
ԵՄ-ը կարող է քաղաքացիների կենսաթոշակային կուտակումներն ուղղել տնտեսության զարգացմանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը մտադիր է Ապահովագրման ու կենսաթոշակային ապահովման եվրոպական վարչությանը (EIOPA) խնդրել մշակել մի օրինագիծ, որը կնախատեսի երկարաժամկետ նախագծերում ԵՄ-ի քաղաքացիների կենսաթոշակային կուտակումների ներդրում:
Այս մասին է վկայել գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը: Դրանով իսկ Բրյուսելը մտադիր է նվազեցնել տնտեսության կախվածությունը բանկային ֆինանսավորումից և գտնել միջոցների նորանոր աբյուրներ՝ բիզնեսի վարկավորման, ինչպես նաև ենթակառուցվածքներում ու այլ նախագծերում ներդրում անելու համար:
Բացի այդ, իշխանությունները մտադիր են ստեղծել կորպորատիվ պարտատոմսերով առևտրի լիկվիդային ու թափանցիկ երկրորդական շուկա: Ակնկալվում է, որ այդ միջոցի օգնությամբ ընկերություններին կհաջողվի ստանալ հավելյալ վարկային ռեսուրսներ:
Բրյուսելը նաև ցանկանում է վերականգնել արժեթղթավորման շուկան, որպեսզի բանկերը կարողանան համատեղել (միավորել) վարկերը և ապահովված պարտատոմսերի դրամական հոսքերի թողարկման միջոցով ներգրավել հավելյալ միջոցներ: Նախկինում այդ շուկան բավական զարգացած էր Եվրոպայում, սակայն 2007 թվականից հետո այն անկում է ապրել:
Վերջին շրջանում բիզնեսը ԵՄ-ում բողոքում է մատչելի վարկերի պակասից: Բանկերը ստեղծված իրավիճակը բացատրում են նրանով, որ կարգավորման նոր նորմերը իրենց հարկադրում են պահուստավորել մեծ ծավալի միջոցներ՝ հնարավոր կորուստների համար:
Նշվում է, որ ենթակառուցվածքների նախագծերում քաղաքացիների կենսաթոշակային կուտակումների ներդրման հարցը քննարկվում է նաև Ռուսաստանում: 2012 թվականի գարնանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դիտարկել այդպիսի հնարավորությունը: