
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը պաշտոնական բողոք է հայտնել Իսպանիային

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան իսպանական ռազմանավին մեղադրել է Ջիբրալթարի տարածքային ջրեր մուտք գործելու մեջ: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք միջադեպի կապակցությամբ պաշտոնական բողոք են հայտնել Մադրիդին:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ Իսպանիայի ռազմածովային ուժերը Ջիբրալթարի շրջանում բրիտանական ջրեր է ներխուժել փետրվարի 18-ին՝ թագավորական (բրիտանական) ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ:
Այն բանից հետո ինչ իսպանական ռազմանավը մուտք է գործել Ջիբրալթարի ջրեր, նրան ընդառաջ շարժվել է բրիտանական Sabre պարեկանավը, որը նրան ուղղել է ծովային ստանդարտ զգուշացում՝ պահանջելով լքել Ջիբրալթարի տարածքային ջրերը:
Դրանից հետո իսպանական ռազմանավը լքել է տվյալ շրջանը, սակայն դրանից առաջ հայտարարել է, որ, մոտենալով Ջիբրալթարի ափերին, գտնվում է իսպանական և ոչ թե բրիտանական ջրերում: