Թուրքագետ Հակոբ Չաքրյանը պատմում է «գորշ գայլերի» և թուրք ազգայնամոլի հետ հանդիպման մասին
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ` թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի այցի և վերջինիս հետ նրա հանդիպման մասին պարզաբանելու համար:
Հիշեցնենք, որ երեկ yerkir.am-ը, հղում կատարելով Հասան Օքթայի ֆեյսբուքյան էջին, հրապարակեց լուսանկարներ , որտեղ թուրք ազգայնամոլը պատկերված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև մի քանի թուրքագետների փորձագետների,այդ թվում` Հակոբ Չաքրյանի հետ: Այս փաստը հայկական մամուլում դարձավ լուրջ քննարկման համար: Ի դեպ, Չաքրյանի կարծիքով` վարչապետ Տիգրան Սարգսյանը և կաթողիկոսը չեն ընդունել Օքթային, իսկ լուսանկարներըը, հավանաբար, ավելի վաղ են կատարվել` ինչ-որ միջոցառման ժամանակ:
Չաքրյանն ասաց, թե վերջին երկու օրերին լրագրողներն անհանգստացած զանգել և հարցրել են, թե ինչպե՞ս է ինքն ազգայնականին հրավիրել իր տուն, արդյոք չի՞ վախեցել:
«Նախ` ես Հայաստանում որևէ թուրքից վախենալու խնդիր չունեմ, հետո նա ազգայնական չէ, ազգայնամոլ է, որովհետև, երբ խոսքը վերաբերում է հայերին, բոլոր թուրքերն են ազգայնական` չհաշված որոշ մտավորականների»,- նշեց Չաքրյանը:
Նախևառաջ` թուրքագետ Հակոբ Չաքրյանը հարկ համարեց պատմական ակնարկ կատարել և հիշեցնել, թե ովքե՞ր են «գորշ գայլերը», և ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կազմակերպությունը:
Հասան Օքթայը «Ազգայնական շարժում » կուսակցության վարչության անդամ է, իսկ «Ազգայնական շարժում » կուսակցությունը, որը ստեղծվել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նաև նեոֆաշիստական կուսակցություն է: Հենց «Ազգայնական շարժումն» է «գորշ գայլերի» քաղաքական հենարանն ու հովանավորը:
«Սրանց երբեմնի առաջնորդը Ալփարսլան Թյուրքեշն էր, Թուրքիայի առաջադեմ շրջանակներում նրան ներկայացնում են որպես «թուրքական ֆյուրեր»: Եվ այս կուսակցությունը երկար տարիներ գաղտնի ծառայությունների հետ սերտ կապի մեջ է եղել: Իսկ Թյուրքեշը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական գաղտնի ծառայությունների գործակալ է եղել, 50-ական թվականներին սկսել է համագործակցել Կենտրոնական հետախուզական վարչության, 70-80-ական թվականներին` «Մոսադի» հետ` ընդդեմ «ԱՍԱԼԱ»-ի, և միասնաբար գործողություններ են իրականացրել: 90-ական թվականներին «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի վարչության անդամներ են Հասան Օքթայը և Թյուրքեշը, «զգոն թուրքերին» գործուղել է Ղարաբաղ` կռվելու հայերի դեմ: Այս թուրքերը նաև Խոջալույում էին ու Շուշիում: Մինչև 92 թիվը թուրք վարձկանների թիվը (նրանց «զգոն թուրքեր» են կոչում) հասնում էր երեք հազարի: Այդ մասին ինքս չեմ հորինել. թուրքական մի շաբաթաթերթից եմ վերցրել, կոչվում է «Գերչեկ»»,- ասաց Հ. Չաքրյանը:
