Մի սգավոր ինքնաթիռ՝ Արագածի լանջին
Հիմա չեմ կարող ասել` Արագածի լանջերից մեկի վրա պահպանվե՞լ են վթարված ինքնաթիռի բեկորները, թե՞ ժամանակը դա էլ է իր հետ սրբել-տարել (ըստ որոշ տեղեկությունների` այն արդեն լեռնալանջին չէ), սակայն հրաշալի հիշում եմ, որ տարիներ առաջ մարդիկ հաճախ էին խոսում այդ մասին ու զանազան պատմություններ էին պատմում: Ոմանք համառորեն պնդում էին, թե սեփական աչքերով են տեսել ջախջախված մետաղե թռչունը, ու դա օտար երկրի լրտեսական օդանավ է եղել, որը ցած են բերել մեր զենիթայինները` ռեակտիվ հրթիռների օգնությամբ: Բայց առավել գիտակներն անմիջապես հերքում էին այս վարկածը` ասելով, որ հրթիռի հարվածից ինքնաթիռը պարզապես մանր կտորների կբաժանվեր, մինչդեռ Արագածի վրա ընկածն անհամեմատ ամբողջական է ու խորտակիչ հարվածի հետքեր չունի:
Մարդկանց չես մեղադրի վառ երևակայության դրսևորումների համար. լեռան անմատչելի հատվածում քաղաքացիական օդանավի ներկայությունն ուրիշ ի՞նչ ենթադրություններ կարող էր ծնել, առավել ևս, որ ինքնաթիռի իրանի վրա խոշոր տառերով գրված էր` «Air Line»: «Աերոֆլոտից» բացի, այլ մակագրություն չտեսածների համար ամեն մի օտարատառ գրառումից լրտեսության ու դավադրության հոտ պիտի գար: Մինչդեռ իրականությունը, պարզվում է, շատ ավելի պարզ ու հասկանալի էր (եթե հաշվի չառնենք դրա նախապատմության զարմանալի շրջադարձերը):
Անշուշտ, առաջին հայացքից` պիտի զարմանալի թվա, բայց լեռան լանջին հանգչող ինքնաթիռի առեղծվածային պատմության թելերը մեզ նախ և առաջ տանում են ոչ այլ տեղ, քանգ գրախանութ:
Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ 1974 թվականին գրախանութներում հայտնվեց Անրի Թրուայայի «Սգավոր ձյունը» վեպի հայերեն թարգմանությունը:
Ընթերցասերների ջանքերի շնորհիվ գրքի օրինակներն անմիջապես անհետացան վաճառասեղաններից: Բարձրարժեք ստեղծագործություն լինելով հանդերձ` «Սգավոր ձյունը» ստեղծագործության հանրահայտության հարցում քիչ դեր չխաղաց նաև այն փաստը, որ հեղինակը, թեև ֆրանսիացի, բայց ազգությամբ հայ էր: Վեպն այն մասին էր, թե ինչպես լեռներում վթարի է ենթարկվում մի ինքնաթիռ, և երկու եղբայրներ որոշում են գնալ աղետի վայր ու թալանել զոհված ուղևորներին: Բայց այստեղ գտնում են կենդանի մնացած հնդկուհու, և այնուհետև իրադարձությունները ձեռք են բերում դրամատիկ ընթացք:
Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանին այս սյուժեն հատկապես գրավել էր: Եվ նա հաստատապես որոշեց այն վերածել ֆիլմի: «Սգավոր ձյունը» կինոնկարի նկարահանման աշխատանքները «Հայֆիլմը» սկսեց 1978-ին: Գլխավոր դերերում հանդես էին գալիս Արմեն Ջիգարխանյանն ու Գուժ Մանուկյանը: Հասկանալի է, որ ֆիլմի հիմնական իրադարձությունները պիտի ծավալվեին լեռներում` աղետի ենթարկված ինքնաթիռի մոտ: Հայաստանում լեռների պակաս չկար: Բայց որտեղի՞ց գտնել ինքնաթիռը: Ստեղծագործական խումբը հաստատապես որոշել էր, որ ամեն բան պետք է առավելագույնս մոտ լիներ իրականին, այնպես որ, ի սկզբանե բացառվում էին տաղավարային նկարահանումները կամ իբրև բուտաֆորիա ծառայող յուրաքանչյուր ինքնաշեն մակետի առկայությունը: Ու մինչ իրավիճակից ելքեր փնտրելու տարբերակներ էին քննարկում, պատահականությունն իր ոտքով նրանց դուռը եկավ:
Թերևս, նման դեպքերի համար է ասված. «Չկա չարիք` առանց բարիքի»:
Բանն այն է, որ ֆիլմի ստեղծումից հինգ տարի առաջ` 1973 թվականի դեկտեմբերի 21-ին, արտակարգ պատահար էր գրանցվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Այդ մասին առկա պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ ձմեռային ու մառախլապատ մի օր օդանավակայան վայրէջքի էր եկել «Յակ-40» ինքնաթիռը: Վատ տեսողության պայմաններում օդաչուները դժվարացել էին տեղանքում ճիշտ կողմնորոշվել: Արդյունքում` ստացվել էր այն, ինչը մասնագետներն անվանում են «կոշտ» վայրէջք:
Պետք է ենթադրել` պատահարը եղել էր այնքան կոշտ, որ ինքնաթիռն ուղղակի շարքից դուրս էր եկել: Բարեբախտաբար, «Յակ»-ում ուղևորներ չէին եղել, իսկ անձնակազմի 3 անդամները լուրջ վնասվածքներ չէին ստացել: Մի քանի ամիս անց հատուկ հանձնաժողովը որոշեց, որ օդանավն այլևս պիտանի չէ շահագործման համար, և դուրս գրեց: Վիրավոր մեքենան տեղ զբաղեցրեց պահուստային թռիչքուղու վրա: Դժվար է ասել, թե որքան պիտի նա այդպես լքված ու մոռացված մնար, եթե նրա գոյության մասին չիմանային կինոգործիչները:
Ավիացիայի ոլորտի պատասխանատուների հետ համաձայնություն ձեռք բերվեց շատ արագ: Իսկ որ Թրուայայի վեպում դեպքերը ծավալվում էին ալպյան լեռներում, իսկ օդանավն էլ պատկանում էր օտար ավիաընկերության, դա շտկելը նույնպես որևէ բարդություն չէր ներկայացնում: Պետք էր ընդամենը ջնջել ինքնաթիռի տարբերանշաններն ու ռուսերեն գրությունները և փոխարենը` նկարել այդ անորոշ «Air Line»-ը:
Նկարահանման տեղանքը մոտ էր Արագածի լեռնագագաթներին, և հսկա ինքնաթիռն այնտեղ հասցնելը դեռ հոգսերից միայն մեկն էր: Հաջորդը դրա համար ճանապարհ գտնելն էր: Եվ այդ ժամանակ գործի դրվեց ծանր տեխնիկան: Մի քանի մետր հաստություն ունեցող ձյան և սառույցի շերտի մեջ ճանապարհ բացվեց` դեպի նկարահանման հրապարակ: Ինքնաթիռն Արագած տեղափոխվեց երկու մեծ կտորների բաժանելուց հետո: Տեղում հարկ եղավ ևս մի քանի մասնատումներ կատարել` վթարային քաոսայնության տպավորությունը ստեղծելու համար: (Առանձնակի շնորհակալություն է պետք հայտնել բլոգեր Արմեն Գասպարյանին, ում հաջողվել է ընտանեկան արխիվում գտնել այդ օրերին վերաբերող երկու բացառիկ լուսանկար` ինքնաթիռը և ձյուների միջով անցնող ճանապարհը):
«Սգավոր ձյուն» կինոնկարն էկրան բարձրացավ մեկ տարի անց: Ֆիլմի արժանիքների մասին հանդիսատեսի կարծիքը բաժանվեց: Իսկ ի՞նչ ճակատագիր էր վիճակվել գործողության գլխավոր «հերոսին»` ինքնաթիռին: Որքան էլ տարօրինակ թվա, բայց նկարահանումների ավարտից հետո այն այդպես էլ մնաց Արագածի լանջին: Նրանք, ովքեր այսօր պնդում են, թե օդանավն այլևս հին վայրում չէ, ասում են նաև, որ ինքնաթիռը տարել են մարդիկ, ովքեր մասնագիտացել էին արժեքավոր մետաղներ հանձնելու գործում:
Ես չգիտեմ, գուցե նաև այդպես է: Բայց այս պատմությունն ավելի շատ այն մասին էր, թե ինչպես երբեմն միանգամայն տարբեր իրադարձություններ կարող են ամենաանսպասելի շրջադարձերն ունենալ, իսկ անհամատեղելիները կարող են խաչվել, եթե այդպես են կամեցել հանգամանքները:
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