Բաժիններ՝

Դրամաշնորհների մեծ մասը բաժին է ընկել ԵՊՀ գիտնականներին

Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) տրամադրած 31 դրամաշնորհներից 13-ը բաժին է ընկել ԵՊՀ գիտնականներին:

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող հիմնադրամը դրամաշնորհների տրամադրման մրցույթ է անցկացնում 2000 թ-ից սկսած: Հետազոտական խմբերին տրամադրվում են մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ, հայտերը ներկայացվում են առցանց եղանակով, իսկ հաղթողների ընտրությունը կատարում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:

2014 թ. դրամաշնորհների հանձնման արարողությունը տեղի ունեցավ այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: «14 տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակում բազմաթիվ դրամաշնորհներ են տրամադրվել, ինչը մեր դժվարին պայմաններում կարևոր աջակցություն է: Ցանկանում եմ, որ այդ դրամաշնորհներն արդյունավետ ծախսվեն գիտության մեջ»,- շնորհավորելով հաղթողներին՝ նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

2013 թ. նախաձեռնությանը միացել են նաև ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչի արդյունքում տրամադրվում է 5 լրացուցիչ դրամաշնորհ: Գիտնականների ու հետազոտական խմբերի անդամների տարիքային սահմանափակում չկա, սակայն նշված 5-ը պետք է տրամադրվեն միայն մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետներին:

«Երկրորդ անգամ է, որ ներկայացնում եմ գիտահետազոտական ծրագիր, բայց առաջին անգամ է, որ շահել եմ:  Երկու անգամն էլ որպես խմբի անդամներ ընտրել եմ մեր ուսանողներին: Ուսումնասիրելու ենք Հայաստանի տարբեր շրջաններից ոչխարի և մատակի կաթնամթերքից առանձնացված կաթնաթթվային բակտերիաների հակասնկային նյութի ազդեցությունը: Թեման բավականին արդիական է, որովհետև 21-րդ դարը համարվում է ոչ թե հակաբիոտիկների, այլ պրոբիոտիկների դարաշրջան»,- այսպես է իր թեման ներկայացնում դրամաշնորհ ստացած խմբերից մեկի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացուցիչ Ինգա Բազուկյանը:

Համալսարանական մեկ այլ՝ պրոֆեսոր Լևոն Մուրադյանի ղեկավարած խմբի հետազոտություններն էլ վերաբերում են ժամանակակից բարձր տեխնոլոգիական մեթոդների մշակմանը: «Մեր հետազոտության արդյունքում պետք է ստեղծվեն ֆոտոնիկ սարքեր ազդանշանի գրանցման համար»,- ասում է պարոն Մուրադյանը:

Այս տարի մրցույթին ներկայացվել է 210 գիտական հայտ, որոնցից հաղթող են ճանաչվել 31-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան են, կին ղեկավարներն էլ 12-ն են: Հաղթող թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 1-ը էկոլոգիայի ոլորտներից են:

Մինչ այսօր դրամաշնորհներ են ստացել 342 խմբեր և շուրջ 1330 գիտնականներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս