
Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշային աղյուսակում 78-րդն է

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders, RWB) կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում մամուլի ազատության մասին իր ամենամյա զեկույցը:
Դրանում ընդհանուր առմամբ ներառվել է 180 երկիր: Զեկույցում առանձին անդրադարձ է կատարված ԱՊՀ-ի երկրներին: Ռուսաստանը զբաղեցրել է 148-րդ տեղը: Նշվում է, որ այդ երկրում իշխող վարչակարգը դառնում է ավելի ռեպրեսիվ և աճում է քաղաքացիական հասարակության ակտիվ դիմակայությունը:
Հետխորհրդային տիրույթում մամուլի ազատության համար առավել վնասակար վարչակարգերը նրանք են, որոնք քիչ են ենթարկվում միջազգային հանրության ճնշմանը՝ կապված իրենց նավթային ու գազային պաշարների հետ: Խոսքը գնում է Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի մասին: Այս երկրները բավական հարուստ են, որպեսզի իրենց զգան անձեռնմխելի:
Թուրքմենստանը զբաղեցրել է 178-րդ տեղը, Ուզբեկստանը՝ 166-րդ տեղը, Ղազախստանը՝ 161-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 160-րդ տեղը: Մաքսային միության անդամ Բելառուսը 157-րդն է, իսկ Ուկրաինան՝ 127-րդը:
Մոլդովան 56-րդն է, Հայաստանը՝ 78-րդը, Վրաստանը՝ 84-րդը, իսկ Ղրղզստանը՝ 97-րդը: RWB-ը հաշվի է առել այն, որ 2013 թվականին ընտրությունները Հայաստանում ու Վրաստանում անցել են հանգիստ մթնոլորտում, և որ լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են:
Թուրքիան զբաղեցրել է 154-րդ տեղը: Ներկայումս Թուրքիայի բանտերում է գտնվում մոտ 60 լրագրող, ինչն այդ երկիրը վերածում է մամուլի համար աշխարհի խոշոր բանտերից մեկի: Իրավիճակն ավելի ծանր է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Էրիթրեան, Սոմալին ու ԿԺԴՀ-ը:
Վարկանիշային աղյուսակն անփոփոխ գլխավորում են եվրոպական երկրները՝ Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ ու Անդորա: Հունաստանն 99-րդն է, իսկ Բուլղարիան՝ 100-րդը: Էստոնիան 11-րդն է: