Էլիտար Երևանի «շնանոցում» մարդիկ են ապրում

Ազատամարտիկ Արթուրենց տունը շնանոցում է: Տարածքն այդպես են կոչում, քանի որ շինության մեջ նախկինում ոստիկանական շներ են պահել, ու 1990 թվականից Արթուրը մոր հետ եկել է շների տեղը զբաղեցնելու: Շնանոցն իսկական շնանոց է, ու թեև ինչպես` աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում 21-րդ դար է, բայց կառուցվող շենքերը մնում են դատարկ, իսկ շնանոցներում «ապրելու» համար մարդկանց հերթեր են գոյանում: Արթուրի ընտանիքը մեծից փոքր մի տեսակ են:

Աննկարագրելի կաշկանդված, փակված, վախեցած, անգամ խոսել են դժվարանում. տպավորություն է՝ կարծես շփվելու բարդույթներ ունեն: Արթուր Ալավերդյանի մայրը՝ Ռայան, ասում է՝ Բաքվից Հայաստան տեղափոխվելիս կարծում էին` փախստականի կարգավիճակը ժամանակավոր է, բայց պարզվեց՝ ցմահ է: Շնանոցում 20 տարուց ավելի ապրում են թվով մոտ տասը փախստական ընտանիք: Ապրում են ճիշտ այնպես, ինչպես 1990 թվին, քանի որ իրենց համար կյանքը, ժամանակը կանգ է առել:

Artur-soc-Luso (1)

«Որ եկա, գիտե՞ս` հոգեբանական ինչ շոկերի մեջ էի: Էնտեղից փախուստը` մի կողմ, էստեղ էլ՝ ամեն առավոտ աչքդ բացում ես ու դիմացիդ գերեզմանոցն ես տեսնում: Ամեն առավոտ թաղում տեսնելն ու լսելը, էն էլ` մեր կարգավիճակում, ծանր էր, իսկ հիմա՝ սովորական ա: Ամեն ինչն ա սովորական, անգամ էն, որ մեզ ասում են` շնանոցի բնակիչներ: 20 տարուց ավելի եթե քեզ ասեն` շնանոցի բնակիչ, կսկսես հավատալ, որ դու ու շունը նույնն եք»,- ասում է տիկին Ռայան, ով 1990-ին միայնակ է եկել Հայաստան, քանի որ 1988թ. Արթուրին Բաքվից ուղարկել էին Գերմանիա՝ զինվորական ծառայության: Արթուրի կյանքը հրաշքով է փրկվել:

«Գերմանիայում ծառայության ժամանակ Բաքվի ջարդերը սկսվել են, և ծառայությունն ավարտելուց հետո հրամանատարական կազմն ինձ նորից Բաքու էր ուղարկում: Դա մի ճակատագրական պահ էր: Քանի որ ես Բաքվից էի զորակոչվել, իրենք պիտի նույն հասցե զորացրեին ինձ: Մեր սպայական կազմից մի բարի, խղճով գերմանացի ինձ գիշերով ասաց՝ փախի: Էդպես փախա Մոսկվա, հետո` Հայաստան, ու հետո գտա շնանոցն ու մորս»,- պատմում է նա: Այնուամենայնիվ, զինվորական ծառայությունն ավարտած և փախստականի կարգավիճակը շալակած Արթուրն անմիջապես մեկնել է Ղարաբաղ` կռվելու: Չորս տարի անց կանտուզիա ստացած, ոտքից վիրավոր Արթուրին տեղափոխել են Երևանի հոսպիտալ, որտեղ ոտքը 18 անգամ վիրահատելով, այնուամենայնիվ, թեև փրկել են, բայց նա ծնկից ներքև ընդհանրապես չի զգում:

Artur-soc-Luso (2)

Ասում է՝ «Էս ոտքս ինձ համար պրոթեզի նման ա, ոչինչ չեմ զգում, եթե բացեմ, տեսնեք` կսարսափեք: Կրակահերթից միանգամից ոտքս կտրվեց, ռումբերը ջիլերիս միջով անցան, ճիշտ ա, հիմա կպցրած ա, բայց չի աշխատում: Ահագին կարճացրել են, մի հատվածը կտրել, կպցրել են»: 5 տարի առաջ ազատամարտիկը հաշմանդամության համար դիմել է համապատասխան գերատեսչություն՝ կարգ ստանալու:

«Անկեղծ ասած՝ ես էն մարդկանցից չեմ, ովքեր իրանց կարգավիճակն օգտագործում են, որ մի երկու կոպեկ ստանան: Ինձ ասեցին՝ աշխատունակ ես, ու 3-րդ կարգ սահմանեցին: Շատ վիրավորվեցի, էնպես ասեցին, կարծես խաբում եմ: Ասացի՝ դե, եթե համարում եք, որ աշխատունակ եմ նման ոտքով, ուրեմն՝ կաշխատեմ, ձեր 3-րդ կարգը պահեք ձեզ:

Artur-soc-Luso (6)

Artur-soc-Luso (5)

Կարգից հրաժարվելով՝ Մոլիբդենի գործարանում ընդունվեցի աշխատանքի, ու որոշ ժամանակ անց շատ պատահական ամբողջ աջ կողմս թուլացավ: Դարձա անկողնային, ոչինչ չէի զգում: Քանի որ ոտքս ծանրաբեռնել էի՝ ամբողջ մկաններս թուլացել էին, անգամ աչքերս չէին բացվում, չէի տեսնում»,- պատմում է նա՝ ասելով, որ տևական ժամանակ անկողնուն գամվելուց հետո շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց: Մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելով, երկարատև բուժումից հետո արդեն Արթուրին ճանաչել են որպես 1-ին կարգի անաշխատունակ հաշմանդամ: Ախտորոշել են մինոպատիա՝ մկանների թուլացում: Գործարանում կատարվածից հետո Արթուրն առ այսօր մարմնի որոշ մասեր չի զգում, հաճախ առավոտյան աչքերը չեն բացվում, իսկ ոտքը ձեռնափայտի օգնությամբ մի կերպ է քարշ տալիս:

Անհաց են մնում, որ գազի վարձը տան

Օրեր առաջ մեր խմբագրություն էր դիմել նրա մարտական ընկերը՝ Հարությունը, խնդրելով այցելել և ազատամարտիկի ընտանիքի ծայրահեղ վիճակին ծանոթանալ:

«Ինքը շատ պատվախնդիր տղա ա, չէր համաձայնվում, շատ եմ համոզել, որ ինձ թույլ տա Ձեզ հրավիրեմ շնանոց: Պատկերացրեք` էս քյասիբ վիճակում 3-րդ կարգից հրաժարվել ա, վիրավորվել էր, կարծել էին` ստում ա, ու արդյունքն էլ իրա ավելի վատանալն էր: Ինքը շատ լավ մարդ ա, բայց սարսափելի վիճակում են: Պատկերացրե՛ք, կնոջ մոտ արդեն ներվային խեղումներ են սկսվել: Ի՞նչ անի խեղճ աղջիկը, չի դիմանում նեղությանը»,- ասում է Արթուրի մարտական ընկերը՝ վստահեցնելով, որ Շուշանիկն արդեն բուժօգնության կարիք ունի, բայց ո՞վ նրան տանի ու ի՞նչ գումարով…

Artur-soc-Luso (3)

Տարածքում նաև ընդհանուր ճաշարան կա, որը էլի շների ճաշարանն է եղել ու հիմա դարձել է մարդկանց ճաշարան: Արթուրի ընտանիքը հիմա ապրում է իր 80.000 դրամ հաշմանդամության ու մոր 13.000 դրամ ծերության թոշակով: Կոմունալ վճարների, մասնավորապես` սպառած գազի վճարն այս ամիս ընտանիքին թողել է անհաց: Միայն գազի համար վճարել են 50.000 դրամ: Ասում է՝ «Տեսնում եք, էլի, ոնց որ նկուղում ապրենք, պատերը` խոնավ, հատակը՝ բետոն: Վառում-վառում ենք, չի տաքանում: Տղաս բրոնխների հիվանդ ա, չի լավանում, բժիշկն ասում ա՝ տան խոնավությունից ա: Երկու ամիս ա` երեխեքի համար վառում ենք, բայց փոխարենը` հացն ենք խնայողաբար տալիս»: Արթուրն օրերով հաց չի ուտում, որպեսզի երեխաները կշտանան:

Artur-soc-Luso (7)

Հարցնում եմ՝ 20 տարուց ավելի անցել է, բայց փախստականների կենսամակարդակն այսօր ավելի վատ է, ի՞նչ է փոխվել: Տիկին Ռայան պատասխանում է՝ «Մենք ենք փոխվել, առաջ հավատում էինք, իսկ հիմա՝ չէ: Առաջ սպասում էինք, իսկ հիմա՝ չէ: Առաջ հույս ունեինք, իսկ հիմա՝ չէ: Առաջ ամեն առավոտ աչքներս բացելուց` էս գերեզմանատնից սարսափում էինք, իսկ հիմա՝ չէ»:

Աջափնյակ վարչական շրջանի Զոհրաբի 126 հասցեում գտնվող շնանոցի սենյակներն այսօր էլ պետությունը սեփականության իրավունքով չի տալիս փախստականներին: Փախստականներն անգամ հիմա էլ՝ 2014թ., չունեն սեփականություն` նույնիսկ շան բնի տեսքով: «Փախստականների կոմիտեից միշտ գալիս նկարում են, տվյալները վերցնում են, ու գիտե՞ս` որ թվից են ասում՝ ձեզ ուրախացնելու ենքգ Բայց չգիտենք, թե մեզ անընդհատ նկարելով` ովքե՞ր են ուրախանում»,- ասում է տիկին Ռայան:

Հ.Գ. Արթուրին խնդրում եմ ինձ համար տաքսի կանչել: «Բարև ձեզ, կարո՞ղ եք շնանոց մեքենա ուղարկել, մարդ ա եկել, պիտի Պուշկին փողոց հասնի»,- ասում է նա:

Տեսանյութեր

Լրահոս