Հետո նա պատմեց ազգայնամոլ Օքթայի հետ օրերս կայացած հանդիպման մասին: Նշեց, թե երբ իր տանը Օքթայի հետ խոսել է Ղարաբաղի մասին, նրան հիշեցրել է, որ նրա կուսակցությունը «զգոն թուրքերին» ուղարկել է Ղարաբաղ, ինչը ոչ թե միջամտություն է, այլ անմիջական մասնակցություն ղարաբաղյան պատերազմում: «Նրանք Խոջալույում էին, Շուշիում, հայ ազատամարտիկներին տեսնելով` զենքը շպրտեցին և իրենց ազերի եղբայրների հետ, կներեք արտահայտությանս համար, շան պես փախան: Հասանն ասաց. «Զենքը չեն շպրտել, վաճառել են»: Ասացի. «ինչո՞ւ պետք է վաճառեին, երբ մերոնք միջանցք էին բացում, որ սրանք փախչեն, էդպես առանց փողի կվերցնեին»,- պատմեց Հ. Չաքրյանը:
Վերջինիս խոսքերով` ինքն Օքթայի հետ ծանոթացել է 5-6 տարի առաջ, բայց ընկերոջ մասին խոսք լինել չի կարող. «Դա ինձ ի՞նչ ընկեր»:
Ըստ Չաքրյանի` Օքթայը Երևանում ուղեկցել է թուրքական «Անադոլու» գործակալության ներկայացուցչին` արտաքին լուրերի բաժնի խմբագիր Օգյուն Դուրուին, և այցի նպատակը Երևանում «Անադոլու» գործակալության գրասենյակ բացելն է եղել: Թուրքերն այս հարցով դիմել են Չաքրյանին, ով իր հերթին զանգել է արտգործնախարարին: Իսկ արտգործնախարարությունն, ըստ Չաքրյանի, արդեն տեղյակ է եղել: Թուրքագետը Օքթային ասել է, թե այդ գրասենյակը կբացվի այն դեպքում, եթե հայկական կողմն էլ համապատասխան գրասենյակ բացի Անկարայում: Ըստ Չաքրյանի` այդ գրասենյակի բացումը Երևանում սկզբունքորեն տրամաբանական է, քանի որ ավելի լավ է, որ լրագրողը հայաստանյան իրադարձությունների մասին հաղորդի Երևանից, քան թուրքական գործակալությունն օգտվի ադրբեջանական լրահոսից:
Մեր հարցին, թե «Անադոլու» գործակալության գրասենյակը Երևանում ի վերջո բացվելո՞ւ է, թե՞ ոչ, Հ. Չաքրյանը պատասխանեց, թե խոսել է արտգործնախարարության հետ, և իրենք իրատեսական չեն համարում: «Ինձ ասացին, որ հավանաբար թուրքերը չեն համաձայնի մեր առաջադրած պայմաններին»,- նշեց նա:
«Գորշ գայլեր» կազմակերպության մասին թուրքագետն ավելացրեց, թե Թուրքիայի գործող իշխանության` Էրդողանի օրոք այնքան ակտիվ չեն, և ենթադրեց, թե գաղտնի ծառայությունների հետ էլ հավանաբար այլևս սերտ կապեր չունեն, քանի որ «Ազգայնական շարժումն» արդեն խորհրդարանում է: Բայց նշեց ևս մի հետաքրքիր փաստ «գորշ գայլերի» մասին ` «նրանք գիշերները նաև ոռնում են»:
«Ինչ վերաբերում է Հասանին, չեմ կարող բացահայտ ասել, որ գործակալ է, բայց պետք է համագործակցի եթե ոչ գաղտնի ծառայությունների, ապա գոնե արտգործնախարարության հետ, որովհետև, որքան ինձ հայտնի է, նա շուտ-շուտ է Հայաստան գնում գալիս: Եթե Թուրքիայից ինչ-որ մեկն այդքան հաճախ Հայաստան է գնում-գալիս, քիթը խոթում է ամեն տեղ, ու նրան չեն անհանգստացնում, ուրեմն պետք է որ հավանություն ստացած լինի իր այցերի համար:
Ինչ վերաբերում է այդ կապիկությանը, առանց իմանալու` կարծես լավություն է արել: Իհարկե, բացի կապիկությունից` դա նաև լկտիություն է`«գորշ գայլերի» նշանով Հայաստանում նկարվելը: Դրանով իր դեմքն է ցույց տվել: Ազերի եղբայրներին այդ նկարներով ցույց է տվել, գնում հայերի հետ է «ախպերանում»…Բացի այդ` վնաս է պատճառել «Անադոլու» գործակալությանը»,- ավելացրեց Հակոբ Չաքրյանը: