Մաքսայինի առաջին ծաղիկները
Հայաստանն անշեղորեն ընթանում է դեպի Մաքսային միություն, ու այդ ընթացքը չի կարող կասեցվել անգամ, եթե Մաքսային միությունը կազմաքանդվի, Եվրասիական միությունն էլ չկայանա ընդհանրապես: Հայաստանի իշխանությունները հոգեբանորեն, վարքագծով վաղուց արդեն այդ միություններին մաս կազմող ավտորիտար երկրների սովետական ակումբում են:
Երեկ, օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Քաղաքաշինության նախարարություն, ու «ավանդույթի» համաձայն` այդ նախարարության աշխատակիցներից մեկը նրան աշխահաքաղաքական հարց է ուղղել մասնավորապես՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ու սպասվող գնաճի մասին:
Ս. Սարգսյանը, բնականաբար, հանգստացրել է այդ անանուն պետծառայողին՝ հայտարարելով, որ գնաճի մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են, որոնք տարածում են «իշխանությունից նեղացած» մի քանի հեռուստաընկերություններ, տպագիր թերթեր ու էլեկտրոնային կայքեր: Նախ՝ սա շատ նման է գազի գնի բարձրացման մասին «ապատեղեկատվությանը»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Ս. Սարգսյանը մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին, հայտարարել էր, թե դրանք «հերյուրանքներ» են:
Թե ի՞նչ եղավ հետո՝ հայտնի է: Գազը ոչ միայն թանկացավ, այլ դա ամիսներ շարունակ գաղտնի պահելու պատճառով կուտակվեց 300 միլիոն դոլարի պարտք, որի դիմաց էլ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը հանձնվեց «Գազպրոմին»: Այսինքն՝ Մաքսային միությանն անդամակցության արդյունքում` գնաճ արձանագրվելու է՝ անկախ նրանից, որ այդ մասին «ոչ հավաստի տեղեկությունների տարածումը» Ս. Սարգսյանը համարում է «անթույլատրելի»: Ինչպես որ, ի դեպ, նա հրապարակային ելույթներում անթույլատրելի է համարում պետական պաշտոնյաների կողմից քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, կոչ է անում քաղաքացու հետ Դուք-ով խոսել…
ՀՀԿ-ական պատգամավորներն «անթույլատրելի» կերպով հայհոյում են լրագրողներին, ՀՀԿ-ական ուսխորհուրդների նույնանուն ջահելները բռնություն են գործադրում լրագրողների նկատմամբ, ՀՀԿ-ական կոմսոմոլներն ապահովում են այդ բռնությունների «գաղափարական ֆոնը»: Այս ամենը Մաքսային միությանն անդամակցելու հետ ուղղակի կապ, բնականաբար, չունի:
Սակայն հենց Մաքսային միության անդամ երկրներում ու նրանց նախատիպ ԽՍՀՄ-ում էր, որ ղեկավարները «հասարակության հետ շփվում էին» աշխատավորական կոլեկտիվներում կազմակերպված հանդիպումներում, որոնց ժամանակ որևէ կթվորուհի հարց էր ուղղում, ասենք, նեխած իմպերիալիզմի արատավոր բարքերի մասին ու արժանանում պետության ղեկավարի «պատասխանին»:
Նույն ԽՍՀՄ-ում ու Մաքսային միության անդամ երկրներում է, որ քիչ թե շատ ազատ լրատվամիջոցները համարվում են թշնամի, իսկ խոսքի ազատությունն ընկալվում է` որպես «ստի, բամբասանքի, հերյուրանքի» տարածման միջոց: Այդ իմաստով, այն, ինչ երեկ ասել է Սերժ Սարգսյանը մամուլի մասին, կարելի է համարել հենց Մաքսային միությանն անդամակցության ուղղակի հետևանք:
«Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը»:
Հիմա Հայաստանն այլևս այն ռեժիմում է, որտեղ մամուլը միայն պետք է դիֆերամբներ ձոնի իշխանությունների ազգանվեր գործերի մասին, փառաբանի ամեն մի պայմանագիրն ու որոշումը:
Սա մամուլի այն «տեսլականն» է, որը գործում է Մաքսային միության անդամ երկրներում, և այդ իմաստով` այդ հայտարարությունները կարելի է համարել ընդամենը Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» հերթական քայլերից մեկը: