Բաժիններ՝

Մեր հոգոցներն ու նրանց հոքուները

Որքան անտանելի ու նվաստացուցիչ էր թվում պետության անտարբերությունն իր քաղաքացիների նկատմամբ: Սակայն, պարզվում է, առավել անտանելի է հայտնվել պետության հոգատարության տիրույթում: Պետական ողջ ապարատը լծված է հոգալու քաղաքացիների ապահով ծերությունը` պարտադրելով 1974թ. և դրանից հետո ծնվածներին իրենց աշխատավարձից ամեն ամիս 5-10 (հաճախ` ավելի) տոկոս հանձնել ինչ-որ վստահելի ֆոնդերի: Պետությունը երդվում է, որ այս անգամ այդ գումարները չի գրպանելու, ինչպես գրպանեց մեր ծնողների խնայողությունները: Որ վերադարձնելու է: Անպայման: 23 տարի անց:

Քաղաքացիները պայքարում են պետության հոգատարության դեմ, դիմադրում են, ուզում են ազատվել պետության երկաթյա գրկախառնությունից: Դուրս են գալիս փողոց ու բարձրաձայն ասում են, որ դա կպչուն ու տհաճ հոգատարություն է: Բայց պետությունն անդրդվելի է. անպատճա՛ռ պիտի հոգ տանի:

Կառավարությունից վստահեցնում են, թե մարդիկ ուղղակի լավ չեն պատկերացնում` որպիսի հրաշալի գաղափար է սա, հետևաբար` անհրաժեշտ է համակարգը ներդնել` զանց առնելով քաղաքացիների կարծիքը: Պետք է ստիպել, պարտադրել, որ մարդիկ իրենց ապահով զգան: Նույն տրամաբանությամբ էլ կեղծվում են ընտրությունները, քանի որ հանրապետականները վստահ են` ընտրողներն իրենք էլ չգիտեն, որ միակ խելքը գլխին թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Այնպես որ, ներեցե՛ք, սիրելիներս, ձեր նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ ձեր անհոգ ծերության գրավականը` կենսաթոշակի կուտակային պարտադիր բաղադրիչը:

Եվ հոգ չէ, որ 1974թ. և հետո ծնված աշխատող մարդկանց նյարդային ու լարված իրավիճակում պահելով` պետությունն անում է հնարավորը, որպեսզի նրանց` կենսաթոշակային տարիքի հասնելու հավանականությունը փոքրանա: Առհասարակ, Հայաստանում իշխանությունների ծրագրերի իրականացմանը խոչընդոտող միակ «հանգամանքը» ՀՀ քաղաքացին է: Այդ քաղաքացու շահերը ստորադասվում են, երբ կառուցվում էր Հյուսիսային պողոտան. մարդկանց, հիշում եք, բռնի տեղահան էին անում:

Հիմա էլ իշխանությունների ծրագրերին խանգարում են միանգամից Օպերայի արտիստները, ծրագրավորողները, Մետրոպոլիտենի, Երկաթգծի աշխատակիցները: Խանգարում են, որ կյանքի կոչվի տեղական փողերը երկրից հանելու, ցածր տոկոսով արտասահմանյան ընկերություններին տրամադրելու և 23 տարի անց մարդկանց թոշակները վճարելու ծրագիրը:

Այն, որ 23 տարի անց երկրի ղեկին չեն լինի ներկայիս իշխանությունները, հնարավոր է հուսալ միայն` հիմք ընդունելով այս դեպքում արդեն բնության օրենքները և Հայաստանում մարդկանց կյանքի միջին տևողությունը:
Անհասկանալի համառությամբ երկրի իշխանությունները ոչ մի հարցում իրենց քաղաքացիներին ընդառաջ չեն գնում: Բարդույթավորված, ոչ կիրթ մարդկանց բնորոշ գիծ է` դիմացինին հասկանալը, նրա օրինական պահանջը կատարելը համարվում է թուլության նշան, ուղղակի հարված արժանապատվությանը: Իսկ, ահա, թե ինչ կարևոր պատմություն կա:

Ճապոնիայում հողը դեֆիցիտ է: Եվ երբ անհրաժեշտություն առաջացավ կառուցել Տոկիոյի օդանավակայանը, ամենամոտն ու հարմարը մոտակա Նարիտա քաղաքի հողերն էին: Այդ նպատակով անգամ կայսերական ընտանիքն էր իր սեփական հողերը նվիրաբերել երկրին:

Սակայն օդանավակայանի նախագիծն ընդգրկում էր նաև հարակից բնակելի տարածքները: Պետությունը բնակիչներին առաջարկեց այնքան գումար, որ մարդիկ ուրախությամբ համաձայնեցին տեղափոխվել:

Օդանավակայանին հարող տարածքում ապրող բնակիչներին, որոնց տները չէին մտնում նախագծի մեջ, որոնք, սակայն, պիտի զգային օդանավակայանի պատճառած բոլոր անհարմարությունները` աղմուկ, համեմատաբար աղտոտ օդ, կառավարությունն ամենամսյա փոխհատուցում նշանակեց: Բացի դա` պետության հաշվին ամրացվեցին այդ մարդկանց տները, տեղադրվեցին ձայնամեկուսիչ պատուհաններ:

Ընդ որում, բնակիչներից շատերը մինչ օրս էլ շարունակում են իրենց հավերը պահել անմիջապես թռիչքուղու հարևանությամբ: Սակայն այս մարդկանց մեջ կար մեկը, ում տունը հենց նախագծի կենտրոնում էր: Նա հրաժարվեց հեռանալ իր բնակավայրից: Դե, ինչպես ասում են` այդտեղ է ծնվել, այդտեղ մեծացել, իր պապերն այդտեղ են ապրել, այդտեղ են բրինձ մշակել: Իշխանությունները նրա այդ ցանկությունը վերագրեցին խորամանկության և չափազանց մեծ գումար առաջարկեցին:

Խնդիրն ավելի բարդացավ, երբ մարդը հրաժարվեց նաև այդ գումարից` ասելով, թե ինքն իր տունը չի թողնի և ոչ մի պայմանով: Ի՞նչ արեցին Ճապոնիայի իշխանությունները` պետության գերակա շահը սեփականին ստորադասող այդ տարօրինակ քաղաքացուն, որը թքած ուներ կառավարության հեռահար ծրագրերի, օդանավակայանի ընդլայնման և, ըստ այդմ, երկրի տնտեսության բարելավման վրա: Հայաստանում սա անգամ խնդիր էլ չէր լինի. քաղաքացու ձեռքերը կոլորեին ու նստատեղին աքացի տալով` կվտարեին իր տնից: Ծաղկող սակուրայի երկրում, սակայն, այդպես չվարվեցին:

Մինչ օրս Տոկիոյի Նարիտայի օդանավակայանի տարածքում, թռիչքուղիների կենտրոնում, իր համար անսասան, կարելի է ասել` անհողդողդ, կանգնած է համառ ճապոնացու հողակտորը` իր տնակով: Այսօր էլ օդանավակայանը տարածքի խնդիր ունի, սակայն չի կարողանում ընդարձակվել, քանի որ հարևան տարածքի բնակիչները, հասկանո՞ւմ եք, չեն ցանկանում հեռանալ իրենց տներից: Ու կառավարության ցանկությունը` երկրի զարգացման համար ընդլայնվող օդանավակայան ունենալ, դոփում է: (Google-ի քարտեզով այսօր էլ կարելի է տեսնել ճապոնացու բնակարանը` տիեզերքից):

Եթե իշխանությունները շահագրգռված են բացառապես իրենց քաղաքացիների ապահով ծերությունը կազմակերպելու խնդրով, կարող էին այլ տարբերակ մտածել: Օրինակ` յուրաքանչյուր քաղաքացու պարտադրել ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն հինգ տոկոսը` որպես ավանդ, դնել քաղաքացու նախընտրած բանկում: Այդպես քաղաքացին հնարավորություն կունենա անձամբ վերահսկել իր գումարները, տոկոսները, որոնք, ակնհայտորեն, ավելի բարձր կլինեն, քան այն ֆոնդերի տոկոսները, որտեղ կառավարությունը պատրաստվում է դնել այս գումարները:

Հ.Գ. Հոքու-ճապոնական չհանգավորված եռատող բանաստեղծություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս