Ամանդա Փոլ. Հայ հասարակությունը շատ ավելի պասիվ է, քան ուկրաինացիները

Հարցազրույց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» («European Policy Centre») վերլուծաբան, Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի փորձագետ Ամանդա Փոլի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում Կիևի Մայդան հրապարակում և ընդհանրապես Ուկրաինայում շարունակվող ցույցերը ու զարգացումները: Ի՞նչ եք կանխատեսում, արդյոք կտապալվի՞ նախագահ Յանուկովիչի իշխանությունը:

– Այսքան ժամանակ նախագահ Յանուկովիչին չէր հետաքրքրում որևէ լուրջ փոխզիջում, նրան միայն իր իշխանությունը պահպանելն էր հետաքրքրում: Ինչևէ, միջազգային հանրության ճնշման տակ նա համաձայնեց ընդդիմության եռյակի («տրոյկայի») հետ նստել բանակցությունների սեղանին, սակայն առայժմ այդ հանգամանքն օգտագործում է միայն ժամանակ ձգելու և Եվրոպայի հասարակական կարծիքն իր օգտին բանեցնելու նպատակով: Նա ամբողջովին չկատարեց ընդդիմադիր ուժերի և ցուցարարների պահանջները` միաժամանակ գնալով կեղծ քայլերի, ինչպիսին էր Համաներման մասին վերջին օրենքը:

Նոր քննությունը կլինի այն, թե արդյոք կընդունվի՞ Եվրոպական միության և Միացյալ Նահանգների օգնության առաջարկը, որն իր մեջ պարունակում է շատ յուրահատուկ պահանջներ և պայմաններ, այդ թվում` նոր ընտրությունների ժամկետի սահմանումը, բռնության վերացումը, նոր կոալիցիոն կառավարության ձևավորումը, քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Մինչ ընդդիմադիր ուժերը սպասում են, որ այդ առաջարկն ընդունվի, Յանուկովիչին անհրաժեշտ է խորհրդակցել իր «խորհրդատուի»` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի վերջո, Յանուկովիչի երգը երգված է: Հարցը միայն այն է, թե նա ե՞րբ կհեռանա և ինչպե՞ս: Ուկրաինացիները չեն հանգստանա, մինչև նա չհեռանա:

– Ինչպե՞ս կգնահատեք Արևմուտքի` Միացյալ Նահանգների և Եվրամիության ներգրավվածությունն այս գործընթացներում: Ուշագրավ է նաև Ռուսաստանի դերակատարությունը. ռուսական պետական քարոզչությունը դատապարտում է Մայդանի ըմբոստությունը` այն բնորոշելով` չափազանց բացասական երևույթ: Ռուսաստանցի քաղաքական գործիչները, հատկապես` իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև` մի շարք վերլուծաբաններ, հայտարարում են, թե Եվրոպան և ԱՄՆ-ը թքած ունեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի ճակատագրի վրա, քանի որ, իրենց խոսքերով, նրանք Ուկրաինան դիտարկում են` որպես պարզապես նոր բացվող շուկա և Ռուսաստանը թուլացնելու միջոց: Արդյոք կա՞ սրա մեջ ճշմարտության հատիկ:

– ԵՄ-ն դանդաղ մեկնարկից հետո ուժեղացրեց իր ներգրավվածությունը, թեև, ի տարբերություն ԱՄՆ-ի, եվրոպական ղեկավարները պատրաստ չէին սանկցիաներ կիրառել ուկրաինական պաշտոնյաների նկատմամբ կամ սառեցնել մի շարք ուկրաինացի քաղաքական գործիչների և օլիգարխների հաշիվները, ովքեր ֆինանսական հաշիվներ և ներդրումներ ունեն ԵՄ անդամ պետությունների տարածքում: Սա հիասթափություն էր:

Ի վերջո, ԵՄ արտաքին քաղաքականությունը հիմնված է գլխավոր մայրաքաղաքների շահերի վրա, և այդ մայրաքաղաքները նախընտրում են նստել և սպասել` ի՞նչ կանեն Յանուկովիչն ու Պուտինը:

Ռուսական քարոզչությունը որևէ մեկին չի կարող խաբել, նույնիսկ ռուսներին` երկրում քաղաքացիական հասարակությամբ և ժողովրդավարական շարժումներով հանդերձ, իսկ դրանք բացահայտորեն աջակցում են Եվրամայդանին: Կարծում եմ` Ռուսաստանի ղեկավարությունն Ուկրաինան դիտարկում է` որպես Ռուսաստանի անբաժանելի մաս, հետևաբար` նրանք կպայքարեն Ուկրաինան պահելու համար:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Պուտինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին հարցերին:

– Պետք է չհամաձայնեմ նախագահ Պուտինի հետ: Ռուսաստանի մոտեցումն Ուկրաինային երկկողմանի սուր ծայրեր ունի. նա միջամտում է թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերին և գիտի, թե ինչ է ուզում: Հայտնի փաստ է, որ Ռուսաստանը փորձում է թաքցնել իր ներգրավվածությունը: Երբ Ռուսաստանի նախագահը խոսում է Ռուսաստանի մասին` որպես առանձնահատուկ քաղաքակրթության մաս` Արևելյան Սլավոնական կենտրոնով, նա Ուկրաինային տեսնում է դրա սրտում. ըստ նրա` ուկրաինացիները և ռուսները մեկ ժողովուրդ են, հետևաբար` սա ոչ թե ինտեգրման պայքար է, այլ պայքար է Ուկրաինան պահելու համար:

– Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը, ի թիվս մի քանի այլ երկրների, հանդիսանում են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ, և նրանք երկուսն էլ, ըստ էության, ենթարկվեցին ռուսական ճնշմանը` արդյունքում բավական անսպասելիորեն հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և նախաստորագրումից: Ուստի, կարելի է ասել, որ Հայաստանի ու Ուկրաինայի ճակատագրերն այս իմաստով բավական մոտ են: Արդյոք ճի՞շտ կլինի այն ձևակերպումը, որ Ուկրաինան այսօր որոշակիորեն Հայաստանի դարպասն է` Ռուսաստանի ազդեցությանը դիմագրավելու առումով: Եթե Ուկրաինայում իշխանության գան եվրոպամետ ուժեր, սա կարո՞ղ է ազդել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարի վրա:

– Որքան Ուկրաինայի և Հայաստանի ճակատագրերը ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի հետաձգման իմաստով ունեին նմանություններ, այնքան էլ տարբերություններ կան: Ռուսաստանի լծակները Հայաստանում շատ ավելի հզոր են և նշանակալի: Այդ լծակներն ընդգրկում են առևտուրը, տնտեսական ներդրումները, էներգետիկ ոլորտը, միգրացիան և, իհարկե, անվտանգությունը:

Երկրորդ հանգամանքն այն է, որ եվրոպական ինտեգրացիան Ուկրաինայի հասարակության մեծամասնության համար նշանակում է` քաղաքակրթական ընտրություն` ընտրություն մի կողմից` արժեքների և ազատության, և մյուս կողմից` ճնշման միջև, ժողովրդավարության և բռնատիրության միջև: Այսպիսի պատկերացում կամ տեսլական Հայաստանում չկա:

Ժողովրդավարությունը ևս Ուկրաինայում շատ ավելի զարգացած է, քան Հայաստանում: Ուկրաինան ունի բազմակարծիք քաղաքական դաշտ, շատ ակտիվ քաղաքացիական հասարակություն, իսկ Ուկրաինայի խորհրդարանը մինչև վերջին դեպքերը պարզապես դակողի դեր չէր կատարում: Բացի այդ` Հայաստանն ընդունել է Մաքսային միությանը միանալու առաջարկը և շատ մեծ արագությամբ գնում է այդ ուղղությամբ`չնայած այն փաստին, որ դա վատ ընտրություն է երկրի համար: Եթե Ուկրաինայի՛ ղեկավարությունը երկիրը տանի դեպի Մաքսային միություն, համոզված եմ, որ այդ երկիրը կպայթի:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` կա՞ հավանականություն, որ հակաիշխանական հզոր շարժումներ կսկսվեն նաև Հայաստանում:

– Եթե նման բան հնարավոր լիներ, ապա այն արդեն պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: Մինչդեռ մենք Հայաստանում տեսանք միայն որոշ խաղաղ ցույցեր, որոնք բավական փոքր էին, իսկ Հայաստանի իշխանությունները դրանց պատասխանեցին բռնի ուժի կիրառմամբ, ինչը դատապարտվեց:

Դժբախտաբար, Սարգսյանի այս որոշումն ավելի կախյալ դարձրեց Հայաստանը: Հայ հասարակությունը շատ ավելի պասիվ է, քան ուկրաինացիները` լավ կյանքի, ավելի ժողովրդավարական ապագայի, մարդու իրավունքների, ազատության և օրենքի իշխանության համար պայքարելու իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս