Մարդիկ արտագաղթում են, որովհետև վարչական մարմիններում անբաններն են աշխատում
Այն, որ ՀՀ շարքային քաղաքացին իր տարրական իրավունքներն իրացնելու համար ամեն օր բախվում է անարդարության հետ, փաստ է: Փաստ է նաև, որ այդ իրավունքները ոտնահարվում են վարչական մարմիններում հաստիքներ զբաղեցնող «անբանների» կողմից: Եվ եթե որևէ երկրում քաղաքացին ոչ թե խնդրում, այլ պահանջում է օրենքներով, Կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավունքները, ապա Հայաստանում մարդն օրերով, տարիներով դռնեդուռ ընկած` խնդրում, համոզում, գումարներ է ծախսում իր իրավունքը վերականգնելու համար: Ընդ որում, քաղաքացին նվաստացվում է հենց այն նույն վարչական մարմինների աշխատակիցների կողմից, ովքեր ի պաշտոնե աշխատավարձ են ստանում քաղաքացուն պատշաճ կերպով սպասարկելու համար:
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացին այլևս որևէ պատասխանատու մարմնի դիմելու փոխարեն` դիմում է լրատվամիջոցներին՝ արդեն սպառած լինելով այս կառույցից այն կառույց ուղարկվելու համբերությունն ու մարդկային ռեսուրսները: Արդյունքում՝ սպառվում է նաև լրագրողների համբերությունը, քանի որ խմբագրություն կարող են դիմել այնքան մանր ու մեծ, աբսուրդային ու զարմանալի խնդիրներով, որ թվում է՝ մեր երկրի տարբեր գերատեսչությունները, կից կառույցները, փոքր ու մեծ պատասխանատու պետական հաստատությունները որևէ խնդրով իրենց դիմող քաղաքացուն դռան տեղն են ցույց տալիս:
Կենտրոն վարչական շրջանի 2-րդ Արհեստավորների փողոցի 17 տան բնակչուհի Անժելա Իվանիցկին (հայրն ուկրաինացի է) դիմել է մեր խմբագրություն՝ խնդրելով միջամտել իրենց խնդրին, քանի որ երեք տարի գնդակի պես «տշում» են Երևանի քաղաքապետարանից` «Երևան ջուր», «Երևան ջրից» էլ՝ քաղաքապետարան:
Բանն այն է, որ հարակից դիտահորից ամբողջ կոյուղաջրերը լցվում են հարևանի տուն, հարևանի տնից՝ իրենց տուն և հարակից տներ: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է մի տան մեջ, որի պատերը խոնավությունից բորբոսնել են, իսկ ընտանիքի անդամներն արդեն առողջության հետ կապված խնդիրներ ունեն:
«Երեք տարի շարունակ դիմել ենք բոլոր հնարավոր և անհնարին կառույցներ: Որևէ կառույցից որևէ նորմալ պատասխան չենք ստացել, էլ չեմ ասում, որ դիմումը գրավոր ներկայացնում ես, բայց գրավոր պատասխանելն էլ նպատակահարմար չեն համարում: Դիմել եմ «Երևան ջուր», ասում են՝ դա ձեր խնդիրն ա, գումարը դրեք, սարքեք: Դա ընդհանուր դիտահոր է, որտեղ տարածքի բնակչության կոյուղաջրերն են սպասարկվում ու, որտեղից այդ հակասանիտարական ջուրը լցվում է տների պատերին, առաստաղներին: Լավ, ո՞ւմ դիմենք, ո՞ւմ բողոքենք, 3 տարի շարունակ թաց, հակասանիտարական վիճակում ենք ապրում»,- վրդովված ասում է տիկին Անժելան՝ ավելացնելով, որ «Երևան ջրի» պարտաճանաչ բաժանորդ է, ամենամսյա վճարումները ժամանակին կատարում է, բայց եթե փորձի այս ընկերության վճարումն ուշացնել՝ անմիջապես կջրազրկեն:
Մինչդեռ, այս ընկերությունն իրենց պատասխանատվության շրջանակներում առկա խնդիրները լուծելու փոխարեն` քաղաքացիներին ուղղորդում է դատարաններ: Որքան էլ տարօրինակ է, բայց «Երևան ջուր» ընկերության աշխատակիցներն, առանց խնդիրը պատշաճ ուսումնասիրելու, քաղաքացուն հորդորում են հարևանի դեմ բողոքով դիմել դատարան, այսինքն՝ վիճաբանություն են հրահրում: Այն դեպքում, երբ հարևանուհին այն նույն վիճակում է, որում տիկին Անժելայի ընտանիքը:
«Ինձ ասում են՝ դատարանով հարևանիցդ պատճառված վնասի համար փոխհատուցում գանձի, բայց, լավ, հարևանիս ստիպեցի վնասը փոխհատուցել, բայց չէ՞ որ դիտահորից նորից այդ ջրերը տուն են լցվում: Բուն խնդիրը չի լուծվում: Ինձ միայն ելք են ցույց տալիս՝ գնա դատարան, գնա քաղաքապետարան»,- պատմում է տիկին Անժելան՝ վստահեցնելով, որ քաղաքապետարանից էլ պատասխանում են, որ այդ խնդիրն իրենց իրավասության մեջ չի մտնում:
Տիկինն իրավիճակը նկարագրելու համար պատմում է, որ կոյուղաջրերի հոսքի պատճառով տան խոնավությունից արդեն կարիճներ են հայտնվում, անգամ դստեր ոտքն են վնասել, իսկ տան տեխնիկան ամբողջովին փչանում է նույն այդ խոնավության պատճառով:
Այնուամենայնիվ, վերջինս` սպառելով համբերությունն ու գիտակցելով, որ իրենց խնդրով ապագայում նույնպես չեն զբաղվելու, խնդրում է գոնե լրատվամիջոցով հարց բարձրացնել, թե՝ կա՞ արդյոք որևէ կառույց, որտեղ քաղաքացու իրավունքը պաշտպանելու են. «Քաղաքապետարանի ներկայացուցիչներին գնացի, բերեցի, իրենց աչքով տեսան, որ դիտահորի անսարքության պատճառով հարևանի տան անգամ մազի ներկի ջուրը լցվում է մեր սենյակ, էնտեղ լողանում են` օճառաջուրը հոսում է մեր տուն: Ասում են՝ մենք ի՞նչ անենք, դիմեք Ջրմուղ: Գնացի Ջրմուղից մարդ բերեցի, 5000 դրամ տվեցի: Ասում են՝ հարևանի դիտահորից է, դիմեք դատարան: Ասում են՝ փողը տուր, գանք-սարքենք, փողն էլ չգիտեմ քանի 10.000-ներ է: Ես էլ ասում եմ՝ դատարանի փող ունենամ` կտամ ձեզ, որ ջուրը սարքեք: Լսե՛ք, հոգնել ենք արդեն, չգիտենք` էլ ում դիմենք: Բոլորը գցում են իրար վրա, ոչ մեկը ոչնչի համար պատասխանատու չէ: Ասում են՝ հարևանիդ դատարան տուր, թող վերանորոգումդ փչացնելու համար փոխհատուցի, ասում եմ՝ ինձ պետք չի էդ գումարը, դուք ջրի հոսքը կտրեք, բայցգ անիմաստ, մեր երկրում ապրելն ա դարձել անիմաստ, քաղաքացին լրիվ անտեր ա»:
Տիկին Անժելան հավաստիացնում է, որ խնդրի պատճառով հաճախ հարևանների միջև պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում, և, քանի որ պատկան մարմինները հարցին լուծում չեն տալիս, տարածքում վիճաբանություններ են սկսվում:
«Վախենում եմ խոսել, գործից կհանեն»
