռանկարում: Իսկ Պուտինը խոստանում է անմիջապես ստացվող տնտեսական օգուտներ: Իսկ անվտանգության սպառնալիքները կարող էին մեծ վտանգներ պարունակել Հայաստանի համար, ուստի Սարգսյանը որոշել է, որ որպես նախագահ` չի կարող գնալ այդպիսի ռիսկի:

– ԵՄ նախագիծը` ԱլԳ-ի քաղաքականության համար («ԱլԳ 20 կետերը` Վիլնյուսից հետո») ի՞նչ կարող է փոխել ԱլԳ մասնակից երկրների համար: Արդյոք ԵՄ-ն սրանով փորձո՞ւմ է շտկել իր սխալները:

– Կարծում եմ` սա ԵՄ-ի կողմից մի փորձ է` լուծել ԱլԳ քաղաքականության հետ կապված որոշ խնդիրներ: Այսինքն` Գործընկերության ընդհանուր հայեցակարգը նույնն է մնում, սա ուղղակի քաղաքականության կամ, միգուցե, դրա իրականացման տարբեր գործիքների որոշակի փոփոխության մասին է: Սա լավ փաստաթուղթ է, դրանում բազմաթիվ լավ առաջարկներ կան, բայց նաև կարևոր է այն, թե այդ առաջարկներից որին կտրվի առաջնությունը, որովհետև դրանք շատ են:

Օրինակ` Հայաստանի վերաբերյալ 9-րդ կետը` «Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱլԳ-ի ավելի քիչ հավակնոտ երկրների համար», մենք պետք է սպասենք և տեսնենք, թե կոնկրետ ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը, արդյոք դա կլինի՞ օգտակար և գրավիչ Հայաստանի համար, թե՞ սա պարզապես ԵՄ-ի մի առաջարկ է, որն անմիջապես ստացվող օգուտներ չի բերի:

– ԵՄ-ի խոշոր դերակատարները` Գերմանիան և Մեծ Բրիտանիան, ևս միացել են այս նախաձեռնությանը: Սա նախագիծն ավելի կարևոր դարձնո՞ւմ է: Սա հետաքրքիր է այն առումով, որ նախկինում` Ասոցացման/Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի գործընթացում նրանք այդքան ակտիվ չէին:

– Իհարկե, կարևոր է, որ բազմաթիվ երկրներ են աջակցում այս նախաձեռնությանը, ոչ թե միայն, այսպես ասած, նոր անդամ-պետությունները, որոնցից շատերը ԵՄ-ի շատ արևելյան մասում են: Այո՛, նախաձեռնությանն են միացել, ինչպես դուք նշեցիք, խոշոր խաղացողները` Գերմանիան և Միացյալ թագավորությունը, բացի այդ` ներգրավվել են նաև ԱլԳ-ի երկու նախաձեռնողները` Լեհաստանը և Շվեդիան: Կարծում եմ` սա կարևոր է:

Կարծում եմ` նրանք նախկինում էլ աջակցում էին, պարզապես չէին սպասում, որ գործընկեր երկրների հետ այդ համաձայնագրերի ստորագրումն այդպիսի լուրջ խոչընդոտների կհանդիպի: Այսինքն` ոչ ոք չէր սպասում, որ Ռուսաստանը կդիմի այդպիսի կտրուկ քայլերի:

Որքանով ես գիտեմ` գերմանացիները Վիլնյուսի գագաթաժողովին իսկապես պատրաստ են եղել շատ հարցերում գնալ փոխզիջումների, միայն թե Ասոցացման համաձայնագրերը ստորագրվեն: Եվ այժմ էլ շատ են մտահոգված, որ համոզված լինեն, որ Վրաստանը և Մոլդովան իսկապես պատրաստվում են ստորագրել և չեն ենթարկվի Ռուսաստանի ճնշմանը: Միգուցե դուք ճիշտ եք այն առումով, որ մեկ-երկու տարի առաջ որոշ երկրների մոտեցումն ԱլԳ-ին ավելի պասիվ էր:

– Իսկ որքանո՞վ եք հավանական համարում Մաքսային/Եվրասիական տնտեսական միության կայացումը:

– Պարզ է, որ Պուտինը շարունակելու է ավելի ինտենսիվորեն հետապնդել իր նախագծի կայացման քաղաքականությունը, բայց չեմ կարծում, թե, ի վերջո, այն հաջողություն կունենա: Եվ Պուտինի այն հայտարարությունները, թե նախագիծը հիմնված է լինելու ԵՄ-ի մոդելի վրա, անիրատեսական են: Նախագծում ներգրավված երկրների տնտեսությունները բավական նման են իրար, նրանցից որևէ մեկը լրջորեն մոդեռնիզացված չէ, միգուցե` բացառությամբ Ղազախստանի տնտեսության` մի փոքր չափով, բայց ես այնտեղ չեմ տեսնում մի երկիր, որի տնտեսական վիճակը թույլ կտա կայացնել այս միությունը:

Չեմ կարծում, թե այս երկրներն ի վիճակի են մեկը մյուսին առաջ տանելու, ավելի շուտ` նրանք ձգտում են իրենց մեկուսացնել այլ շուկաներից, իսկ նրանց արտադրած ապրանքները կարող են մրցունակ չլինել այլ շուկաներում:

Տեսանյութեր

Լրահոս