Հայաստանի «մաքսազերծված» ապագան

«Եթե մենք լրջորեն մտադիր ենք օգնել Ուկրաինային և նախկին Խորհրդային Միության այլ երկրներին՝ փոխակերպվել, ապա Ասոցացման համաձայնագիրը պետք է լինի մեր կողմից առաջին քայլը,- Մյունհենում անցկացված անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ավելացնելով,- Եվրամիությունը պետք է Ուկրաինային առաջարկի անդամակցության հեռանկար: Մենք չենք կարող օգնել այդ երկրներին՝ առանց կիրառելու ամենահզոր գործիքը՝ ընդլայնումը: Չի կարելի պարզապես առաջարկել նրանց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և ասել, որ այն նրանց երբեք չի տա ԵՄ անդամ դառնալու հնարավորություն: ԵՄ-ն պետք է ավելի վճռական լինի»:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրամիությունը, ինչպես և պետք էր սպասել, փոխել է հետխորհրդային երկրների հետ աշխատանքի ոչ միայն՝ մարտավարությունը, այլև՝ ռազմավարությունը: Այդ փոփոխությունները, հասկանալի պատճառներով, այս օրերին առավել ցայտուն զգացվում են հենց Ուկրաինայի հետ հարաբերություններում: Սակայն նույնքան հասկանալի է, որ կախված նույն ուկրաինական զարգացումների հանգուցալուծումից՝ ԵՄ-ի ռազմավարության փոփոխությունը տարածվելու է նաև «Արևելյան գործընկերության» մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

Այսպիսով, Եվրամիությունը «Արևելյան գործընկերությունը», ըստ էության, փոխարինում է «Արևելյան անդամակցությամբ», ինչը սկզբունքային փոփոխություն պետք է համարել ԵՄ քաղաքականության համար: Բնականաբար, նույն «Արևելյան գործընկերությունը» երկարաժամկետ հեռանկարում ենթադրում էր այդ նախաձեռնության մասնակից երկրների անդամակցություն ԵՄ-ին: Սակայն դա, կրկնում ենք, համարվում էր շատ հեռու ապագայի հարց, ավելի շատ տրամաբանորեն ենթադրվող, քան հայտարարվող նպատակ:

Ավելին, նույն ԵՄ պաշտոնյաները ցանկացած առիթով հայտարարում էին հակառակը, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն  ամենևին չի նշանակում՝ անդամակցություն այդ կառույցին, քանի որ դրանք միանգամայն այլ ռեժիմներ են:  Այսօր, սակայն, ԵՄ-ն փոխում է խաղի կանոնները՝ ըստ էության, ակնարկելով, որ  պատրաստ է Արևելյան գործընկերության երկրներին գրեթե միանգամից անդամակցության ռեժիմ տրամադրել:

Իհարկե, սա առայժմ միայն ԵՄ հանձնակատարի հայտարարության մակարդակով հնչած «առաջարկ է», և միայն Ուկրաինայի մասով: Սակայն հասկանալի է, որ նման կարևորագույն հարցերում Շտեֆան Ֆյուլեն չի արտահայտում միայն իր անձնական տեսակետը: Շատ ավելի հավանական է, որ այս հայտարարության միջոցով նա, այսպիսով, ոչ հեռավոր ապագայում՝ որպես ԵՄ-ի կողմից պաշտոնական առաջարկ հնչեցվելիք ծրագրի «անոնսն» է ազդարարում:

Հայաստանի իշխանությունները ցանկացած առիթով հայտարարել են, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ԵՄ-ին անդամակցելու հարց չկա: Սակայն այդ նույն օրակարգում նաև Մաքսային միությանն անդամակցելու հարց չկար, որը, սակայն, առանց օրակարգում հայտնվելու, անցած տարվա սեպտեմբերի 3-ին միանգամից դարձավ որոշում:

Հայաստանի ներկայիս պայմաններում, երբ երկրի ինքնիշխանությունը գրեթե ամբողջությամբ տրվել է Ռուսաստանին, ԵՄ-ին անդամակցության մասին խոսելն անգամ կարելի է անհեթեթություն համարել: Մյուս կողմից, սակայն, մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը նույնքան անհեթեթ կհամարվեր Մաքսային միությանն անդամակցության մասին խոսակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, իրականում հիմնված է հենց անհեթեթության կանխավարկածի վրա:

Ի՞նչ է շահելու Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցությունից, չգիտեն անգամ այդ որոշման ամենաակտիվ ջատագովներն ու անդամակցության գործընթացի վրա աշխատող պաշտոնյաները: Նրանցից շատերն անգամ ազնվորեն հրապարակավ առայժմ թվարկում են միայն ՄՄ անդամակցության վնասներն ու կորուստները: Մինչև վերջերս բոլորն արձանագրում էին, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի ամենակարևոր կորուստը Եվրոպայի հետ ասոցիացման ճանապարհով ավելի մրցունակ, ավելի ժողովրդավարական ու ազատ երկիր ունենալու հնարավորության կորուստն էր:

Վերջին իրադարձությունները, սակայն, ցույց են տալիս, որ այդ կորստի գինը շատ ավելի է մեծանում: Եթե Հայաստանը գոնե կարողանար ժամանակ ձգել և անգամ անցած տարի Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով՝ միաժամանակ չանդամակցեր Մաքսային միությանը, ապա կկարողանար օգտվել հանուն ԵՄ-ի քաղաքականության փոփոխությունից՝ ստանալով շատ ավելին, քան տալու էր Ասոցացման համաձայնագիրը: Այսինքն՝ ռուսներին զարմացնող շտապողականությամբ ՄՄ սուրալով՝ ՀՀ իշխանություններն իրականում օտարեցին ոչ միայն ինքնիշխանությունը, այլև Հայաստանի ավելի լավ ապագան, որը «մաքսազերծվեց» Մաքսային միության ցածր «տարիֆներով»:

Տեսանյութեր

Լրահոս