Հարակից տան բնակչուհի Ռուզաննա Բադոյանի տունն արդեն խիստ վթարային վիճակում է, քանի որ դիտահորից հոսող ջրից պատն ուռչել և փուլ գալուն պատրաստ է: «Ջրհեղեղի մեջ ենք ապրում, էլ ներվ չի մնացել, էնքան ենք դիմել, ու անարդյունք, որ էլ հույսներս կտրած ապրում ենք: Պատկերացրե՛ք, տան մեջ սնկեր են աճում: Մեկ անգամ մասնագետներ եկան խոնավության աստիճանը որոշելու համար, բայց անգամ մեզ չտեղեկացրին` ինչ աստիճան է, հեռացան»,- ասում է բառի բուն իմաստով վախեցած տիկին Ռուզաննան, ով ամեն ներկայացրած փաստարկի հետ հավելում է՝ վախենում եմ բողոքեմ, գործից կհանեն:
Հարցնում եմ՝ «Որտե՞ղ եք աշխատում, որ էդքան վախենում եք Ձեր իրավունքի համար խոսել»: «Հավաքարար եմ, բայց դու մի ծիծաղի, կհանեն գործից, հավատա: Հեն ա, կուտակայինի համար միտինգի էին մասնակցել՝ գործից սաղին հանել էին: Իմ տղան էն նախորդ միտինգներին մասնակցելու համար ձերբակալվածներից ա: Իմ վախը պատճառ ունի»,- պատասխանում է նա:
Այնուամենայնիվ, տիկին Անժելան ՀՀ իշխանություններին հորդորում է` արտագաղթի պատճառները հասկանալու համար իրենց օրինակով հետևություն անել: «Տղաս արդեն ճամպրուկային տրամադրություն ունի: Տեսնում է՝ ելք չկա, փակուղի է: Ճիշտ հասկացեք, մենք գոյատևող մարդիկ ենք, հացի խնդիր չունենք, բայց տարրական իրավունքի համար 3 տարի դռնեդուռ ենք ընկել: Հասկանո՞ւմ եք, դա մեզնից կախված խնդիր չէ, այլ կախված է՝ այն կառույցներից, որոնք սպասարկում են քաղաքացուն, բայց տեսե՛ք, լուծում չկա, բանի տեղ դնող չկա, այլ կա արհամարհանք, անտարբերություն: Իսկ տղաս մտածում է իր փոքրիկ երեխայի մասին, որի` այս տան խոնավության մեջ առողջ ապրելու հավանականությունը քիչ է: Ի՞նչ անի, ո՞վ կարող է մեղադրել նրան հայրենիքից հեռանալու քայլի համար: Մեր երկրում մենք անգամ ամենամանր բաների համար սպառում ենք առողջություն, նյարդեր, համբերություն ու ամեն ինչ: Մենք էս ի՞նչ պետության մեջ ենք ապրում»,- ասում է բարկացած տիկին Անժելան, ով փորձել է մտնել Երևանի քաղաքապետի մոտ, սակայն հորդորել են՝ դիմում գրել, հեռանալ:
Ի դեպ, տիկին Անժելան հավաստիացնում է, որ գազի թանկացման պայմաններում այս ամիս 45.000 դրամ վարձը մի քանի օր ուշացրել է: Անմիջապես «ՀայՌուսգազարդի» մեքենան հայտնվել է, որ բաժանորդի գազն անջատի: «Ասում եմ՝ արդեն վճարել եմ, ո՞ւր եք անջատում: Ասում են` գնա բողոքի: Ասում եմ՝ ո՞ւմ բողոքեմ, 3 տարի ջրի համար բողոքում եմ, բանի տեղ դնող չկա: Ու այ սենց խեղդում են»:
Մուրադ Սարգսյան, մի հատ էլ «կոֆե չդնե՞մ»
Երեկ մենք զանգահարեցինք «Երևան ջուր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանին և փոխանցելով դժգոհող քաղաքացիների հասցեն, տվյալները, խնդրեցինք մեկնաբանել, թե արդյո՞ք խնդիրն իրենց իրավասության սահմաններում է:
Ավելին՝ շեշտեցինք, որ ընկերությանը դիմումներ են ներկայացվել քաղաքացիների կողմից, որոնց ի պատասխան` անգամ գրավոր նամակ չի ստացվել: Եվ, քանի որ այս ընկերությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու որևէ դժգոհության ցինիզմով է արձագանքում, Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը փորձեց նույն կերպ պատասխանել:
