Քաղաքաշինության նախարարությունը դատի է տվել գյումրեցի մի քանի ընտանիքների. ԳԱԼԱ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գյումրեցի մի քանի ընտանիքների դեմ դատական հայց է ներկայացրել և պահանջում է Մուշ-2 թաղամասի տներից վտարել այն ընտանիքներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել սեփականացնել իրենց բնակարանները: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

Նման ընտանիքների թիվը քիչ չէ, նախարարության կողմից ներկայացված հայցադիմումի մեջ շարադրված են ընդհանուր տվյալներ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնդրի առաջ այսօր կանգնել են մեկսենյականոց բնակարանների սեփականատերերը կամ նրանց ժառանգները, ովքեր չեն հասցրել պետության կողմից տրված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել:

Փաստաբան Աննա Դավթյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, թե նորակառույցների շահագործումից հետո պետությունն իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրատվության կարգով տրամադրել է բնակարանի սպասող շահառու ընտանիքներին, որից հետո նոր բնակարանատերերը կադաստրում պետք է գրանցեին իրենց սեփականության իրավունքը: Գործընթացը որոշ ընտանիքների պարագայում ձգձգվել է, քանի որ հատկապես միայնակ ծեր թոշակառու բնակարանատերերը չեն կարողացել ձեռք բերել սեփականության իրավունք: «Այսինքն նրանք կամ առողջական ծանր վիճակի մեջ են, կամ արդեն իսկ մահացել են, և նախարարությունը նրանց ժառանգներից է պահանջում ազատել բնակարանները, քանի որ նրանք չեն կարող այլևս ժառանգել այն: Ու վաղը չէ մյուս օրը այդ բնակարանները պետք է հատկացվեն այլ ընտանիքների»,- նշել է փաստաբանը: Աննա Դավթյանը գտնում է, որ այս հարցում մեղավորության առավել մեծ չափաբաժինը քաղաքաշինության նախարարությանն է, ուստի նրա կարծիքով հարկավոր է հակընդդեմ հայց ներկայացնել՝ անշարժ գույքի սեփականատեր դառնալու  պահանջով: «Ճիշտ ժամանակին չեն շահագործել այդ շենքերը, ու նաև կա այն կառույցների մեղավորությունը, որոնք չեն զբաղվել փաստաթղթերի ձևակերպման հարցով, այսինքն՝ տվյալ դեպքում քաղաքաշինության նախարարությունը»,- փոխանցել է Աննա Դավթյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս