Սարգսյանը Ծառուկանին կազատի՞ ԱԱԽ անդամի աշխատանքից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Երկրապահ» կամավորականների միության այսօրվա համագումարներն ինչ-որ իմաստով կարծես հեռակա բանավեճ կամ երկխոսություն լինեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև: Երկուսն էլ իրենց ելույթներում խոսում էին Հայաստանում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների մասին, սակայն՝ միանգամայն տարբեր շեշտադրումներով:

Սերժ Սարգսյանն, ընդհանուր առմամբ, ասում էր, որ գնում ենք դեպի «Ապահով Հայաստան»՝ որպես ամենամեծ խնդիր ներկայացնելով հուսահատությունն ու անվստահությունը, որոնց դեմ պետք է պայքարել: Գագիկ Ծառուկյանն էլ իր ելույթում ասում էր, որ հուսահատությունն ու անվստահությունը հասել են այնպիսի անթույլատրելի աստիճանի, որ մարդիկ հեռանում են Հայաստանից, և «ժամանակն է՝ կանգ առնել»:

Թեմատիկ առումով ուշագրավ են հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները:

Մինչ Մարզահամերգային համալիրում Ս. Սարգսյանն ասում էր, «մենք հո ախմախ չե՞նք, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք», Գագիկ Ծառուկյանը «Կանյաչնիում» հայտարարում էր՝ «ո՞վ է դրա համար պատասխան տալու»: «Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում (կենսաթոշակային բարեփոխումներին.- Ա.Վ.):

Գուցե այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ՝ չեմ բացառում, որ որոշ բառեր պետք է փոխվեն, բայց եթե որևէ մեկը կասի, որ իդեալական փաստաթուղթ կարող է ներկայացնել, ես կասեմ, որ դրան չեմ հավատում: Կարող են լինել անհաջող ձևակերպումներ, մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այո՛, այսօր մարդկանց 5 տոկոսի նեղություն ենք տալիս, բայց մարդկանց աշխատավարձերը բարձրացել են ուժային կառույցներում՝ 10 տոկոս, կան ընկերություններ, որ՝ 20 տոկոս, իսկ հունիսի 1-ից բոլոր պետական աշխատողների, ծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 40 տոկոսով. այդ 5 տոկոսը պետք է գալու բոլորիս:

Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու տնտեսական զարգացմանը: Անպայման անելու ենք, թեպետ գիտեմ, որ բնակչության 80 տոկոսը դեմ է, բայց մենք հո ախմախ չե՞նք, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, ռեսուրս ձեռք չենք բերում, ռեսուրս ենք մաշում մեր երեխաների ապագայի համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչև 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս և ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել»,- սա էլ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:

Այսպիսով, Ծառուկյանը հայտարարում է՝ ո՞վ է պատասխան տալու, Սերժ Սարգսյանը պատասխանում է՝ ես: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն այս համակարգի դեմ պայքարողների կամ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, բնակչության 80 տոկոսի մեջ է, և պետք է չբացառել, որ կարող է ինչ-որ պահի միանալ «Դեմ եմ» շարժմանը, Ս. Սարգսյանն էլ ներկայացնում է այն իշխանությունը, որ վերջին օրերին այս հարցով բողոքի ակցիայի մասնակիցներին սկսել է ազատել աշխատանքից: Հետաքրքիր է, եթե Ծառուկյանը ևս մասնակցի բողոքի ակցիաներին, Ս. Սարգսյանը նրան նո՞ւյնպես կազատի աշխատանքից: Ազգային անվտանգության խորհրդի անդամի աշխատանքից:

Տեսանյութեր

Լրահոս