«Գրավոր նամակով դիմեք՝ կպատասխանենք: Ձեր դժգոհությունը պետք է գրավոր ներկայացնեք»:
Մենք, անշուշտ, նրան հիշեցրինք, որ լրագրողը մեկնաբանություն պահանջող է, այլ ոչ թե՝ դժգոհող: Վերջինս նույն կերպ շարունակեց պնդել՝ «Կապ չունի, գրավոր բողոքը գրեք»:
Այս ընկերության ղեկավարությանը հորդորում ենք Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի համար նախ` տարրական կուլտուրայի դասընթացներ վարել, երկրորդը՝ սովորեցնել իր աշխատանքի պատասխանատվության շրջանակը, և երրորդը՝ հարգել քաղաքացիներին: Բայց դժվար թե այս ընկերության ղեկավարությունն իր ենթակաների հետ նման ուսուցողական աշխատանք կատարի, քանի որ «Երևան ջրի» ղեկավարությունն ինքն է ծաղրում մի ամբողջ ազգաբնակչության:
Ինքս բնակվում են Կենտրոն վարչական շրջանի Քաջազնունի փողոցում: Այն բազմաբնակարան շենքը, որում ապրում եմ՝ ջրազրկվում է շաբաթվա մեջ 2-3 օր: Եվ շաբաթվա 2-3 օրվա իմ հեռախոսազանգերը ձայնագրվում են «Երևան ջուր» ընկերության օպերատորի կողմից, որից ամեն անգամ պահանջում եմ շուրջօրյա խմելու ջուր ունենալու իմ իրավունքը:
Իսկ ընկերության օպերատորն ամեն անգամ ինձ փորձում է հիմարացնել՝ ասելով վթար է, առավոտյան ջուր կլինի, բայց առավոտյան էլ կրկին խաբում է, թե՝ երեկոյան կլինի:
Մինչդեռ օպերատորի վթարի վարկածը, պարզվում է, խաբեություն է, որովհետև տարածքում «Երևան ջրից» ներկայացուցիչ չկա, ու վթարվերացման աշխատանքներ էլ գոյություն չունեն: Միայն թե՝ հարակից խանութներում ամենասպառվող ապրանքը ջուրն է: Ու երբ կրկին զանգահարում եմ «Երևան ջուր» ընկերություն, այլևս օպերատորը չի էլ պատասխանում՝ փոխանցելով, թե գիծը ծանրաբեռնված է:
Մինչդեռ, ընկերության օպերատորները ֆիքսելով դժգոհ քաղաքացու հեռախոսահամարը` ստելով, այլևս զանգին չեն պատասխանում, որովհետև քաղաքացին չի խնդրում, այլ պահանջում ու պարտադրում է ապահովել շուրջօրյա ջուր ունենալու իր իրավունքը:
Այնպես որ, «Երևան ջուր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը եթե կարծում է, որ լրագրողն իր մասնագիտական պարտականությունը կատարելիս պետք է իրեն բողոք արտահայտող նամակ գրի, ապա կբավարարենք նրա պահանջն արդեն խիստ անձնական դժգոհությամբ, որը նա կարող է որպես ի գիտություն ընդունել:
Իսկ որպես անձնական բողոքի ապացույց` կարող է լսել ընկերության օպերատորին հնչեցրած իմ բազում հեռախոսազանգերը, որոնցից շատերն արդեն անպատասխան են մնում սույն ընկերության խաբեբայության արդյունքում:
Ինչ վերաբերում է վերոնշյալ քաղաքացիների դժգոհության պարզաբանմանն, ապա Մ. Սարգսյանին տեղեկացնում ենք, որ նա պարտավոր է լրագրողներին ի պատասխան` տեղեկացնել՝ կամ իրենց գործառույթների մեջ է տվյալ խնդիրը, կամ՝ ոչ: Եվ, քանի որ մեր հեռախոսազրույցի ժամանակ նա` լինելով «բարեկիրթ» մարդ, կապն ընդհատեց, ստիպված եմ գրելով հարցնել՝ «Մուրադ Սարգսյան, մի հատ էլ կոֆե չդնե՞մ»: