
Իրանի ածխաջրածնային պաշարները գնահատվում են 30 տրիլիոն դոլար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ածխաջրածնային պաշարները՝ նավթը, գազը և կոնդենսատը, գնահատվում են 30 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Մողադդամը՝ ընդգծելով, որ այդ հաշվարկը կատարվել է մեկ բարել նավթի գինը 100 դոլար գնահատելով:
Մողադդամն ընդգծել է, որ Իրանում ածխաջրածնային պաշարների ողջ մշակման ընթացքում արդյունահանվել է մոտ 8 տրիլիոն դոլարի ածխաջրածին. «Երկիրը պետք է խնայի իր նավթային ու գազային պաշարները, ինչպես նաև նվազեցնի դրանց եկամուտներից իր կախվածությունը»:
BP-ի տվյալներով՝ Իրանը գազային պաշարներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ նավթի ապացուցված պաշարներով՝ չորրորդ տեղը: Մողադդամն ընդգծել է, որ Իրանը պետք է սկսի նավթի սեփական վերամշակում՝ խուսափելու համար թանկարժեք նավթամթերքի ներկրումից: