Հայրիկյանի պայքարն ընդդիմության դեմ
Երեկ Ազատության հրապարակում հրավիրված հերթական հավաքի ժամանակ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դժգոհում էր, որ իր բոլոր առաջարկությունները մյուս քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների կողմից մերժվում են:
Հայրիկյանն այդ ուժերին հրավիրում է մասնակցել իր կողմից կազմակերպվող հավաքներին, բայց որևէ մեկը չի արձագանքում, առաջարկում է, որ իրեն հրավիրեն իրենց կողմից կազմակերպվող հավաքներին, դարձյալ չեն արձագանքում և չեն հրավիրում: Հայրիկյանն ասում է, թե ինքն ուզում է, որ այդ բոլոր ուժերը հավաքվեն մեկտեղ և հրապարակայնորեն քննարկեն իրենց մոտեցումները. ինչ-որ մեկը կարող է ասել, որ ինքը դեմ է ընտրություններին և կողմ է համակարգային փոփոխություններին, ինչ-որ մեկը կարող է ասել, որ պետք է հեղափոխություն անել, ինքը դրանում որևէ խնդիր չի տեսնում, կարևորը` լինի հրապարակային քննարկում:
Բայց քանի որ այդ ուժերը հրաժարվում են համատեղ հավաքներ կազմակերպել, Հայրիկյանը նրանց մեղադրում է ԿԳԲ-ի կողմից կառավարվելու մեջ: «ԿԳԲ-ն սիրում է գաղտնիություն և ոչ թե` հրապարակայնություն»,- ասում է Պարույր Հայրիկյանը:
Այն, որ Հայրիկյանին չեն հրավիրում որևէ հանրահավաքի, կարող է ունենալ երկու բացատրություն: Մեկն այն է, որ մյուս քաղաքական ուժերը համարում են, որ Հայրիկյանը չունի հանրային աջակցություն:
Հայրիկյանի հավաքներին հրապարակում անգամ 100 մարդ չի հավաքվում: Ի՞նչ իմաստ կա` համագործակցել մի քաղաքական կուսակցության հետ, որի ռեսուրսն այդքան սահմանափակ է: Մյուս պատճառն այն է, որ Հայրիկյանն իր ելույթներով կարող է փչացնել բոլորի տրամադրությունը: Հայրիկյանից խուսափելու հիմնական պատճառը, թերևս, հենց դա է:
Մասնավորապես` երեկ խոսելով Ուկրաինայում զարգացող դեպքերի մասին, Հայրիկյանը կարևոր համարեց, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը չի միջամտելու Մայդանում ընթացող իրադարձություններին:
Դրանից անմիջապես հետո Հայրիկյանը հիշեց, թե ինչպես 1995թ. խորհրդարանական ընտրություններից առաջ և 1996թ. նախագահական ընտրություններից հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակը և ռազմականացված խմբավորումներն օգտագործեց ընդդիմության բողոքի գործողությունները ճնշելու համար: Հետո հիշում է, թե ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 1-ին բանակի օգնությամբ ցրեց ցուցարարներին: Այսօր հանրահավաքներ կազմակերպում են առաջին և երկրորդ նախագահի կողմնակից կուսակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն: Մի՞թե նրանք կարող են հանդուրժել, որ իրենց ներկայությամբ հնչեն Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին քննադատող ելույթներ, երբ այդ հանրահավաքներն անցկացվում են հանուն նրանց:
Մյուս քաղաքական ուժը, որի հետ տեսականորեն հնարավոր էր Հայրիկյանի համագործակցությունը, «Ժառանգությունն» է: Բայց այսօր հրապարակում Հայրիկյանն անդրադարձավ նաև «Ժառանգությանը»: Նա հայտարարեց, որ իրենք չեն երդվում, որովհետև տեսան, թե ինչ արեցին նախկինում երդվողները: ԱԻՄ նախագահն ակնհայտորեն նկատի ուներ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով անցյալ տարի ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, հրապարակային երդման արարողություն կազմակերպեց Ազատության հրապարակում` հայտարարելով, որ այլևս չի ճանաչում Սերժ Սարգսյանին և Վեհափառին` վստահեցնելով, որ շարունակելու է պայքարել, չի հիասթափվելու և հաղթելու է:
Հայրիկյանը կարող էր համագործակցության եզրեր գտնել պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ:
Բայց երեկվա հավաքում նա հայտարարեց, որ փետրվարի 18-ին իրենք կազմակերպում են հանրահավաք Ծիծեռնակաբերդից մինչև ազատության երգիչ Միքայել Նալբանդյանի հուշարձանը: Հայրիկյանն ասում է, որ իրենց միջոցառումը հայ ժողովրդի ազատության երգիչ Նալբանդյանի հուշարձանի մոտ ավարտելն ունի իր խորհուրդը. ցույց տալ, որ Հայաստանում, բացի հացի համար պայքարողներից, կան նաև ազատության գաղափարի համար պայքարողներ: Հայրիկյանն ընդունում է նաև հացի համար պայքարի գաղափարը, քանի որ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասել` ոչ միայն հացիվ»:
Բայց, ընդունելով հանդերձ պայքարը նյութականի համար, Հայրիկյանն առաջնային է համարում պայքարն ազատության համար: Իսկ նյութականի համար պայքարն ասոցիացվում է, առաջին հերթին, կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարողների հետ, ովքեր դեմ են իրենց աշխատավարձից կենսաթոշակային հիմնադրամների օգտին կատարվող պարտադիր պահումներին:
Ինչպես տեսնում եք, Հայրիկյանն իր հավաքն ամբողջությամբ նվիրել էր այսօր տարբեր ֆորմատներով իշխանությանը դեմ պայքարողների քննադատությանը: Եվ այսքանից հետո նա զարմանում է, որ իրեն չեն հրավիրում մասնակցելու իրենց միջոցառումներին և չեն ընդունում իր հրավերները: Իրականում Հայրիկյանը պայքարում է ոչ այնքան` իշխանության, որքան` ընդդիմության դեմ: Շատ դեպքերում` միանգամայն իրավացիորեն: