Գաղափարի վախճանը
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին միացողների թիվը շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Անցած շաբաթ այդ համակարգի կիրառման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները, այս շաբաթվա սկզբին նրանց միացան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները՝ բոյկոտելով «Անուշ» օպերան, երեկ արդեն «Ետ տվե՛ք մեր փողերը» կարգախոսով փողոց էին դուրս եկել Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները, պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ալիքը ծավալվել է նաև մարզերում:
Երեկ Կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում «Նաիրիտի» աշխատակիցները՝ պահանջելով վճարել ամիսներով կուտակված աշխատավարձի պարտքը: Բողոքի բոլոր նշված ու բազմաթիվ այլ ակցիաներն, իհարկե, շատ դրական են ու ողջունելի, դրանք վկայում են, որ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների ոտնահարման դեմ և չեն ցանկանում ենթարկվել իշխանությունների կամայականություններին:
Սակայն, ամենևին չնսեմացնելով այս ամենի դրական նշանակությունը, այդուհանդերձ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ, փաստորեն, Հայաստանում մարդիկ պայքարի են դուրս գալիս միայն այն դեպքում, երբ վտանգվում են նրանց եկամուտները, ավելի պարզ ասած՝ բողոքում են միայն այն ժամանակ, երբ իշխանությունը «կպնում» է փողին: Այս երևույթի խորքային պատճառների մասին գուցե պետք է խոսեն համապատասխան մասնագետները՝ սոցիոլոգները, հասարակագետները կամ հոգեբանները: Սակայն, անկախ պատճառներից, այն վկայում է Հայաստանում գաղափարի, արժեքների վախճանի մասին:
Մարդիկ հանդուրժում են իշխանությունների բոլոր «ընդհանուր բնույթի» ապօրինությունները՝ ընտրակեղծարարություն, տնտեսության մոնոպոլացում, քաղաքական հետապնդումներ, արդարադատության բռնաբարում, Հայաստանի ինքնիշխանության հանձնում, բազմաթիվ այլ արատավոր երևույթներ, որոնք Հայաստանը դարձնում են այնպիսի երկիր, որտեղից բոլորը ցանկանում են արտագաղթել և փողոց են դուրս գալիս միայն ժամանակ, երբ վերը նված ու չնշված քայլերով, ըստ էության, պետության հանդեպ դավաճանություն իրականացնող իշխանությունը դիպչում է նրանց գրպանին:
Որքան էլ տարօրինակ հնչի, այս իրողությունը վկայում է Հայաստանում ադեկվատության, կործանարար ադեկվատության վիճակի մասին:
Հասարակությունն իր այս վարքագծով դառնում է ադեկվատ և՛ իշխանությանը, և՛ դրա դեմ պայքարող ընդդիմությանը: Իշխանությունների համար որևէ երևույթի չափման միակ միավորը փողն է: Դրա համար կարելի է երկրի ներսում ցանկացած «բարեփոխում» իրականացնել, դրա համար կարելի է արմատապես փոխել պետության արտաքին քաղաքական կուրսը, և այդպես շարունակ:
Վերջին մի քանի տարիներին ընդդիմությունը ցույց տվեց, որ ժողովրդավարության ու պետության փրկության կարգախոսներով իրականում հետապնդում է նույն նպատակը՝ փողը կամ դրան հավասարեցված իշխանությունը, որի համար կարելի է ազատականությունը փոխարինել սոցիալ-դեմոկրատիայով, ընդհանրապես ցանկացած գաղափար ու սկզբունք ստորադասել պրագմատիզմին ու կոնյունկտուրային: Հայաստանում քաղաքականությունը վաղուց գաղափարների պայքարից տրանսֆորմացվել է` շահերի, ավելի կոնկրետ՝ փողի պայքարի:
Եվ եթե մինչև հիմա այդ սկզբունքով առաջնորդվում էին քաղաքականության սուբյեկտները՝ իշխանությունն ու ընդդիմությունը, ապա այլևս նույն կերպ է վարվում նաև քաղաքականության օբյեկտը՝ հասարակությունը, որի բարօրության համար էլ «պայքարում են» իշխանությունն ու ընդդիմությունը՝ դրանից բխող ֆինանսական հետևանքներով: Խնդիրն ամենևին հասարակությանը մեղադրելը չէ, թե ինչո՞ւ հասարակությունը չի պայքարում հանուն գաղափարների, հանուն ավելի լավ պետություն ունենալու, որտեղ իշխանությունն իր ամեն քայլով չի գրպանի քաղաքացուն:
Նույն իշխանությունն ու քաղաքական ուժերն են տարիների ընթացքում իրենց պատեհապաշտությամբ հասարակությանը հասցրել այն հոգեվիճակին, որ Հայաստանում կա ընդամենը մեկ «լիկվիդային» գաղափար, և դրա անունն է` փող, ինչի համար էլ մարդիկ պատրաստ են դուրս գալ պայքարի: