Պուտինը փորձում է արդարանալ
Ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները վաղաժամ են համարում գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտիների ձևավորման հնարավորության շուրջ փորձագիտական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին:
«Եվրամիության ղեկավարությանն առաջարկել ենք ուսումնասիրել Եվրամիության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության միջև ազատ տնտեսական գոտիների ձևավորման հնարավորությունը»,- Բրյուսելում կայացած «Ռուսաստան-ԵՄ» գագաթաժողովից հետո հայտարարել է ՌԴ նախագահը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Պուտինի հայտարությանը` ասաց, որ ռուսական կողմը պետք է հանդես գա լրացուցիչ պարզաբանումներով: «Լավ կլինի, որ ռուսական կողմը բացատրի այդ առաջարկի էությունը, լրացուցիչ բացատրություններով հանդես գա` հասկանաք` ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա: Թե ինչո՞ւ է Պուտինը հանդես եկել նման առաջարկով, արդյոք այն կապվա՞ծ է Ուկրաինայում տիրող լարված իրավիճակի հետ, Վլադիմիր Կարապետյանը նախընտրեց չպատասխանել` հորդորելով նման հարցերով դիմել վերլուծաբաններին: Փոխարենը` նա նշեց, որ Հայաստանը Եվրոպական միության հետ համագործակցության ֆորմատ է ընտրել, որը գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով` «շատ ցածր մակարդակի վրա է գտնվում»:
Ըստ նրա` Հայաստանը պետք է շարունակի համագործակցության երկկողմ ֆորմատը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է հետապնդում Վ. Պուտինի առաջարկը: «Ես կարող եմ միայն կարծել, կարծիք հայտնել, որ այդ առաջարկը նպատակ ունի ՌԴ ազգային և պետական շահը առաջ տանելու»,- նշեց նա: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` Հայաստանի հարաբերությունները որևէ միջազգային, միջպետական կազմակերպության հետ կամ անդամակցությունն այդ կազմակերպություններին չպետք է լինի` ի հաշիվ մեկ այլ միջազգային, միջպետական կառույցի հարաբերությունների:
«Երբ տարբեր կողմերից` և ռուսական, և եվրոպական, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ խոսում էին բացառապես այս կամ այն թևի հետ համագործակցելու մասին, մենք միշտ ասում էինք, որ նույն ՌԴ-ն իր հարաբերություններն է զարգացնում Եվրոպայի կամ եվրոպական առանձին պետությունների հետ: Այնպես որ, բոլորն ազատ են գործակցել` իրենք իրենց գործակցությունը պիտի ունենան, մենք` մերը»,- հավելեց պատգամավորը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ էլ` Եվրամիության պաշտոնատար անձանց կողմից Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վերջին քննադատություններն են դարձել նման առաջարկի նախադրյալ: «Նա փորձում է այս կերպ արդարանալ: Դա արդարացումների խոսք էր…»,- նշեց նա: Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Ռուսաստանն ունի տնտեսական վատ ցուցանիշներ, ռուբլին արժեզրկվում է, գազի, նավթի գինն անկում է ապրում, ինչը բարենպաստ չէ ՌԴ-ի համար: «Այս ամենը հաշվի առնելով` ՌԴ նախագահը քաջ պատկերացնում է` ինչ կարող է լինել, ուստի մեղմ դիրքերից է հանդես գալիս, կոչ է անում միասնական տարածք ձևավորել, որովհետև պարզ է, որ միայն այդ պարագայում ՌԴ տնտեսությունը կարող է արագ տեմպերով զարգանալ»,- ասաց նա:
Ա. Մարտիրոսյանն ընդգծեց, որ Պուտինի առաջարկը, իր կարծիքով, կայանում է նրանում, որ Վ. Պուտինը ցանկություն ունի Եվրամիության հետ բանակցել առևտրի այդ գոտու միջոցով. «Ռուսաստանը փորձում էր եվրասիական տնտեսական գոտի ստեղծել, որ հենց Եվրասիական միությունը` միջնորդավորված ձևով, բանակցի Եվրոպայի հետ»: