Օրակարգին սպասելիս
Ինչպես և սպասվում էր, Ազգային Ժողովի իշխանական մեծամասնությունը երեկ տապալեց «գազային համաձայնագրերն» ուսումնասիրելու հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը: Դա արվեց ինչպես միշտ` «չորով», առանց որևէ հոդաբաշխ բացատրության: Թե ի՞նչ գործնական արդյունք էր տալու այդ հանձնաժողովի ստեղծումը, դժվար է ասել: Իհարկե, այդ հանձնաժողովի շրջանակներում ոչ իշխանական ուժերը շատ ավելի հիմնավոր ու փաստարկված կներկայացնեին գազային համաձայնագրերի ընդունման, 300 միլիոն դոլար պարտքի կուտակման հանցավոր, անօրինական ընթացքը՝ դրա արդյունքներով ինչ-որ զեկույց կպատրաստեին, որը կդրվեր քվեարկության և կմերժվեր այնպես, ինչպես մերժվեց հանձնաժողովի ստեղծման առաջարկը:
Առանց այդ հանձնաժողովի ստեղծման էլ, գոնե գազային համաձայնագրերի ու 300 միլիոն դոլար պարտքի հետ կապված` ոչ իշխանական ուժերն այնքան փաստեր ու հիմնավորումներ են ներկայացրել, որ դրանք բավական են մի քանի հատորանոց քրեական գործեր հարուցելու ու մի քանի կառավարություն պաշտոնանկ անելու համար: Այսինքն՝ այս իշխանության պայմաններում նման հանձնաժողովի ստեղծումը, ըստ էության, անիմաստ զբաղմունք է, ինչը, բնականաբար, հասկանում են նաև ոչ իշխանական ուժերը: Հասկանալով հանդերձ` վերջիններս նախօրեին, մինչ հանձնաժողովի ձևավորման հարցի քվեարկությունը, սպառնում էին՝ ստեղծել հանձնաժողով, այլապես իրենք ամեն ինչ կանեն «քաղաքական լայն օրակարգ ձևավորելու համար», այսինքն՝ դուրս կգան փողոց:
Դա, իհարկե, հավասարապես կարելի էր համարել նաև գործարք՝ ստեղծեք հանձնաժողով, դրա դիմաց փողոց դուրս չենք գա: Բայց իշխանությունը ո՛չ գործարքն ընդունեց, ո՛չ սպառնալիքը: Ու հիմա, ինչպես ասում են, գնդակը ոչ իշխանական ուժերի դաշտում է: Երեկվա դրությամբ` նրանցից որևէ մեկին Ազատության հրապարակում տեսնող չի եղել: Իսկ լրագրողների հետ զրույցներում նրանք հիմնականում ասել են, որ հանձնաժողովի ստեղծման առաջարկի մերժմանը պետք է հաջորդի կառավարության հրաժարականը, որի նախաձեռնությամբ, ի դեպ, խոստանում էին հանդես գալ փետրվարի սկզբին, բայց այդպես էլ հանդես չեկան:
Սակայն, եթե ընդունենք անգամ, որ կառավարությունը կարող է հրաժարական տալ, նշանակո՞ւմ է արդյոք, որ դրա արդյունքում «գազային համաձայնագրերը» չեղյալ կհայտարարվեն, 300 միլիոն դոլար պարտքն էլ կզրոյացվի: Իհա՛րկե ոչ: Այսինքն՝ այս հարցում անգամ կառավարության հրաժարականը չի կարող փրկել, որովհետև, ինչպես «գազային համաձայնագրերը», այնպես էլ 300 միլիոն դոլար պարտքը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման ածանցյալներ են, իսկ մեր ընդդիմության մեծամասնության համար Մաքսային միությանն անդամակցության դեմ խոսելը նույնն է, ինչ «Բարգավաճ Հայաստանի» համար՝ Սերժ Սարգսյանի դեմ խոսելը, այսինքն՝ անթույլատրելի:
Իշխանությունը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ ընդդիմության կողմից ներկայացված ոչ գործարքն է գայթակղիչ, ոչ էլ՝ առավել ևս, սպառնալիքը՝ վտանգավոր: Իշխանություններն անուն առ անուն գիտեն, թե ընդդիմադիրների որ մասը հրապարակում չի լինի Մաքսային միության դեմ պայքարում, և ով «կնեղացնի լայն օրակարգը», երբ օրակարգում հայտնվի այս բոլոր խնդիրների լուծման միակ ճանապարհը՝ իշխանափոխության պահանջը: Հայաստանի ներկայիս իրավիճակի լուծման բանալին գտնվում է փողոցում՝ ոչ թե խորհրդարանական աշխատասենյակներում, այլ հասարակական պահանջով ձևավորված լայն օրակարգով: Բայց ընդդիմության համար փողոցը, այսինքն` իշխանափոխությունը, դարձել է ոչ թե պահանջ, այլ իշխանությունների հետ սակարկության առարկա, որն իշխանությունը համառորեն չի ընդունում: Հավանաբար այն պատճառով, որ «անհատական գործընկերության» ձևաչափով գործարքներն ավելի արդյունավետ են, քան «լայն քաղաքական օրակարգի» շուրջ սակարկությունները: