Հայկական եվրապարտատոմսերը շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը Հայաստանում:
Հիշեցնենք, որ 2013թ.-ին ՀՀ-ն թողարկել և տեղաբաշխել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.0% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր:
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Clearstream Banking Luxemburg-ի միջև ստեղծված կապի միջոցով ապահովվեց ՀՀ եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկի իրականացումը Հայաստանի ֆինանսական շուկայում, իսկ բորսայական առևտրին թույլատրումը իր հերթին կնպաստի եվրապարտատոմսերի հասանելիության բարձացմանը հայաստանյան ներդրողների շրջանում:
«ՀՀ եվրապարտատոմսերը հանդիսանում են ոչ միայն ևս մի ներդրումային այլընտրանք ՀՀ կապիտալի շուկայում, այլ նաև արտասահմանյան համակարգերում գրանցված առաջին արժեթղթերը, որոնք շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ինչը բավականին մեծ նվաճում է և նախադեպ մեր շուկայի համար»,- նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի խոսքով՝ որպես թողարկող, մեզ համար կարևոր է ապահովել եվրապարտատոմսերի գրավչությունն ու իրացվելիությունը, և այսօր տեղական շուկայում պարտատոմսերի կիրառման նոր հնարավորություն է ստեղծվում. «Եվրապարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է այն մասին, որ մեր թիմի կատարած քայլերն այդ ուղղությամբ հաջողվել են»: