Վլադիմիր Գասպարյանի ձախողված մեթոդը

Եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշի հետևել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կամ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրինակին ու թեկնածուական կամ, գուցե, դոկտորական թեզ պաշտպանի, ապա նրա մոտ դա, թերևս, ամենալավը կստացվի «Անձնակազմի կառավարում» թեմայով: Վլադիմիր Գասպարյանն՝ իր գիտական աշխատության մեջ հղում անելով սեփական փորձին, կարող է ներկայացնել կադրային տեղաշարժերի տասնյակ օրինակներ՝ գիտականորեն հիմնավորելով, որ կադրերի մեխանիկական տեղափոխությունը որևէ կերպ չի ազդում աշխատանքի արդյունավետության վրա:

Ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո Վլադիմիր Գասպարյանը եթե ոչ՝ ամեն շաբաթ, ապա՝ ամիսը գոնե մի քանի անգամ կադրային տեղափոխություններ է կատարում՝ մի մարզի ոստիկանապետին ազատում է աշխատանքից, նշանակում մեկ այլ մարզի ոստիկանապետ, ու՝ հակառակը, որևէ վարչության պետի ուղարկում է կադրային ռեզերվ՝ այնտեղից համակարգ վերադարձնելով նախորդ ուղարկվածներին, ու՝ հակառակը: Գասպարյանն իր կադրային տեղափոխությունները հաճախ հիմնավորում է լիրիկական ու պաթետիկ զեղումներով՝ խոհափիլիսոփայական մտքեր արտահայտելով ոստիկանի դերի ու կերպարի մասին: Պետք է խոստովանել, որ դա նրա մոտ բավական լավ է ստացվում:

Երեկ Ոստիկանապետը հերթական փոխատեղումներն է կատարել՝ Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնում նշանակելով տակավին վերջերս Գեղարքունիքի մարզից Կոտայքի մարզ տեղափոխված ոստիկանապետերից մեկին: Պատճառը, ինչպես գրում է մամուլը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հերթական «քաջագործություններն» են, որոնց դեմ, ինչպես մամուլին փոխանցել են ոստիկանական համակարգի աղբյուրները, մարզի իրավապահները «դուխ չեն արել» քայլեր ձեռնարկել: Վլադիմիր Գասպարյանն էլ՝ իրեն հատուկ ոճով, ջղայնացել է ու նշանակել ավելի «դուխով տղերքի»:

Դա, ինչպես ասում են, հին ու բարի ավանդույթ է: Ամեն անգամ, երբ Վարդան Ղուկասյանը կամ նրա մերձավորները որևէ «դեբոշ» են սարքում, Ոստիկանապետը զայրանում է՝ երբեմն զայրույթը համեմելով «գողականների» մասին դատողություններով, հերթական «դուխով» ոստիկանապետին նշանակում այդ մարզում՝ մինչև հաջորդ միջադեպը:

Այս գործընթացը, բացի դիտարժան լինելուց, որևէ արդյունք չի տալիս: Ոչ այն պատճառով, որ յուրաքանչյուր հաջորդ ոստիկանապետ պակաս «դուխով» է, այլ՝ որովհետև Հայաստանում նման հարցերը լուծվում են ոչ թե անվեհեր ու համարձակ ոստիկանների օրինական գործողություններով, այլ քաղաքական որոշումների արդյունքում:  Հայաստանի քաղաքական էլիտայի երբեմնի ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը թեև այլևս «առաջին շարքերում չէ», սակայն նաև անպատիժ մնալու որոշակի արտոնություն ունի, ինչը գործով ապացուցում է առնվազն մի քանի ամիսը մեկ: Նրան այդ արտոնությունը տրվել է ամենաբարձր մակարդակով, և որևէ «դուխով» ոստիկան չի կարող նրանից խլել այն, մինչև չսպառվի իշխանական ինդուլգենցիայի ժամկետը:

Վլադիմիր Գասպարյանը, բնականաբար, այդ մասին գիտի առավել, քան  որևէ մեկը Հայաստանում: Բայց քանի որ այդպիսին են խաղի կանոնները, շարունակում է հավատարիմ մնալ խաղի ու ժանրի այդ կանոններին:

Վերջին օրերին մամուլում հաճախ են տեղեկություններ շրջանառվում այն մասին, որ առաջիկայում իշխանությունները պատրաստվում են «լուրջ կադրային փոփոխությունների»: Այդ լուրերի համաձայն՝ աշխատանքից հեռացվելու են մի քանի մարզպետներ, անգամ՝ նախարարներ,  մի քանիսի պաշտոնները «փոխատեղվելու» են: Այսինքն՝ իշխանությունները, ըստ ամենայնի, որոշել են Վլադիմիր Գասպարյանի «մեթոդը» կիրառել համապետական մասշտաբով: Կկատարվե՞ն այդ փոփոխությունները, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկայում: Ակնհայտ է, սակայն, որ մարզպետների կամ նախարարների մեխանիկական փոփոխությունը ունենալու է նույն էֆեկտը, ինչ Վլադիմիր Գասպարյանի կողմից՝ ոստիկանական համակարգում կատարվող տեղաշարժերը: Այսինքն՝ որևէ էֆեկտ չի ունենալու:

Որպեսզի որևէ փոփոխություն արդյունք ունենա, պետք է փոխվեն առաջին հերթին՝ խաղի կանոնները, որոնց ենթարկվելու պարտավորվածությունն անգամ ամենաազնիվ ղեկավարին կամ ոստիկանին դարձնում է վատ պաշտոնյա ու վատ ոստիկանապետ: Իսկ խաղի կանոնների փոփոխությունը նշանակում է, որ ներքին պայմանավորվածությունների, «տղայական ագավորկեքի» փոխարեն՝ պետք է գործեն Սահմանադրությունն ու օրենքները: Այդ դեպքում, սակայն, Հայաստանում տեղի կունենա ոչ թե ոստիկանապետերի կամ մարզպետների, այլ նրանց նշանակողների փոփոխություն:

Այնպես որ, ավելի շուտ Վլադիմիր Գասպարյանը «Մարդկային ռեսուրսների կառավարման» ասպարեզում ունեցած ավանդի համար Նոբելյան մրցանակի կարժանանա, քան նրա իրականացրած կադրային փոփոխությունները կնպաստեն հանցավորության դեմ պայքարին:

Տեսանյութեր

Լրահոս