
21-րդ դարում միայն պուտինյան մոդելը բավական չէ հաջողության հասնելու համար. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամերիկյան The New York Times թերթի էջերում մեկնաբանել է Սոչիի օլիմպիական խաղերը: Սաակաշվիլին փորձել է ապացուցել, որ պուտինյան համակարգը հեռու է ժողովրդավարությունից և որպես օրինակ է բերել սևծովյան Աբխազիայի ու Աջարիայի օրինակները:
Սաակաշվիլիի խոսքերով՝ Աբխազիայի կենտրոն Սուխումը կիսով չափ ավերված է, շինարարություն ընթանում է միայն ռուսական ռազմաբազաներում և ընդհանուր առմամբ հանրապետությունը (Աբխազիա) թվում է լքված ու մռայլ. «Մինչդեռ նրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ընկած է Աջարիան, որը մենք 2004 թվականին կարողացանք խլել Պուտինից ու նրա դրածոներից:
Նախկինում հետամնաց ու անհույս այդ շրջանում այժմ կան ավելի շքեղ հյուրանոցներ, քան՝ Սոչիում, իսկ մթնոլորտն ու անվտանգությունը շատ ավելի լավն է: Նման փոփոխությունը հնարավոր եղավ օտար ներդրողների միլիարդավոր դոլարների շնորհիվ»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ 21-րդ դարում միայն պուտինյան մոդելը բավական չէ հաջողության հասնելու համար՝ հավելելով, որ Ռուսաստանին անհրաժեշտ են իրական բարեփոխումներ, իրական արդիականացում ու բաց հասարակություն:
Սաակաշվիլին ուշադրություն է հրավիրել նրան, որ նավթ չունեցող Վրաստանը զբաղեցնում է Համաշխարհային բանկի կազմած բիզնեսի վարման հարմարավետության զեկույցի 8-րդ հորիզոնականը, մինչդեռ Ռուսաստանը 92-րդ տեղում է.
«Չնայած նավթային բումին՝ Ռուսաստանն այսօր անկման շեմին է: Կան արմատական հակասություններ մի կողմից անցյալը վերականգնելու Պուտինի ձգտման, իսկ մյուս կողմից լավագույն ապագա ունենալու մարդկանց երազանքի միջև»: