Քեմալ Քըլըչդարօղլուն Ռեջեփ Էրդողանին ու նրա որդուն մեղադրել է կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին մեղադրել է կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Vakıfbank բանկում գոյություն ունի հաշվեհամար, որը պատկանում է Թուրքական երիտասարդությանն ու կրթությանն աջակցելու հիմնադրամին (TÜRGEV), և որի վրա նախորդ տարվա ապրիլի 26-ին փոխանցվել է 99.999.990 դոլար:
Քըլըչդարօղլուն Էրդողանից պարզաբանում է պահանջել տվյալ գումարի ծագման մասին. «Արդյոք դա կաշառք չէ՞: Մենք մեր հետաքրքրասիրությունը կսպառենք եթե դուք հայտարարությամբ հանդես գաք այդ կապակցությամբ»:
Կուսակցապետը Էրդողանին նաև մեղադրել է տվյալ հիմնադրամը կոռուպցիոն ցանցի վերածելու և իր որդուն՝ Բիլալ Էրդողանին, դրանում ներգրավելու մեջ, ով հանդիսանում է հիմնադրամի ղեկավարներից մեկը: Քըլըչդարօղլուն հավելել է, որ Էրդողանն Իզմիրի նահանգում երկու շքեղ առանձնատուն է ստացել ոմն գործարարից՝ տվյալ գոտում առանձնատների կառուցումը դյուրացնելու դիմաց: