Հայաստանի ներքին դիվերսանտները

Երեկ առավոտյան ԱԺ-ն ընդունել է մի նախաձեռնություն, որով ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ավելացվել է պատգամավորների թիվը՝ 7-ից դառնալով 11, որոնցից 5-ը հատկացվել է ՀՀԿ-ին, և մեկական տեղ` ՕԵԿ-ին ու ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցություններին: Վերջիններս հայտարարել են, որ այդ հանձնաժողովում ՀՀԿ-ի մեծամասնությունն ապահովելու նպատակ ունեցող փոփոխությունն անընդունելի է, ուստի իրենք անդամներ չեն ներկայացնի, այսինքն՝ կբոյկոտեն հանձնաժողովի աշխատանքը:

Օրվա երկրորդ կեսին ԱԺ-ում սկսվել է ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնության քննարկումը՝ «Գազային պայմանագրերի» հետ կապված մութ հարցերը պարզելու նպատակով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Առաջին հայացքից` իրար հետ կապ չունեցող այս երկու իրադարձություններն իրականում արտահայտում են խորհրդարանական ընդդիմության երկակիությունը, սկզբունքայնության սահմաններն ու կոնյունկտուրային անսահմանությունը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցում իշխանությունը վարվել է ճիշտ այնպես, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ՝ արհեստականորեն ավելացրել է քվեարկությանը մասնակցողների թիվը՝ մեծամասնություն ունենալու նպատակով:

Ավելին, եթե այդ հանձնաժողովի ձևավորման ժամանակ իշխանությունը «քաղաքական սանձարձակությամբ» է դա արել, ապա ընտրությունների ժամանակ արդյունքները կեղծվում են նաև Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների ոտնահարմամբ:

Բայց մեր սկզբունքային ընդդիմությունը ոչ միայն շտապեց վերցնել այդ խայտառակ ընտրությունների արդյունքում իրենց հատկացված մանդատները, այլև սվիններով է ընդունում մանդատներից հրաժարվելու խոսակցությունները՝ դրանց հեղինակներին որակելով` որպես իշխանության պատվեր կատարողներ:

Ուրեմն ինչպե՞ս հասկանալ, որ ընդդիմությունը բոյկոտում է աննշան ու որևէ ազդեցություն չունեցող հանձնաժողովի աշխատանքները՝ միևնույն ժամանակ` գուրգուրելով կեղծված ընտրությունների արդյունքում իրենց բաժին հանված մանդատները: Սա հիրավի սկզբունքայնության բացառիկ դրսևորում է, որի հաջողված փորձը խորհրդարանական ընդդիմությունը ցանկանում է կիրառել նաև «գազային համաձայնագրերի» պարագայում: Ակնհայտ է, որ այդ համաձայնագրերը ծնվել են ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին որոշման արդյունքում:

Մեր ընդդիմադիրները, սակայն, թույլատրելի գծերով քննադատելով այդ որոշումը՝ չհամարձակվեցին դրան առնչվող մութ հարցերը պարզաբանելու նպատակով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկ անել, քանի որ այդպիսով ստիպված կլինեին կասկածի տակ դնել ՄՄ-ին անդամակցելու «պատմական որոշումը»: Իհարկե, «գազային համաձայնագրերն» ու ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունն իրենց ձևաչափով տարբեր փաստաթղթեր են, և մեր ընդդիմադիրները հաստատ կառարկեն, որ մի դեպքում` խոսքը նախագահի կողմից կայացված միանձնյա որոշման, մյուս դեպքում՝ ԱԺ-ի կողմից կասկածելի ընթացքով քվեարկված համաձայնագրերի մասին է: Սակայն դրանք ընդամենը տեխնիկական դետալներ են:

Իր նշանակությամբ ՄՄ-ին անդամակցելու որոշումն անհամեմատ ավելի կարևոր ու ճակատագրական է, իսկ «գազային համաձայնագրերն» ընդամենը` դրա հետևանք: Բայց այս հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը «Հայ-ռուսական» խորհրդարանական ակումբի գործընկերների կողմից կարող էր սխալ հասկացվել, ուստի մեր ընդդիմադիրները բավարարվել են միայն «գազային համաձայնագրերով»գ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, որ ընդդիմության արածը քաղաքական դիվերսիա է:

Նա չի մասնավորեցրել, թե ո՞ւմ դեմ, ըստ ամենայնի` նկատի ունենալով իշխանություններին: Իրականում այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում ու Հայաստանի հետ, իսկապես դիվերսիա է հասարակության ու պետության նկատմամբ: Դիվերսիա, որն իրականացվում է` իշխանությունների, քողածածկվում՝ ընդդիմության կողմից: Գուցե Գալուստ Սահակյանը չի պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր: Դա նորմալ է: Նա Հայաստանի ԱԺ-ի իշխող մեծամասնության խմբակցության ղեկավարն է:

Տեսանյութեր

Լրահոս