Բաժիններ՝

Թաղում հարսի շորերով, բռնություններ ու ցածր ինքնագնահատական. Կանանց իրավունքները` Հայաստանում. medialab.am

Medialab.am-ը գրում է. Հայ կանայք ցածր ինքնագնահատական ունեն. փաստում են կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների աշխատակիցները:

«Շիրակի մարզի Սարատակ գյուղում խոսելով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունից, մի կին ասաց, որ գոմ մաքրելն իր պարտականությունն է, ու եթե նա ինչ-ինչ պատճառներով դա չի արել, ուրեմն իր ամուսինը կամ սկեսուրը իրավունք ունեն իրեն  ծեծելու»,- «Մեդիալաբին» ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը:

Նիկողոսյանի կարծիքով՝ մայրաքաղաքի և մարզերի կանանց ընկալումներն այս հարցում իրարից շատ չեն տարբերվում և կնոջ դերին համապատասխանող գործառույթները չանելու դեպքում ծեծն ու ֆիզիկական բռնությունը համարվում են արդարացված, պարզապես Երևանում կան կանանց մի որոշակի խումբ, որոնք ունեն լավ կրթություն, իրազեկված են և ունեն լայն աշխարհայացք:

«Բայց դրանք մի քանի կետիկներ են, ընդ որում քիչ կետիկներ,- ասում է նա,- կա նաև համեմատաբար ավելի մեծ խումբ, որոնք դեմ չլինելով կնոջ դերին վերաբերվող տարածված կարծրատիպերին, այդուհանդերձ, դեմ են ծեծին ու բռնությանը»:

Այս ՀԿ-ն 2011թ. հանրապետության տարբեր մարզերում և քաղաքներում՝  550 բնակչի շրջաններում սոցիոլոգիական հարցում է անցկացրել կնոջ ընդունված դերին վերաբերվող կարծրատիպերի մասին, որի համաձայն ընտանիքում տղամարդու գործը հիմնականում աղբ թափելն է ու երբեմն առևտուր անելը, իսկ երեխաների խնամք, դաստիարակություն, խոհանոց, լվացք և այլ տնային գործերը կնոջ պարտականություններն են: Հարցվածների 74 տոկոսը պատասխանել է, որ ազատ գործելու համար նրան խանգարում է հասարակական կարծիքը:

«Նաև շատ տարածված կարծրատիպ կա, որ կինը չպետք է աշխատի, իսկ այն որ նա աշխատում է դաշտում, կով է կթում կամ հետևում է տանը՝ դա համարվում ոչ թե աշխատանք, այլ պարտականություն,- «Մեդիալաբին» ասում է ՀԿ համահիմնադիր Նոնա Արուճյանը,- իսկ կանանց մի ստվար խումբ համաձայն է, որ չաշխատող կանանց երեխաները ավելի դաստիարակված ու խելացի են, քան աշխատողներինը»:

Նիկողոսյանն ասում է, որ նմանատիպ մտքեր և կարծրատիպերի կրող են կառավարման օղակներում ընդգրկված մարդիկ, որոնք պարզապես «իրավունք չունեն այդպես մտածել»:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարում է, որ կանանց ֆուտբոլը այդքան էլ կարևոր չէ, որովհետև հայ հայրն ու ամուսինը երբեք թույլ չեն տա, որպեսզի իրենց աղջիկը քույրը կամ կինը ֆուտբոլով զբաղվեն,- ասում է Արուճյանը,- ի դեպ, դրանից հետո Վանաձորի աղջիկների մի երիտասարդ թիմ ցրվեց, որովհետև շատերի հայրերն արգելեցին, որպեսզի իրենց դուստրերը հաճախեն խմբակ»:

Նիկողոսյանը պատմում է, որ իրենց փորձառության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ գյուղից շատ աղջիկներ քաղաք գալու և թրեյնինգի մասնակցել չեն կարողանում, քանի որ նրանց եղբայրները «որոշել են, որ իրենց քույրը երբեք չի սովորելու, և նրա գործը ամուսնանալն ու երեխա բերելն է»:

Աննա Մուրադյան
Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի  «Արքայադստերից` ստրուկ» ֆոտոպատմությունից

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս