
Տեր Վահրամ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն չի ճանաչում այդ թուրք ազգայնականին. aysor.am

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն չի ճանաչում այդ թուրք ազգայնականին և նրա հետ որևէ հանդիպում չի ունեցել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին համացանցում տարածված Կաթողիկոսի և թուրք ազգայնական Հասան Օքթայի լուսանկարը:
«Կաթողիկոսը չի ճանաչում այդ մարդուն և պիտի ասեմ, որ Մայր Աթոռում ամեն օր հազարավոր ուխտավորներ են լինում, այդ թվում՝ այլազգիներ: Տարածքում տեսնելով Վեհափառին՝ շատերն են ցանկանում լուսանկարվել նրա հետ: Տարածված լուսանկարն էլ նման մի դեպքի արդյունք է»,- ասել է Տեր Վահրամը ևս մեկ անգամ ընդգծելով, որ ոչ մի հանդիպում Կաթողիկոսի և Օքթայի միջև չի եղել: