Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Հունվարի 26-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա գտնվեցին այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը:

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և տիկին Վերա Սեդրակյանին, ինչպես նաև ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանին և տիկին Անժել Սինանյանին:

Հանդիպման ընթացքում տիար Սեդրակյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀԲԸՄ կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը նաև քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական և սոցիալական ծրագրերը, եկեղեցական կյանքին առնչվող զանազան խնդիրներ: Նորին Սրբությունն այս առիթով իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին և ՀԲԸՄ անդամներին՝ նրանց եկեղեցանվեր ոգու և ՀԲԸՄ կողմից Հայ Եկեղեցուն ու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող մշտական զորակցության, ինչպես նաև ազգոգուտ և հայրենաշեն նվիրյալ գործունեության համար:
Մասնավոր անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին, ինչպես նաև Մայր Աթոռի և Հայ Եկեղեցու թեմերի կողմից Սիրիայի հայ համայնքին, Հայաստանում և այլ երկրներում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող օգնությանը:

Վեհափառ Հայրապետը և ՀԲԸՄ նախագահը, իրենց մտահոգությունն արտահայտելով Սիրիայում տիրող ծանր կացության առնչությամբ, կարևոր նկատեցին աշխարհասփյուռ հայության և ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ հակամարտության դժվարությունները կրող հայորդիների:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ ներկայացուցիչներն արծարծեցին նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցեր: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն ընդգծեց կարևորությունը տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումների, որոնք պիտի նպաստեն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ներկայացրեց Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման ուղղությամբ Հայ Եկեղեցու Սրբադասման հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք քննության պիտի առնվեն տարեվերջին գումարվելիք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետին, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ իր առաքելությանը և եկեղեցասեր ոգուն, պիտի շարունակի ըստ ամենայնի իր աջակցությունը բերել Մայր Աթոռին և նրա ազգանվեր ծրագրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս