Պայքար՝ վաճառված ինքնիշխանության «երաշխիքային սպասարկման» համար

Երեկ Հայաստանում տեղի ունեցած երկու՝ ԵԿՄ ու ԲՀԿ համագումարները, թերևս, պետք է կարևոր քաղաքական իրադարձություններ համարել: Գոնե այն իմաստով, որ դրանք Հայաստանում առկա քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ որպես քաղաքական ներկայացող և իշխանություն ունեցող համակարգերի ուժի ցուցադրության դրսևորումներ էին: ԵԿՄ համագումարում, դրա ընթացքում ունեցած ելույթում իշխանությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, փորձում էր ցույց տալ իշխանության ուժը, որը հնչած հայտարարությունների ոչ այնքան՝ բովանդակությամբ, որքան՝ տոնով, մոտավորապես «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի ցուցադրություն էր:

Գրեթե նույնը, պակաս ցուցադրական ձևով անում էր ԲՀԿ-ն՝ նույն ժամին հրավիրված համագումարում՝ մոտավորապես պատասխանելով, որ, այնուամենայնիվ, «ձեր դեմ խաղ կա», սակայն «ձեր»-ի մեջ Սերժ Սարգսյանը չի մտնում:

Առաջին հայացքից՝ այդ երկու համագումարներն իրար հակադիր ուժերի, գուցե անգամ քաղաքական հակառակորդների համագումարներ էին և որևէ ընդհանրություն չունեին: Իրականում, սակայն, չնայած դրանցում հնչած ելույթների ու գնահատականների տարբերություններին, այդ համագումարներն ունեին շատ կարևոր ընդհանրություն, որը լայն իմաստով՝ վերաբերում է ոչ միայն իշխանությանն ու ԲՀԿ-ին, այլև Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես:

Այդ ընդհանրությունը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որի վերաբերյալ ինչպես՝ ԵԿՄ, այնպես էլ՝ ԲՀԿ համագումարում հնչեցին բովանդակային առումով միևնույն դիրքորոշումները: Սերժ Սարգսյանն իր ելույթում ու դրան հետևած հարցուպատասխանի ժամանակ ուղղակիորեն որևէ անդրադարձ չկատարեց

Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչը, թերևս, կարելի է խորհրդանշական համարել այն համատեքստում, որ արտաքին քաղաքականություն՝ որպես այդպիսին, Հայաստանն այլևս չունի: Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունների զգալի մասը նվիրված էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը ու դրա «պայծառ ապագային»: Բոլոր հնարավոր մեթոդներով Ս. Սարգսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռուսաստանի նախաձեռնած այդ միությանն անդամակցությունն ուղղակի «մանանա» է Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Ամեն ինչ արժեր միայն Ս. Սարգսյանի հանդիմանանքն իր ընդդիմախոսներին, ովքեր «գազային պայմանագրերը» քննադատելիս՝ ահազանգում են, թե այն կնքվել է 30 տարով:

Ս. Սարգսյանն ասում է, որ իրականում իրեն պետք է քննադատեին այն բանի համար, որ այդ պայմանագրերը չեն կնքվել 60 տարով: Հիշեցնենք, խոսքն այն պայմանագրերի մասին է, որոնք ռուսական «Գազպրոմ» ընկերությանը Հայաստանում տալիս են գրեթե վերպետական կարգավիճակ, քանի որ այդ փաստաթղթերով  Հայաստանի իշխանության մարմինները պարտավորվել են չկատարել որևէ գործողություն, չընդունել որևէ որոշում կամ օրենք, որը կհակասի «Գազպրոմի» շահերին: Ս. Սարգսյանն այսպիսով, բնականաբար, ոչ երկրապահներին, ուղղակի հասկացնում է՝ ես պատրաստ էի Հայաստանի ինքնիշխանության մի մասը «Գազպրոմին» զիջել ոչ թե 30, այլ 60 տարով: Իմա՝ Հայաստանում չի կարող գտնվել ավելի ռուսամետ որևէ այլ ուժ, քան գործող իշխանությունն է:

Իսկ ի՞նչ էր անում Հայաստանում ընդդիմադիր դաշտի «իշխանությանը» հավակնող կամ գուցե արդեն իսկ «հիմնական ընդդիմադիրի» կարգավիճակը ստացած ԲՀԿ-ն: Եթե հայաստանյան իրողություններից անտեղյակ որևէ մեկին ուղղվեր այս հարցը, ու այդ մեկը փորձեր հարցին պատասխանել քաղաքական տրամաբանությամբ, ապա միանշանակ պատասխանը կլիներ այն, որ տվյալ ուժը հանդես է գալիս երկրի ինքնիշխանության կորստին հանգեցնող արտաքին քաղաքական այդ կուրսի քննադատությամբ ու հասարակությանն առաջարկում է իր՝ այլընտրանքային կուրսը:

Բայց այն նույն ժամին, երբ Ս. Սարգսյանը ներկայացնում էր Մաքսային միության «բարեբաստիկությունը», ԲՀԿ-ի քաղաքական էլիտան, բնականաբար՝ առանց Գագիկ Ծառուկյանի, լրագրողներին տարբեր մտավարժանքներ էր ներկայացնում առ այն, թե ինչու Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն այդպես էլ դիրքորոշում չի հայտնում Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ:

Իսկ ԲՀԿ-ի համագումարի ամենամեծ ինտրիգը, թերևս, այդ կուսակցության ամենաարմատական անդամի՝ Վարդան Օսկանյանի հրաժարումն էր սեփական դիրքորոշումից: Ընդամենը երկու օր առաջ Օսկանյանը շատ հասկանալի լեզվով հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հետընթաց էր: Երեկ Վ. Օսկանյանը հայտարարեց, թե իր դիրքորոշումը չի հակասում ԲՀԿ-ի դիրքորոշմանը:  «Այն, ինչ պարոն Ծառուկյանն ասել է մեր հարաբերությունների մասին՝ հատկապես Ռուսաստանի հետ, դա իրոք կուսակցության դիրքորոշումն է, և դժվար թե Հայաստանում լինի քաղաքական ուժ, անհատ, կազմակերպություն, որ այլ կերպ մտածի: Այն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է բարձր մակարդակի հարաբերություններ ունենա՝ երկու կարծիք այստեղ չի կարող լինել:

Այն, որ պետք է լինեն հնարավորինս խորը տնտեսական հարաբերություններ, երկու կարծիք լինել չի կարող: Ասեմ, որ իմ դիրքորոշումը՝ ՄՄ-ի հետ կապված, բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահայտում է կուսակցության ղեկավարը»: Իսկ «կուսակցության ղեկավարը», ինչպես հայտնի է, Մաքսային միությանն անդամակցության և ընդհանրապես ռուսական և հատկապես բելառուսական ցանկացած երևույթի ամենաջերմեռանդ ջատագովն ու կողմնակիցն է:

Թե ինչը կամ ով ստիպեց Վարդան Օսկանյանին ընդամենը մեկ գիշերվա մեջ փոխել իր դիորքորոշումը, գուցե հայտնի կդառնա նախկին արտգործնախարարի երբևէ հրապարակվելիք հուշերից: Իսկ մինչ այդ Վ. Օսկանյանը փաստորեն բավարարել է երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովի ակնկալիքները, ով Մաքսային միության վերաբերյալ Օսկանյանի քննադատական ելույթից հետո հայտարարել էր, թե «այս անգամ էլ ԲՀԿ-ականները կուղղեն նրա սխալը, ինչպես արեցին ԱԺ ընտրություններից առաջ՝ «Վերտու» հեռախոսի ժամանակ»:

«Ինձ համար այդպես էլ պարզ չէր, թե հնչեցրած տեսակետը պատգամավոր Օսկանյանի կարծի՞քն է, թե՞ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը… քննադատական այդպիսի ելույթ է ունենում մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Բելառուսի, Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական սերտ հարաբերությունների խորացման օգտին»,- ասել էր Շարմազանովը, ով, փաստորեն, ստիպված եղավ սպասել ընդամենը երկու օր: Վարդան Օսկանյանն անձամբ ուղղեց իր սխալը:
Կարելի է, իհարկե, մեջբերել ԲՀԿ-ականների այլ հայտարարություններ ևս, սակայն դրանք բոլորը վկայում են միայն այն մասին, որ այդ կուսակցությունը՝ Մաքսային միության մասին իբրև թե դիրքորոշում չարտահայտելով, իրականում պաշտպանում է այդ կառույցին անդամակցելու՝ իշխանությունների որոշումը:

Այսօր Հայաստանի ամենաօրակարգային խնդիրը վերաբերում է արտաքին քաղաքական կուրսին, ավելի կոնկրետ՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհով Հայաստանը Ռուսաստանի կցորդ դարձնելու՝ իշխանությունների քաղաքականությանը: Կա՞ արդյոք թեկուզ տեսական հնարավորություն՝ կանգնեցնելու այդ քաղաքականությունը և փրկելու Հայաստանի ինքնիշխանությունը: Սա է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջին և վերջին հարցը:

Մնացած բոլոր հարցերն ածանցվում են դրանից: Եվ որևէ ուժ, որն իրեն ընդդիմադիր կամ անգամ այլընտրանքային է հռչակում իշխանության նկատմամբ, այդպիսին կարող է լինել միայն այդ՝ արտաքին քաղաքական այլընտրանքը ներկայացնելու դեպքում: Մինչդեռ ԲՀԿ-ն,  նրա «բարձր հովանու» ներքո՝ նաև մյուս ընդդիմադիր ուժերի մեծ մասը խուսափում են այդ հարցից՝ իշխանությունից պահանջելով «ածանցյալ հարցերում» հաշվի առնել իրենց «այլընտրանքային դիրքորոշումները»:

Մեծ հաշվով, այդ պահանջը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի իշխանությունից է: Վերջինս, սակայն, այդպես էլ ականջալուր չի լինում ռուսահպատակության այդ ճիչերին: Թերևս այն պատճառով, որ գործող իշխանությունը շատ ավելի առարկայական և երկարաժամկետ «պատրաստակամություն է հայտնում»: Նվազագույնը՝ 60 տարվա երաշխիքով:

Տեսանյութեր

Լրահոս