Բաժիններ՝

«Դ!ԵՄ ԵՄ» շարժումը նպաստում է կենսաթոշակային բարեփոխումներին

2014 թվականի կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի գործարկումից 3 տարի առաջ ներդրվել էր կամավոր համակարգը, սակայն դրա մասնակիցներին կարելի է «ձեռքի մատների վրա հաշվել»: Ինչո՞ւ էին կենսաթոշակային բարեփոխումների հեղինակներն ու «շինարարները» խուսափում օրինակ ծառայել քաղաքացիներին և «կանգնել իրենց իսկ կառուցած կամրջի տակ»: Այս և պարտադիր կուտակային համակարգի շուրջ ծավալվող զարգացումների մասին զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

– Պարոն Ասատրյան, Դուք պարտադիր կուտակային համակարգի մասնակից չեք: Միացե՞լ եք արդյոք կամավոր կուտակային համակարգին:

– Ինչպես նկատեցիք, ես պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից չեմ, սակայն հունվարից կամավոր միացել եմ պարտադիր կուտակային համակարգին, ոչ թե կամավորին:

– Ի՞նչն է խնդիրը, որ կամավորի ներդրումից միայն 3 տարի անց միացաք:

– Ի սկզբանե որոշել էի կամավոր միանալ պարտադիր բաղադրիչին: Բացատրեմ. նոր կենսաթոշակային համակարգը բազմաստիճան է, բաղկացած է 4 բաղադրիչներից. առաջինը` 0 համակարգն է (բազային կենսաթոշակը կամ սոցիալական նպաստը), երկրորդը` պետական աշխատանքային կենսաթոշակը, երրորդը` պարտադիր կուտակայինը, և չորրորդը` կամավոր կուտակայինը: Քանի որ որոշել էի մասնակցել 3-րդին` պարտադիր կուտակային բաղադրիչին, կամավոր հիմունքներով, այդ պատճառով միայն այս տարվա հունվարից եմ միացել համակարգին:

Պետք է հիշել, որ չորրորդ` կամավոր կուտակային բաղադրիչը պարտադիրի հետ կապ չունի, դա լրացուցիչ կենսաթոշակի հնարավորություն է տալիս ցանկացած անձի. մարդը կամավոր կարող է մասնակցել և՛ պարտադիրին, և՛ կամավորին:

Տարբերությունն այն է, որ երբ աշխատող քաղաքացին կամավոր միանում է պարտադիր համակարգի սխեմային, նրա համար գործում են բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներին` բացառությամբ պետության համաֆինանսավորման: Կամավոր կուտակային բաղադրիչի շրջանակը քիչ ավելի ընդլայնված է, սխեմաները կարող են լինել տարբեր, և պարտադիր կուտակայինի ոչ բոլոր դրույթներն են վերաբերում կամավոր կուտակայինին` բազմաստիճան կենսաթոշակային համակարգի չորրորդ բաղկացուցչին, որի լիարժեք գործելու համար սովորաբար պահանջվում են տասնամյակներ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում «Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը:

– Ես կարծում եմ, որ ընդհանրապես` որպես նախաձեռնություն, այն պետք է դիտարկենք դրական կողմից, որը մեր քաղաքացիներին իրազեկելն էր նոր կենսաթոշակային համակարգի մասին: Իսկ բացասականն, իհարկե, այն է, որ իրազեկումը ոչ լիարժեք և ոչ ճշգրիտ է: Այսինքն` իրականում ճշգրիտ տեղեկատվությունը հասցնելու ձևաչափը լիարժեք չի աշխատում, հակառակը` իրականացվում են տարբեր տիպի շահարկումներ և մանիպուլյացիաներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում` ստեղծելով բազմաթիվ թյուրըմբռնումներ հասարակության շրջանում:

Օրինակ` ասվում է, որ պարտադիր կուտակային վճարը ոչ թե 5 % է, այլ սկսվում է 6.6%-ից մինչև 13%, և այլն: Մինչդեռ օրենքում հստակ ամրագրված է, թե ինչն է համարվում բազային եկամուտ, դա անվանական աշխատավարձն է, և օրենքով ամրագրված 5% պահումը կատարվում է անվանական աշխատավարձից: Օրենքի դրույթը հաշվի առնելով` ակնհայտ է, որ սխալ տեղեկատվություն է տրվում քաղաքացիներին:

Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափն իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբարել և բացատրել ամբողջությամբ: Ամբողջ հարցն այն է, որ ընդհանրապես եկամտի տեսքով կամ կազմակերպության տեսանկյունից շահույթի ձևով առաջացող գումարները հարկվում են աշխարհի բոլոր երկրներում, և, երբ քննարկումների ժամանակ մենք որոշում էինք կայացնում, թե ինչպիսին լինի մեր համակարգը, այսինքն՝ այդ գումարները երբ հարկվեն, մենք ունեինք 3 հնարավոր տարբերակ.՝ կամ այդ գումարները պետք է հարկվեին ի սկզբանե, կամ շրջանառության ժամանակ (երբ մասնակցի անհատական հաշվից գնում են ներդրումների, փայերի, արժեթղթերի մեջ), կամ կենսաթոշակը վճարելիս: Կայացվեց որոշում, որ այդ գումարները հարկվեն ի սկզբանե, որովհետև աշխատող երիտասարդի համար հասկանալի կլինի, որ անվանական աշխատավարձից հանվում է եկամտային հարկը, կուտակային վճարն, ու իրական վճարվող աշատավարձը կազմում է որոշակի գումար: Եվ հետագա փուլերն այլևս հարկման ենթակա չեն:

Անձը կստանա այդ գումարներն ամբողջությամբ` որքան որ կլինի 63 տարեկանում իր անհատական կենսաթոշակային հաշվում: Կան երկրներ, որտեղ հարկումը կատարվում է կենսաթոշակը վճարելիս: Այսինքն` պարտադիր կուտակային վճարը կարող էր հաշվարկվել մաքուր աշխատավարձից, բայց հարկվեր կենսաթոշակը վճարելիս: Այս դեպքում 63 տարեկան կենսաթոշակառուն պետք է մտածեր` արդյոք ճի՞շտ հաշվարկեցին հարկերը, արդյոք կենսաթոշակը ճի՞շտ ձևավորվեց, թե՞ ոչ:

Կարծում եմ` ճիշտ որոշում ենք կայացրել, որ կուտակային միջոցները հարկվեն առաջին փուլում` աշխատավարձը վճարելիս, և հետագա որևէ փուլում դրանց նկատմամբ հարկում չկիրառվի: Ստացվում է, որ այս դեպքում մեր քաղաքացիներին տրամադրվել է ոչ ճիշտ, սուտ տեղեկատվություն, և քաղաքացիները, օրենքով սահմանված դրույթներին տեղյակ չլինելով, լսելով այդ պարզունակ ձևակերպումները` դառնում են ապատեղեկատվության զոհ:

– Այսինքն` ամեն դեպքում PR է, թեկուզ և` սև: Կուսակցական, քաղաքական հիմքեր տեսնո՞ւմ եք այս շարժման մեջ:

– Ոչ, ճիշտն ասած, չեմ տեսնում:

– Հայտնի է, որ պետական կառույցների աշխատակիցներից հիմնականում կատարվել են 5% պահումները: Արդյո՞ք այդ միջոցներն արդեն փոխանցվել են կենսաթոշակային ֆոնդերին, թե՞ կարիք կա սպասել մարտի 28-ից հետո Սահմանադրական դատարանի որոշմանը:

– Ընթացակարգն այսպիսին է` եկամտային հարկը պահելու ժամանակ պահվում է նաև պարտադիր կուտակային վճարը: Դրա համար օրենքով ժամկետ սահմանված է մինչև փետրվարի 20-ը: Դրանից հետո ՊԵԿ հարկային մարմինը ճշգրտում է հաշվետվությունները, փոխանցված գումարները` գանձապետարանում առկա միջոցների հետ, որի համար օրենքով սահմանված է 10-օրյա ժամկետ, որից հետո գանձապետարանն, այդ գումարների հետ միասին, դեպոզիտարիային յուրաքանչյուր մասնակցի անհատական հաշվին փոխանցում է և՛ նրա աշխատավարձից եկած գումարները, և՛ պետական բյուջեից հատկացվող գումարները` մինչև 25 հազար դրամի չափով (պետական մասնակցության 5%-ը): Այսինքն` այդ ժամկետները դեռ ընթացքի մեջ են:

– Փաստորեն, ՍԴ-ի որոշմանը չեն սպասում:

– ՍԴ որոշումը մենք չենք մեկնաբանում, բայց պարզ է, որ օրենքի համապատասխան հոդվածները (պարտադիր վճարների մասին 8-րդ հոդվածը և այլն) գործում են, և այն գործատուները, որոնք իրենց գործելակերպը չեն պայմանավորում որևէ պատժամիջոցի առկայությամբ կամ բացակայությամբ, եթե օրենքով սահմանված պարտավորություն կա, իհարկե, իրենց պարտավորությունները կատարում են:

– Այնուամենայնիվ, եթե մարտի 28-ին ՍԴ-ն որոշի կասեցնել օրենքը, ինչպիսի՞ն կլինի հետագա ընթացքը: Արդյո՞ք գումարները վերադարձվելու են մասնակիցներին:

– Սահմանադրական դատարանի հնարավոր որոշումների մասին այս պահին որևէ ենթադրություն անել, կարծում եմ` ճիշտ չէ: Մարտի 28-ից հետո, երբ Բարձրագույն դատարանը կհրապարակի իր որոշումը` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, բոլորի համար ավելի պարզ կլինեն գործընթացի մասնակիցների հետագա քայլերն ու անելիքները:

– Կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացվեց 15%-ով, այն դեպքում, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը` 40% և ավելի, ու հաշվի առնելով դրանց իրական մեծությունները, այդ բարձրացումը, շատ-շատերի կարծիքով, ոչ համամասնորեն կատարվեց: Կենսաթոշակառուներն էլ ամենամեծ ընտրազանգվածն են: Տրամադրությունների ինչպիսի՞ փոփոխություն եք ակնկալում:

– 2014 թ. պետական բյուջեի նախագծով կենսաթոշակների բարձրացմանը հատկացվեց լրացուցիչ 34 մլրդ դրամ, աշխատավարձերի նոր համակարգի ներդրմանը` 36 մլրդ դրամ: Այսինքն` դրանք համադրելի թվեր են: Այլ խնդիր է, որ մեր կենսաթոշակառուների թվաքանակը շատ է, և հատկացված գումարն ավելի շատ անձանց միջև է բաժանվում:

– Եթե սոցիալական տեսանկյունից դիտարկենք` պաշտոնյան ստանում է ահռելի գումար, կենսաթոշակառուն` շատ փոքր թոշակ:

– Ահռելի չէ, մենք ունենք աշխատող աղքատներ: Համեմատությունը ճիշտ չէ, մենք խոսում ենք տարբեր բաների մասին. մի դեպքում` աշխատավարձի, մյուս դեպքում` կենսաթոշակի: Կենսաթոշակը կորցրած եկամտի փոխհատուցում է, և մեզ համար նախընտրելի շեմը, այդ թվում` Եվրոպական խարտիայով սահմանված ցուցանիշը, տվյալ անձի համար միջին աշխատավարձի 40%-ն է: Դա նշանակում է, որ աշխատանքի դիմաց վարձատրությունը և կենսաթոշակը` որպես կորցրած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում, տարբեր հարթություններ են: Նույն անձը, երբ աշխատում է, ստանում է 100 միավոր, երբ կենսաթոշակի է անցնում, ընդունելի է համարվում, եթե 40 միավոր ստանա: Սա մեր ստեղծած համակարգը չէ, աշխարհում ընդունված մոտեցում է: Այդ առումով Ձեր նշած աշխատավարձի և կենսաթոշակի համեմատությունն անհամադրելի է:

Սոցիալական քաղաքականության տեսանկյունից` 2014 թ. բյուջեով 2 աննախադեպ համակարգային փոփոխությունների համար համապատասխան միջոցներ նախատեսվեցին. մեկը` աշխատանքի նոր միասնական վարձատրության համակարգ, որը երկրի տնտեսության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունի` աշխատավարձերի ճիշտ ձևավորման առումով, որովհետև, ի վերջո, աշխատանքով են ստեղծվում այն արդյունքները, որ պետք է վերաբաշխվեն, նաև սոցիալական ոլորտին հատկացվեն, և ինչքան շատ ստեղծենք արդյունք, այնքան շատ կվերաբաշխվի, այնքան ավելի շատ բարեկեցիկ կդառնա նաև մեր կենսաթոշակառուների ծերությունը` կենսաթոշակային ապահովության տեսքով:

Այս առումով 2014 թ. բյուջեում իրար համադրելի միջոցներ են նախատեսվել կենսաթոշակային և աշխատավարձային քաղաքականության համար. ես հավասարապես կարևորում եմ երկու համակարգային փոփոխությունները: Դրանց արդյունքում` 2014-ից հետո շատ ավելի լավ իրավիճակ ենք ունենալու երկրում սոցիալական առումով:

– Իսկ ընտրազանգվածի տրամադրությունների փոփոխություն չե՞ք սպասում:

– Ես այդ տեսանկյունից չէի նայի: Բայց մենք, նույնիսկ այդ առումով խնդիրը հասկանալով, գնացել ենք համակարգային փոփոխություններին, որովհետև մենք վստահ ենք, որ սա է միակ ճանապարհը մեր երկրի հետագա զարգացման, մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման:

– Թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր, և թե՛ այլընտրանքային ուժերը մտահոգություն են հայտնում` արտագաղթի հետ կապված, և առավել ևս, եթե հաշվի առնենք, որ արտագաղթում են հիմնականում աշխատունակ քաղաքացիները, սա ինչպե՞ս կանդրադառնա կենսաթոշակային համակարգի վրա:

– Արտագաղթն իսկապես մտահոգիչ է, բայց միայն մտահոգվելով` խնդիրներին լուծում չի տրվում: Խնդիրներին պետք է լուծում տալ առարկայական քայլերով, առարկայական միջոցառումներով և հենց նույն համակարգաստեղծ գործունեությամբ, որ ներկայումս կառավարությունն իրականացնում է: Իհարկե, մենք հասկանում ենք, որ գերիշխողն աշխատանքային միգրացիան է, ինչը հետևանք է աշխատատեղերի և հատկապես` բարձր վարձատրվող աշխատատեղերի պակասի: Հիմնականում դա է, որ բերում է այլ երկրներում աշխատանք փնտրելու տրամաբանությանը: Այդ առումով նշածս համակարգային փոփոխությունները ու նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնք մենք հիմա նախագծել ենք Ժողովրդագրության զարգացման ազգային ծրագրի 2014-2017 թթ. նախագծում, համալիր միջոցառումներ են, որոնք թույլ կտան իրավիճակը փոխել:

Հասկանալի է, որ ժողովրդագրության տեսանկյունից խնդիրները պայմանավորված են նաև բնակչության ծերացմամբ, որոնք այսօր արդեն հատուկ են ողջ քրիստոնեական աշխարհին. Նաև այս միտումն է ընկած նշածս համակարգային փոփոխությունների անհրաժեշտության հիմքում: Երբ Հայաստանում միջին ընտանիքները 80-ականներին ընդունելի 3-4 երեխայից ներկայումս անցել են 1-2 երեխայի մոդելին, սա, բնականաբար, բերում է բնակչության ծերացման:

Մի կողմից` կյանքի սպասվող միջին տևողության աճը, մյուս կողմից` ծնելիության նվազումը, նորածինների թվաքանակի կրճատումը, ընտանիքի մոդելի փոփոխությունը, հանգեցնում են լուրջ խնդիրների: Դրանց լուծումների շարքում է նաև այս բարեփոխման արդյունքում` երկրում երկարաժամկետ, էժան փողերի առաջացումը, որ պետք է ուղղվի ընտանիքների բնակարանային ապահովության խնդրի լուծմանը, հիպոթեքային վարկերի մատչելիությունը` ավելի մեծ թվով ընտանիքների համար, ավելի փոքր տոկոսով, ավելի երկար ժամկետով: Սրանք այն համալիր միջոցառումներն են, որոնք պետք է հանգեցնեն առկա խնդիրների լուծմանը: Միայն խոսելով` խնդիր չես լուծի, հարկավոր է գործնական քայլեր իրականացնել:

– Այդ գործնական քայլերի առաջին արդյունքները ե՞րբ կերևան` վարկային տոկոսադրույքների նվազում, և այլն:

– Կարծում եմ` արդյունքները նկատելի կդառնան մոտ ապագայում, և իրականացվող բարեփոխումների ընձեռած հնարավորություններն առաջիկա տարիներին շոշափելի կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս