Բաժիններ՝

Պետք է աշխատանքային շաբաթը սահմանափակել 30 ժամով. Krytyka Polityczna

Լեհական Krytyka Polityczna պարբերականի փոխանցմամբ` 1930 թվականին տնտեսագետ Ջոն Քեյնսը կանխատեսել է, որ 21-րդ դարում տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կարողանալու են շաբաթական աշխատել ընդամենը 15 ժամ: Սակայն ներկայումս Լեհաստանում մարդիկ սովորաբար աշխատում են շաբաթական 40 ժամ և հաճախ են տուն վերադառնում լիովին հյուծված վիճակում:

Բրիտանական New Economic Foundation հետազոտական կենտրոնի սոցիալական աշխատանքի բաժնի պետ, հետազոտող ու քաղաքացիական ակտիվիստուհի Աննա Կուտը կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավ ելք կլիներ աշխատանքային շաբաթի կրճատումը.

«Այո՛, դա լավ գաղափար է: Մեր կարծիքով` աշխատանքային շաբաթը պետք է սահմանափակվի մոտ 30 ժամով: Եվ դա լիովին իրատեսական է: Երբ մարդիկ ունեն ավելի շատ ազատ ժամանակ, նրանք կարող են անցկացնել այն` կատարելով հասարակության համար բազմաթիվ օգտակար բաներ: Օրինակ, նրանք կարող են զբաղվել իրենց երեխաներով կամ տարեց ազգականներով:

Այժմ չափազանց մեծ շեշտադրում է կատարվում հանուն փողի աշխատանքի վրա: Միևնույն ժամանակ կան չվճարվող աշխատանքի բազմաթիվ տեսակներ, որոնք ունեն իրենց արժեքը: Աշխատաժամանակի կրճատումը թույլ կտա հարթել սեռերի անհավասարության խնդիրը և առավել սահուն անցնել թոշակի:

Մենք առաջարկում ենք ամեն ինչ չփոխել անմիջապես, փոխարենն աստիճանաբար անցում կատարել առավել կարճ աշխատանքային շաբաթի: Նախ դա պետք է լինի կամավոր, որպեսզի մարդիկ կարողանան փոխել իրենց մոտեցումը և մտածեն, որ կյանքում իրենց համար իրականում ինչն է արժեքավոր: Աշխատաժամանակի կրճատումը նրանց հնարավորության կտա ապրել ավելի հավասարակշիռ ձևով:

Ժամանակի սղության պատճառով մենք անում ենք շատ բաներ. ինչ-որ տեղ ոտքով գնալու փոխարեն, նստում ենք մեքենա և դրանով իսկ ծախսում ենք ավելի շատ ռեսուրսներ: Շտապելու պատճառով մենք սնվում ենք «ֆասթ ֆուդերում» (արագ սննդի կետեր): Դա մեծացնում է մեր բնապահպանական հետքը:

Դա օգտակար կլինի նաև տնտեսության համար, քանի որ ճգնաժամի ժամանակ շատերին չի բավականացնում աշխատանքը, և կարելի կլինի աշխատատեղերը բաշխել ավելի արդար ձևով` դրանցով ապահովելով ավելի շատ մարդկանց: Ինչ վերաբերում նրան, թե արդյոք տվյալ դեպքում մեզ կբավականացնի՞ գումարը, ապա խնդիրը ցածր աշխատավարձի և ոչ թե աշխատաժամերի քանակության մեջ է:

Գոյություն ունեն ապացույցներ, որ երբ մարդիկ ավելի քիչ են աշխատում, նրանք առավել արդյունավետ են գործում: Նրանք ավելի շատ են տարվում աշխատանքով, կարող են զարգացնել իրենց ունակությունները, կյանքը կազմակերպել այնպես, որպեսզի լինեն առավել երջանիկ:

Մենք պետք է սկսենք մտածել շրջակա միջավայրի մասին: Ջերմոցային գազերի արտանետման մասին կանխատեսումներն ունեն աղետալի տեսք: Կարո՞ղ ենք ապրանքներն արտադրել ավելի էժան, քան Չինաստանում է: Հավանաբար այո, սակայն տեսեք, թե նրանք ինչ են անում իրենց բնության հետ:

Մյուս կողմից էլ Եվրոպայում կան երկրներ, ուր աշխատում են ավելի քիչ, քան ասենք Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում, սակայն նրանց տնտեսությունը գտնվում է ավելի լավ վիճակում: Այնպես որ կապ գոյություն չունի տնտեսական հաջողության ու աշխատանքային շաբաթի միջին տևողության հետ:

Եթե հարցնենք մարդկանց, թե նրանց համար իրականում ինչն է ամենակարևորը, գրեթե բոլորը կպատասխանեն, որ երեխաների, ընտանիքի, ընկերների երբեմն էլ աշխատանքային գործընկերների հետ հարաբերությունները: Սակայն մեզ փորձում են համոզել, որ մենք չպետք է ցանկանանք որևէ այլ բան` բացառությամբ գումար վաստակելուց ու ծախսելուց (դա բխում է կորպորացիայի շահերից, ով ձգտում է մեզ վաճառել իր արտադրանքը):

Չնայած ֆեմինիստական շարժման մի քանի տասնյակ տարիների պատմությանը` կանայք շարունակում են վաստակել ավելի քիչ և զբաղվում են առավել պակաս կարգավիճակային աշխատանքով: Հիմնական պատճառն այն է, որ երբ նրանք երեխաներ են ունենում, նրանք թողնում են աշխատանքը կամ էլ աշխատում են ավելի քիչ` կորցնելով ավելի շատ վաստակելու հնարավորությունը:

Տղամարդը շարունակում է աշխատել ողջ թափով, սակայն դրա հետ մեկտեղ կորցնում է իր երեխաներին ավելի լավ ճանաչելու, նրանցով զբաղվելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Իսկ կինը չի կարող դուրս գալ աշխատանքի, ձեռք բերել հմտություններ ու գումար: Այս իրավիճակը շահավետ չէ երկու կողմի համար էլ:

Բայց եթե և՛ տղամարդիկ, և՛ կանայք աշխատեն շաբաթական 30 ժամ, նրանք կկարողանան ժամանակին պլանավորեն իրենց երեխաների հետ պարապելը, իսկ տղամարդիկ կարող են սովորել դա (նրանք հաճախ զգում են, որ երեխաների հետ պարապելն իրենց չի վերաբերում): Կարևորն այն է, որ բոլորը կարողանան աշխատել ավելի քիչ ժամկետով. այդ ժամանակ կնվազի անհավասարությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս