Անօրինական փողերի արտահոսքն իրականություն չէ. Դավիթ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի ընդունում, որ Հայաստանից անօրինական փողերի արտահոսքը կարող է կրել այնպիսի ծավալներ, ինչպես ներկայացվել էր Global Financial Integrity կազմակերպության զեկույցում (10 տարում 6.2 մլրդ դոլար):
«Եղած ֆինանսական ցուցանիշները նման հետևություններ անել թույլ չեն տալիս, այն չի արտացոլում իրավիճակը մեր երկրում»,- ասաց Դ.Սարգսյանը՝ շեշտելով, որ բոլորովին համաձայն չէ զեկույցի հետ:
Ըստ նրա՝ անօրինական փողերի լվացման փորձերի առանձին դեպքեր գուցե լինում են, բայց, ինչպես հավաստեց Դ.Սարգսյանը, ՀՀ վերահսկող մարմինները աչալուրջ են:
168.am-ի հարցին, որ GFI-ի զեկույցում բերված ցուցանիշները համընկնում են Policy Forum Armenia կազմակերպության ցուցանիշների հետ, և արդյոք նախարարի կարծիքով նման միջազգային կառույցների զեկույցների ազդեցության հետևանքով ընկնում է երկրի վարկանիշը և նվազում են ներդրումները, Դ.Սարգսյանը պատասխանեց, թե ՀՀ վարկանիշը չի նվազել միջազգային ասպարեզում, ինքը ծանոթ չէ այդ կազմակերպությունների հետ և իր համար ընդունելի են Standard & Poor’s, Moody’s և Fitch ընկերությունների վարկանիշերը, իսկ մնացածը «հետաքրքիր վարժություններ են տնտեսագետների համար»:
«Moody’s-ի վերջին վարկանիշը, որը անցած տարվա օգոստոսին էր հրապարակվել, Հայաստանի վարկանիշը մնացել էր նույնը, բայց բացասական կանխատեսումը փոխվել էր կայուն կանխատեսմամբ, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիների կտրվածքով ՀՀ-ում որևէ բացասական իրավիճակ չի ստեղծվի, որի արդյունքում այդ վարկանիշը կվատթարանա»,- ասաց նախարարը:
Դ.Սարգսյանը նաև նշեց, թե ներդրումների ցուցանիշի գնահատանքի միակ միջոցը այն կանխիկ գումարն է, որ ներդրվում է ՀՀ-ում, իսկ այս երկրում ներդրվել է 700 մլրդ դոլար. «Ներդրումային գրավչության տեսանկյունից էական վատթարացում ոչ թե չկա, այլ շատ նորմալ գրավիչ այդ առումով երկիր է ՀՀ-ն»:
Դ.Սարգսյանը նաև նկատեց, թե մենք ապրում ենք երկրագնդում ու այլ երկրների զարգացումները ազդում են ՀՀ տնտեսության վրա, և բոլոր զարգացող երկրներում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նվազում է, իսկ զարգացած երկրներում՝ աճում: Նա դա անվանեց «ցիկլ», որի ավարտից հետո ներդրումների ավելացման ալիքը կզգացվի նաև զարգացող երկրներում: