
«Մեր երկրում ստախոսությունն ու ժողովրդին քցելը, սեփական ժողովրդին խաբելը նորմ են, խաղի կանոն». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ խմբակցությունները իրենց դիրքորոշումը հայտնեցին «գազային պայմանագրերի» առեղծվածը բացահայտելուն միտված ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ: ԲՀԿ խմբակցության անունից ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները ունեն հստակ հարցեր և ցանկանում եմ ստանալ հստակ պատասխաններ: Անդրադառնալով ՀՀԿ մեծամասնության հայտարարություններին, թե իրենց տեղյակ չեն պահել հանձնաժողով ստեղծելու գաղափարի մասին, նա ասաց. «Երեկ այստեղ բարձրացվեց շատ կոնկրետ նախագիծ, որը պարունակում է շատ կոնկրետ հարցեր, բայց մեծամասնության որոշ պատգամավորներ իրենց ելույթներում փորձեցին ուղղակիորեն խեղաթյուրել բարձրացված հարցի բովանդակությունը՝ այն տեղափոխելով բոլորովին ուրիշ դաշտ և զբաղվելով բացահայտ դեմագոգիայով: Հարգելի գործընկերներ, խնդիրը շատ պարզ է՝ ոչ իշխանական չորս խմբակցությունները ցանկանում եմ ստանալ մի քանի հստակ հարցի, հստակ պատասխան, այն է՝ որտեղի՞ց է գոյացել 300 մլն դոլարի պարտք, երբ այս ամբիոնից տարիներ շարունակ էներգետիկայի նախարարը և նրա վերադաս ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել են, որ գազի գինը չի բարձրացել. այսինքն՝ նրանք ուղղակիորեն ստել են: Իսկ ի՞նչ պիտի անեն ստախոս պաշտոնյաները. նրանք ցանկացած նորմալ, ժողովրդավար երկրում կտային հրաժարական, բայց մեր երկրում ստախոսությունը, խաբելը, սեփական ժողովրդին քցելը, սեփական ժողովրդին խաբելը խաղի նորմ են, կանոն: Եվ մեկ րոպե անգամ չկասկածեք, որ այս կառավարությունը այս նույն վարչապետի գլխավորությամբ, այստեղ կնստի և ստոիկյան դեմքի հանդարտությամբ կպատասխանի բոլոր հարցերին՝ հերթական անգամ մոլորեցնելով, խաբելով ու քցելով: Այո, մենք ուզում ենք ստանալ հստակ հարցի հստակ պատասխան»:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց նաև, թե իրենց հետարքրում է՝ ինչո՞ւ է գազը սահմանից սպառող հասնում այնպիսի գնով, որի համար քաղաքացին ի վիճակի չէ վճարել: «Կա ևս մեկ շատ պարզ, տրամաբանական հարց՝ ինչո՞ւ կնքվեց պայմանագիր, որը պահպանելու է մի անընդունելի ստատուս քվո, որը ՀՀ-ին զրկելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրների որևէ հնարավորությունից: Երբ մեր որոշ գործընկերն այստեղ ասում էին, որ միգուցե շատ արժանապատիվ տարբերակ էր 20 տոկոսը նվիրել, չստանձնել նման վասալային պարտավորություններ, մեր որոշ գործընկերներ այդ առաջարկը համարեցին հումոր: Ոչ, դա հումոր չէր, արժանապատիվ կլիներ քսան տոկոսը նվիրելը»:
Դիմելով ՀՀԿ մեծամասնությանը Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարում ստեղծել ժամաակավոր հանձնաժողովը և ստանալ երեք հարցի պատասխան, երբ բոլոր այս տարիներին Արմեն Մովսիսյանն իր «վերադասի գլխավորությամբ տարբեր ամբիոններից հայտարարել է, որ գազի գինը չի բարձրացել»:
ԲՀԿ քարտուղարի գնահատմամբ՝ կա հստակ քաղաքական խաբերության էլեմենտ և «եթե կառավարությունն ունենա արժանապատվություն, վաղուց պիտի հրաժարական տար»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են ոչ իշխանական 4 խմբակցությունները ընտրել հանձնաժողով ստեղծելու տարբերակը, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ասում են՝ լսում կազմակերպեք… Մեզ մի սովորեցրեք, թե ինչպես մենք մեր գործունեությունը, մեր աշխատանքները կազմակերպենք: Ի՞նչն է խանգարում, որ գաք մասնակցեք ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, և հստակ պատասխան ստանանք, որտեղի՞ց է գոյացել 300 մլն դոլարի պարտքը, որը հիմա բերել, ուզում եք «սպիսատ» անեք»: