ՀՀ-ից անօրինական փողերի արտահոսքը հետզհետե ավելանում է. Global Financial Integrity
Օրերս Global Financial Integrity կազմակերպությունը հրապարակել է «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը, որում բավականին ոչ պանծալի կերպով հիշատակվում է նաև Հայաստանը: Զեկույցի հեղինակները նշում են, որ զարգացող երկրները 2011-ին ֆինանսական անօրինական հոսքերի պատճառով կորցրել են 9 տրլն 467 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2010 թ. համեմատ ավելի է 13.7%-ով: Կապիտալի արտահոսքերը հանցավորության, կոռուպցիայի, հարկերից խուսափելու և այլ ապօրինի գործունեության հետևանք են: Անօրինական փողերի արտահոսքը, ըստ էության, նպատակ է հետապնդում փողերի լվացման կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման, ինչն անդրազգային կազմակերպված հանցագործություն է, որի էությունն էլ հենց հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների օրինականացումն է:
Զեկույցում նշվում է, որ 2002-2011թթ. ընթացքում զարգացող երկրները կորցրել են 5.9 տրիլիոն դոլար, իսկ արտահոսքը տարեկան աճել է մոտ 10.2%-ով՝ զգալիորեն գերազանցելով ՀՆԱ-ի աճը:
ՀՆԱ-ի հետ տոկոսային հարաբերակցությամբ անօրինական ֆինանսների ամենամեծ կորուստը կրել են Սահարայից դեպի հարավ ընկած երկրները, որտեղից արտահոսքը կազմում է միջինում ՀՆԱ-ի 5.7 %-ը: Համաշխարհային մասշտաբով՝ անօրինական ֆինանսական արտահոսքերը ՀՆԱ-ի մոտ 4%-ն են կազմում:
Վերջին տասնամյակում անօրինական ֆինանսական արտահոսքերի ծավալով առաջատարը Չինաստանն է՝ 1.08 տրլն ԱՄՆ դոլար: Այնուամենայնիվ, 2011 թ. նշանավորվեց նրանով, որ առաջին անգամ Ռուսաստանի անօրինական արտահոսքերը գերազանցել են Չինաստանին. այսպես՝ նշված ժամանակահատվածում ՌԴ-ից անօրինական փողերի արտահոսքը կազմել է 191.14 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից՝ 151.35 մլրդ ԱՄՆ դոլար:
Զեկույցում 2002-2011թթ. ընթացքում անօրինական փողերի արտահոսքի ծավալով Հայաստանը 144 երկրների ցանկում «պատվավոր» 71-րդ տեղում է՝ 6 մլրդ 229 մլն դոլար գումարով: Ընդ որում՝ ՀՀ-ն զիջում է Մաքսային միության անդամներից ոչ միայն Ռուսաստանին (10 տարում՝ գրեթե 881 մլրդ դոլար), այլև Բելառուսին (75 մլրդ դոլար) ու Ղազախստանին (22 մլրդ դոլար), իսկ տարածաշրջանում՝ Թուրքիային (37 մլրդ դոլար) ու Ադրբեջանին (17 մլրդ դոլար):
Ուշագրավ է, որ 2002-ից ի վեր Հայաստանից անօրինական փողերի արտահոսքը հետզհետե է ավելացել, իսկ 2007 և 2008 թթ. կտրուկ է ավելացել: Հավանաբար պատճառն այդ ժամանակաշրջանում երկրում տիրող խիստ անհանգիստ վիճակն էր, և մեր հայրենի փողատերերը, վստահ չլինելով վաղվա օրվա վրա, գերադասել են իրենց միջոցներն ուղարկել «ապահով» արտերկիր: Հետաքրքրական է, որ 2008-ին Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո միտումը չի նվազել, հակառակը՝ սարից գլորվող ձնագնդի նման ծավալները մեծանում են: Այսպես, եթե 2002-ին անօրինական փողերի արտահոսքը կազմել է 86 մլն դոլար, 2006-ին՝ 386 մլն, ապա 2007-ին երկրից անօրինական ճանապարհով դուրս է բերվել 806 մլն, 2008-ին՝ 1 մլրդ 124 մլն, 2011-ին էլ՝ 1 մլրդ 163 մլն դոլար: Անօրինական ֆինանսական հոսքերի մեծացող ծավալներին, անշուշտ, նպաստում է ՀՀ տնտեսական համակարգը՝ կանխիկի վրա հիմնված գործառնությունների տարածվածությունն ու ստվերային տնտեսության մեծ չափերը:
Վրաստանից նշված 10 տարում անօրինական փողերի արտահոսքը կազմել է 4.53 մլրդ դոլար, սակայն, ի տարբերություն Հայաստանի, այստեղ վերջին տարիներին (2009-ից հետո) արտահոսքի կրճատում է արձանագրվում, և եթե 2002-ին ցուցանիշը կազմել է 243 մլն դոլար, իր գագաթնակետին հասել է 2008-ին՝ 884 մլն դոլար, ապա 2011-ին եղել է ընդամենը 219 մլն դոլար: Այս ցուցանիշով ևս Վրաստանն իրավամբ արժանի է տարածաշրջանի ժողովրդավար երկրի կոչմանը:
Հայաստանում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գործունեությունը մեկնարկել է փողերի լվացման քրեականացմամբ՝ 2003-ին, իսկ ահաբեկչության ֆինանսավորումը քրեականացվել է 2004-ին: ՓԼ/ԱՖ քրեականացումից հետո Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա ներդրվել է բանկերի կողմից կասկածելի գործարքների վերաբերյալ Կենտրոնական բանկին տեղեկացնելու ինստիտուտը: Հետագայում պարբերաբար օրենսդրական փոփոխություններ են կատարվել՝ անօրինական ֆինանսական միջոցների օրինականացման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու միտումով: Ստեղծվել է նաև «ՀՀ-ում դրամանենգության, պլաստիկ քարտերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողով, որը գործում է Կենտրոնական բանկի նախագահի նախագահությամբ:
ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե «արձանագրված առաջընթացն էական է», փողերի լվացում Հայաստանում չկա, իսկ անօրինական ֆինանսական հոսքերի ծավալները մշտապես անվանվում են անչափելի: Այս չինովնիկներին ու նրանց ղեկավարներին, թերևս, արժե մանրակրկիտ ծանոթանալ զեկույցին: